Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2025
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.03.2025
Подписан
Նախագահող
Дата подписания
17.03.2025
Дата вступления в силу
17.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10966/05/24
2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10966/05/24

Նախագահող դատավոր՝

 Մ. Մելքումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

քՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի մարտի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Կարեն Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ` Կարեն Ղազարյան՝ Ծառայության 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշումը։ Միաժամանակ Ընկերությունը ներկայացրել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Չիլինգարյան) 06092024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը բավարարվել է՝ կասեցվել է 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշման կատարումը՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Երրորդ անձ Կարեն Ղազարյանը 05.11.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին ՀՀ վարչական դատարանի 06.09.2024 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Չիլինգարյան) (այսուհետ` Դատարան) 08112024 թվականի որոշմամբ Կարեն Ղազարյանի միջնորդությունը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 06.09.2024 թվականի որոշումը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով, վերացվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27122024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ վերացվել է Դատարանի 08.11.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Կարեն Ղազարյանը (ներկայացուցիչ՝ Արեն Սիմոնյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, չի կիրառել ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1576 որոշման և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ6/0311/05/23 վարչական գործով կայացված որոշման մեկնաբանությունները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից և փաստացի քննել է վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայության հարցը, մինչդեռ քննության էր ենթակա բացառապես կասեցման որոշումը վերացնելու հիմքերի առկայությունը (բացակայությունը), մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ միջնորդությամբ ներկայացված այլ ապացույցները չեն չեզոքացնում հայցվորին զգալի վնաս պատճառելու վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել և գնահատական չի տվել երրորդ անձի կողմից ներկայացված այն փաստին, որ ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում ընդունված պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու որոշման կատարման կասեցման հարցին, որն ըստ էության վերաբերում է նույն վարչական վարույթին և առարկային։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նյութական առումով հայցվոր Ընկերությանը զգալի վնաս չի պատճառվի համապատասխան գումարը վերջինիցս բռնագանձելու դեպքում։

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ6/0311/05/23 վարչական գործով գտել է, որ Ընկերության կողմից ներկայացված փաստերը, որոնք կրկնվում են սույն գործով ներկայացվածի հետ, այդ թվում նաև՝ այն դիրքորոշումը, որ կատարողական թերթով նախատեսված գործողությունները կատարվելու պարագայում հայցվորն առերևույթ անօրինական վարչական ակտի հետևանքով կզրկվի իր սեփականությունից, ծանրակշիռ չեն և չեն կարող ձևավորել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ կարող է իրավունքների պաշտպանությունը դարձնել անհնարին։ Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հատկապես ուշադրություն պետք է դարձնել այն փաստին, որ վիճարկվում է այնպիսի վարչական ակտ, որն ուղղված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման ապահովմանը։

Վերաքննիչ դատարանը, ցուցաբերելով ակնհայտ կողմնակալ մոտեցում, անտեսել է նաև այն փաստը, որ սույն գործով վիճարկվում է մեկ այլ դատարանի կողմից կայացված վճռի կատարմանն ուղղված վարչական ակտ, ինչը վճիռը չկատարելու հայցվորի հերթական փորձն է, ինչի վերաբերյալ քննչական մարմիններում նախաձեռնված է նաև քրեական վարույթ։

Նման պարագայում անթույլատրելի է Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, համաձայն որի՝ գնահատականի չեն արժանանում և չեն ստուգվում երրորդ անձի կողմից ներկայացված փաստարկները, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված դիրքորոշմանը հակառակ ստուգվում է միայն վարչական ակտը կասեցնելու հիմքերի առկայության փաստը և դրանք «չեզոքացնելու» հանգամանքների բացակայությունը։ Անկողմնակալ անձի մոտ հարց կարող է առաջանալ, թե դատարանի տրամաբանությամբ ինչպե՞ս կարելի է չեզոքացնել հայցվորի առևտրային իրավաբանական անձ հանդիսանալու և գումարի չափի հանգամանքները։ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման համաձայն ստացվում է, որ անձի՝ միայն առևտրային իրավաբանական անձ հանդիսանալու կարգավիճակի և գումարի չափի առկայությունը բավարար է իր դեմ ուղղված վարչական ակտը կասեցնելու համար, իսկ այն վերացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նշված հանգամանքները չեզոքացնող փաստեր, ինչն օբյեկտիվ իրականության մեջ անհնարին է։ Նշվածով է պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմնակալ մոտեցման ակնհայտությունը։

Հատկանշական է այն, որ մեկ առևտրային կազմակերպության համար գումարի համապատասխան չափը կարող է նյութական առումով զգալի լինել, իսկ մեկ այլ կազմակերպության համար աննշան, հաշվի առնելով նաև, որ Ընկերությունը հաշվարկել և վճարել է համապատասխան աշխատակցին համապատասխան գումարի չափով աշխատավարձ, որի չափով և հաշվարկվում է բռնագանձման ենթակա գումարի չափը։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պետք է կատարվի, անկախ նրանից դրանով սահմանված բռնագանձման ենթակա գումարի չափը զգալի ծավալների է հասնում, թե՝ աննշան։

Վերաքննիչ դատարանն այսպիսով անտեսել է այն փաստը, որ ներկայացված հանգամանքների հաշվառմամբ ոչ թե չի վերացել վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունը, այլ այդպիսի անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայել է, ինչը հաստատվել է նաև Դատարանի կողմից։ Ինչ վերաբերում է Դատարանի կողմից վարչական ակտը կասեցնելու մասին որոշման կայացմանը, ապա ներկայացված հանգամանքները դատարանի առջև բացահայտված չեն եղել, ինչը բացահայտվելու պարագայում ոչ թե այդպիսով վերացել է վարչական ակտի կասեցման անհրաժեշտությունը, այլ պարզվել է այդպիսի անհրաժեշտության ի սկզբանե բացակայությունը։

Վերաքննիչ դատարանը քննության չի առել և չի գնահատել ներկայացված այն փաստը, որ հայցվորը, նմանատիպ միջնորդություններ ներկայացնելով, որոշումները բողոքարկելով, չարաշահում է դատավարական իրավունքը, ձևական առումով օգտվելով օրենսդրությամբ իրեն ընձեռնված հնարավորություններից՝ փորձում է իր համար դրական արդյունքի հասնել:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման և լուծման շրջանակներում արդյո՞ք կարող են գնահատման առարկա դառնալ վարչական ակտի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները։

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց ներկայացնելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է Օրենսգրքով սահմանված վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով կանխարգելվում է հայցվորին պատճառվելիք զգալի վնասը կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով նշված դատավարական ինստիտուտի նպատակը, արձանագրել է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակը, (․․․) նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01092023 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

41) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ,

4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

(…)

9) նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

(…)։

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները

- Վարչական ակտի կատարման կասեցումը կիրառվում է միայն վիճարկման հայցի (Օրենսգրքի 66-րդ հոդված) հիման վրա հարուցված գործերով։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի։

- Օրենսգրքով սպառիչ կերպով սահմանված դեպքերում վարչական ակտի կատարումն ինքնաբերաբար չի կասեցվում վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով, սակայն համապատասխան միջնորդության առկայության դեպքում վարչական դատարանը կարող է գործի քննության ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

- Վարչական ակտի կատարումը ենթակա չէ կասեցման օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

- Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի ինչպես վարչական ակտի կատարումը կասեցնելու, այնպես էլ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները։

- Օրենսդիրը, ամրագրելով վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու իրավական հնարավորություն, չի սահմանել դրա կոնկրետ հիմքերը։

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու հիմքերն ու պայմաններն անհրաժեշտ է համարել հստակեցնել վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի՝ վերը նշված գործառույթի ու նպատակի լույսի ներքո և վարչական ակտի կատարումը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերի համատեքստում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունը կարող է ստուգվել վերաքննության կարգով համապատասխան որոշումը բողոքարկելու միջոցով, և այս մեխանիզմը միակն է, որի շրջանակներում կարելի է անդրադառնալ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման հիմքում դրված փաստերի ու ապացույցների քննարկման արդյունքում ձևավորված եզրահանգման իրավաչափությանը։ Այլ կերպ՝ վերաքննության կարգով բողոքարկման արդյունքում վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունը ստուգելու շրջանակներում է միայն, որ գնահատվում է ՀՀ վարչական դատարանի կողմից որոշումը կայացնելու պահի դրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։

Միաժամանակ, օրենսդիրը, նկատի ունենալով, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման ընդունումից հետո հնարավոր է փաստական վիճակի փոփոխություն, ի պաշտպանություն վարչական ակտի հասցեատիրոջ շահերի, նախատեսել է նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու իրավական հնարավորություն: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վարչական ակտի կատարումը կասեցնելու գործառույթն ու նպատակը, ինչպես նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերը, արձանագրել է, որ նախ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը կարող է վերացվել, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշման կայացումից հետո տեղի ունեցած փաստական դրության փոփոխության ուժով վերացել է կիրառված կանխարգելիչ դատավարական միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այն է՝ այլևս առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Այլ կերպ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը կարող է վերացվել այն դեպքում, երբ առկա է գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որպիսի պայմաններում վարչական ակտի կատարումը կասեցնելն այլևս չի ծառայում իր գործառույթին ու նպատակին և դառնում է ինքնանպատակ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ որպես կանոն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս ՀՀ վարչական դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, փաստերն ու ապացույցները, ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի և (կամ) ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժեր վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ վարչական ակտի կատարումը կասեցնելիս դատարանի տրամադրության տակ չի գտնվել այնպիսի փաստ և (կամ) ապացույց, որի առկայության պայմաններում դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման քողարկված բողոքարկման օրենսդիրն արդեն իսկ նախատեսել է այդ որոշման անմիջական բողոքարկման իրավական հնարավորություն: Ըստ այդմ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման շրջանակներում չի կարող գնահատման առարկա դառնալ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։

Ի ամփոփումն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը կարող է վերացվել, եթե

- վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ ներկայացված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի և (կամ) ապացույցի լույսի ներքո գնահատելով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այլևս առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկած, կամ

- դատարանը, գնահատելով վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված և վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը և (կամ) ապացույցը, եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, վարչական ակտի կատարումը կասեցնելու (կասեցումը մերժելու) որոշման բողոքարկման շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ստուգման է ենթակա ՀՀ վարչական դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու պահի դրությամբ գոյություն ունեցած փաստական վիճակում վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։ Մինչդեռ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման արդյունքում ընդունված որոշման բողոքարկման շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ստուգման է ենթակա կասեցման որոշումը վերացնելու վերը նշված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։

Ըստ այդմ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման արդյունքում ընդունված որոշման բողոքարկման շրջանակներում չի կարող քննության առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու պահի դրությամբ գոյություն ունեցած փաստական վիճակում վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայության (բացակայության) հարցը։ Հակառակ դեպքում կխախտվի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի պարտադիրության սկզբունքը (տե՛ս, Սպարտակ Թադևոսյանն ընդդեմ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի թիվ ՎԴ/3638/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.112023 թվականի որոշումը)։

Այսպիսով, վերոշարադրյալ իրավական նորմերի և մեկնաբանությունների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության և վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում գնահատման ենթակա հարցերի շրջանակն էապես տարբերվում է իրարից։ Այսպես՝

 - վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում պարզման ենթակա հիմնական հարցն այն է, թե առկա է արդյոք հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այս միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշումը ենթակա է բողոքարկման, որպիսի իրավունքի իրացման ընթացքում է հնարավոր միայն բարձրացնել վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության վերաբերյալ կայացված որոշման հիմնավորվածության ու իրավաչափության հարցը,

 - վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում պարզման ենթակա հիմնական հարցն այն է, թե վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումից հետո առկա է արդյոք ի հայտ եկած նոր փաստ և (կամ) ապացույց, փաստական դրության փոփոխություն, որոնց առկայության պայմաններում վերանում է վարչական ակտի կատարման կասեցումը պահպանելու անհրաժեշտությունը, կամ առկա է այնպիսի փաստ և (կամ) ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշում կայացնելիս, որպիսի փաստին և (կամ) ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։ Այս միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշումը ենթակա է բողոքարկման, որպիսի իրավունքի իրացման ընթացքում հնարավոր է բարձրացնել վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու միջնորդության վերաբերյալ կայացված որոշման հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ինչը որևէ պարագայում չի կարող վերածվել վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման քողարկված բողոքարկման։

 Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման և լուծման շրջանակներում որևէ դեպքում գնահատման ենթակա չեն կարող լինել վարչական ակտի կատարման կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները, որոնք արձանագրվել են վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և չվերացված որոշմամբ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԼԴ2/1713/02/20 քաղաքացիական գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08052023 թվականին տրված կատարողական թերթի համաձայն՝ պետք է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 25.06.2020 թվականի թիվ 096-Կ հրամանը, Կարեն Ղազարյանին վերականգնել իր նախկին՝ Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում, Ընկերությունից հօգուտ Կարեն Ղազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով՝ մինչև Կարեն Ղազարյանին աշխատանքում փաստացի վերականգնելը։

Ծառայության 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշմամբ բռնագանձում է տարածվել պարտապան Ընկերության դրամական միջոցների վրա՝ 635.348.482 ՀՀ դրամի չափով (հավելվածի գթ 8)։

Հայցվոր Ընկերությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել Ծառայության 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշումը վիճարկելու հայցադիմում՝ միաժամանակ միջնորդելով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնել այն պատճառաբանությամբ, որ՝ «հայցը բավարարող հնարավոր դատական ակտի կատարումը ենթադրում է ընկերությունից բռնագանձված 635.348.482 ՀՀ դրամը պետք է վերադարձվի Ընկերությանը։ (․․․) եթե վիճարկվող Որոշման կատարումը չկասեցվի, ապա Պատասխանողը հնարավորություն կունենա անհիմն կերպով բռնագանձված այդ գումարը փոխանցել կատարողական վարույթով պարտապանին։ Իսկ այդ պայմաններում, անգամ եթե հայցը բավարարվի և Ընկերությունից բռնագանձված գումարի նկատմամբ վերականգնվի Ընկերության սեփականության իրավունքը, միևնույն է այդ գումարը պարտապանից հետ ստանալու ոչ իրավական հնարավորություն է լինելու և ոչ էլ փաստական։ (․․․) եթե վիճարկվող որոշման կատարումը չկասեցվի Ընկերությունը կարող է ունենալ 635348482 ՀՀ դրամի չափով կորուստ, ուստի այդ գումարի չափով կարող է կրել վնասներ։ Ակնհայտ է, որ 635348482 ՀՀ դրամը հանդիսանում է առնվազն զգալի չափով գումար, ուստի այդ գումարի չափով վնասը հանդիսանում է զգալի վնաս» (հավելվածի գ. թ. 3-7

ՀՀ վարչական դատարանը 06.09.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «միջնորդությամբ ներկայացված փաստարկները թույլ են տալիս ողջամտորեն ենթադրել, որ վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հայցվորին զգալի վնաս պատճառվելու հավանականությունը բարձր է՝ հաշվի առնելով, որ «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» 20.08.2024թ. որոշմամբ բռնագանձում է տարածվել հայցվորի դրամական միջոցների վրա՝ 635.348.482 ՀՀ դրամի չափով, իսկ վարչական ակտի կատարման դեպքում պատասխանողի կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 635.348.482 ՀՀ դրամի չափով գումարը բռնագանձելու և այլ անձի փոխանցելու դեպքում հայցվորը կարող է կրել զգալի վնաս՝ պայմանավորված գումարի մեծությամբ և հայցվորի՝ առևտրային իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքներով՝ հաշվի առնելով նաև այն, որ հայցվորի փաստարկներն առավելապես վերաբերում են բռնագանձման ենթակա գումարի չափի որոշմանը» (հավելվածի գ. թ. 10-11

Երրորդ անձ Կարեն Ղազարյանը 05.11.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան (հավելվածի գ. թ. 33-36)՝ 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշման կատարումը կասեցնելու մասին ՀՀ վարչական դատարանի 06.09.2024 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ՝ միջնորդությանը կից ներկայացնելով նաև հետևյալ ապացույցները՝

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.10.2024 թվականի թիվ Ե-165959-2024 գրության համաձայն՝ թիվ 10668610 կատարողական վարույթի շրջանակներում գումարը 30.08.2024 թվականին դեպոնացվել է Ծառայության դեպոզիտ հաշվին (հավելվածի գ. թ. 36)

- Ընկերության 2024 թվականի օգոստոսի դիմումի համաձայն՝ վերջինս Ծառայությանը հայտնել է, որ թիվ 10668610 կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել Ընկերության բոլոր հաշիվների վրա։ Այդ կատարողական վարույթի շրջանակներում արգելադրման ենթակա գումարը Ընկերության կողմից ապահովել է «ՎՏԲ-Արմենիա» Բանկ ՓԲ ընկերությանը պատկանող բանկային հաշվին (հավելվածի գ. թ. 37)

- Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների մասին քաղվածքի համաձայն՝ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 55-րդ տեղը (հավելվածի գ. թ. 38)

- Ընկերության «զարգացման և գործունեության փուլերը» վերտառությամբ փաստաթուղթ (հավելվածի գ.թ. 38-39)։

Դատարանը 08.11.2024 թվականի որոշմամբ Կարեն Ղազարյանի միջնորդությունը բավարարել է՝ վերացրել է ՀՀ վարչական դատարանի 06.09.2024 թվականի որոշումը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով՝ այն հիմնավորմամբ, որ «նշված բոլոր փաստական հանգամանքները և ապացույցները բավարար են եզրահանգելու, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը բացակայել է՝ նախ և առաջ հաշվի առնելով «Թեղուտ» ՓԲ ընկերության՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 55-րդ տեղը զբաղեցնելու և նրա կողմից վճարված հարկերի չափը։ Ավելին, միջնորդությանը կցված թիվ 218761 գրությամբ «Թեղուտ» ՓԲ ընկերությունն ինքն է հայտնել, որ թիվ 10668610 կատարողական վարույթի շրջանակներում արգելադրման ենթակա գումարն ապահովել է «ՎՏԲ-Արմենիա» Բանկ ՓԲ ընկերությանը պատկանող բանկային հաշվին, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.10.2024թ. թիվ Ե-165959-2024 գրության համաձայն՝ գումարը դեռևս 30.08.2024թ. դեպոնացվել է Ծառայության դեպոզիտ հաշվին։ Միջնորդությանը կցված ապացույցներով հիմնավորվում է նաև «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ակնկալվող եկամուտների չափը։ Միևնույն ժամանակ, վերը նշված փաստերն ու ապացույցները վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման ժամանակ Դատարանի տրամադրության տակ առկա չեն եղել, որպիսի պայմաններում Դատարանի գնահատմամբ հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմքով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը բացակայել է, ուստի առկա է «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» 20.08.2024թ. որոշման կատարումը կասեցնելու մասին Դատարանի որոշումը վերացնելու հիմք» (հավելվածի գ. թ. 40-42

Վերաքննիչ դատարանի 27122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ վերացվել է Դատարանի 08.11.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը՝ այն պատճառաբանությամբ, որ «վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը կայացնելու պահին Դատարանին հայտնի են եղել տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը հանդիսանում է առևտրային իրավաբանական անձ: Միաժամանակ, վարչական ակտի կատարումը կասեցնելու համար հիմք են ընդունվել բռնագանձման ենթակա գումարի մեծությունը, Հայցվորի՝ առևտրային իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև տվյալ գործի առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ Հայցվորի փաստարկներն առավելապես վերաբերում են բռնագանձման ենթակա գումարի չափի որոշմանը:

Վերը նշված փաստարկները համադրելով ներկայացված ապացույցների բովանդակության, այդ թվում՝ Հայցվոր ընկերության կողմից կատարված վճարումների (նաև հարկային պարտավորությունների կատարման) հետ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության՝ խոշոր հարկատու լինելու, որոշակի վճարումներ կատարված լինելու և բռնագանձման ենթակա գումարի դեպոնացման հանգամանքները չեն չեզոքացնում Դատարանի 06.09.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար հիմք հանդիսացած նկատառումները, այսինքն՝ միջնորդությամբ ներկայացված ապացույցները բավարար չէին Հայցվորին զգալի վնաս պատճառելու վերաբերյալ հիմնավոր կասկածը վերացնելու համար» (հավելվածի գ.թ. 81-90

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

Երրորդ անձ Կարեն Ղազարյանը Դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Ծառայության 20.08.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի 06092024 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ։ Նշված միջնորդությանը կից Կարեն Ղազարյանը ներկայացրել է մի շարք ապացույցներ՝ փաստարկելով, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք վարչական ակտը կասեցնելու մասին որոշում կայացնելու ժամանակ Դատարանի տիրապետության տակ չեն գտնվել։ Միևնույն ժամանակ միջանկյալ դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին որոշումն արդեն իսկ ամբողջությամբ կատարվել էր, ընդ որում՝ հայցվորի միջնորդությամբ գումարը փաստացի բռնագանձվել էր պարտապանից, ուստի բացակայել է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։ Փաստորեն առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկած և վարչական ակտը կասեցնելու որևէ ծանրակշիռ փաստարկ։

Դատարանը, քննարկելով Կարեն Ղազարյանի միջնորդությունը, 08.11.2024 թվականի որոշմամբ բավարարել է այն՝ գտնելով, որ նշված ապացույցները վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման ժամանակ Դատարանի տրամադրության տակ առկա չեն եղել, մինչդեռ դրանք բավարար են եզրահանգելու, որ հայցվորին զգալիս վնաս պատճառելու հիմքով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը բացակայել է։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերանայել է վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ երրորդ անձի միջնորդությունը բավարարելու մասին Դատարանի որոշումը՝ անդրադառնալով, սակայն, վարչական ակտի կատարման կասեցման համար հիմք հանդիսացած և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշմամբ արձանագրված հանգամանքներին։ Իսկ վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված փաստերին և ապացույցներին անդրադարձել է այնքանով, որքանով դրանք գնահատել է որպես վարչական ակտի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները չեզոքացնող անբավարար հիմքեր։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո արձանագրում է, որ վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին Դատարանի որոշումը վերանայելու շրջանակներում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ հետևյալ հանգամանքը՝ արդյո՞ք միջնորդությամբ նշված փաստերի և ապացույցների քննության արդյունքում Դատարանը իրավաչափ եզրահանգման է եկել այն հանգամանքների շուրջ, որ ներկայացված փաստերը և ապացույցները կասեցման որոշումը կայացնելիս ՀՀ վարչական դատարանի տրամադրության տակ չեն եղել, և որ դրանք իրապես ունեն այնպիսի ազդեցություն, որ դրանց տիրապետելու պայմաններում դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու պահին երրորդ անձ Կարեն Ղազարյանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին միջնորդությանը կից ներկայացված ապացույցները ՀՀ վարչական դատարանի տրամադրության ներքո գտնվելու պարագայում արդյոք ՀՀ վարչական դատարանը կարող էր եզրահանգում անել այն մասին, որ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմքով վիճարկվող վարչական ակտի կատարումը ենթակա է կասեցման։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, գնահատելով երրորդ անձ Կարեն Ղազարյանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին միջնորդությանը կից ներկայացված ապացույցները և դրանց վերլուծության արդյունքում գտնելով, որ դրանք բավարար են եզրահանգելու, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը բացակայել է, 08.11.2024 թվականի որոշմամբ իրավացիորեն բավարարել է Կարեն Ղազարյանի միջնորդությունը և վերացրել է ՀՀ վարչական դատարանի 06.09.2024 թվականի որոշումը՝ վարչական ակտի կատարումը կասցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Դատարանի 08.11.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ՝ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան