ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր՝ Մ. Մելքոնյան |
ԵԴ1/1001/06/24 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ. Հարությունյան |
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
21 մարտի 2025 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի պաշտպան Մ. Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի սեպտեմբեր 19-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 58241323 քրեական վարույթը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69129223 քրեական վարույթը։
2023 թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել թիվ 58241323 և 69129223 քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու, և նախաքննությունը 58241323 համարով շարունակելու մասին։
2023 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում որոշում է կայացվել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նույն օրը քննիչի կողմից մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և հայտարարվել է հետախուզում։
2023 թվականի հոկտեմբերի 17-ին մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։
2024 թվականի մարտի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է թիվ 58204624 քրեական վարույթը:
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել թիվ 58241323 և 58204624 քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու, և նախաքննությունը 58241323 համարով շարունակելու մասին։
2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության Սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում որոշում է կայացվել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
2. 2024 թվականի մայիսի 21-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ 2 (երկու) ամիս ժամկետով, ինչպես նաև նույն ժամկետով մեղադրյալի` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքն արգելելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 23-ի որոշմամբ մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է:
Վերոնշյալ որոշման դեմ դատախազի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 28-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 23-ի որոշումը բեկանվել է, և վարույթը փոխանցվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոգրյալ որոշումը մեղադրյալի պաշտպան Մ.Գրիգորյանի կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
3․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ քննիչի՝ 2024 թվականի մայիսի 21-ի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը` 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամկետով սահմանափակելով նաև վերջինի` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:
4․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերքաննիչ դատարան)՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը թողնվել է առանց քննության, իսկ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Մ.Գրիգորյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Մասնավորապես, սահմանափակվել է մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, և վերջինիս հնարավորություն չի տրվել օգտվել իրավական պաշտպանության հասանելի միջոցից:
Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ իր կողմից պահպանվել են բողոքի ներկայացման ժամկետները, սակայն վերադաս դատարանի հասցեն սխալմամբ ծրարի վրա նշվել է Վճռաբեկ դատարանի հասցեն, իսկ նորմի մյուս պահանջը, այն է` բողոքի պատճենը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելը, ևս պահպանվել է:
Ըստ բողոք բերած անձի՝ ակնհայտ է, որ իր կողմից կատարվել են վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելուն ուղղված ակտիվ գործողություններ, և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվելուց անմիջապես հետո, բողոքը մուտք է արվել Վերաքննիչ դատարան: Տվյալ պարագայում, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանի կողմից՝ բաց թողնված մեկօրյա ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մերժումը կրել է ձևական բնույթ և զրկել է իր պաշտպանյալին դատական ակտը վիճարկելու իրական հնարավորությունից՝ խախտելով վերջինիս արդար դատաքննության իրավունքը:
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի՝ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումն ամբողջությամբ բեկանել, և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բողոքաբերին է ուղարկվել 2024 թվականի սեպտեմբերի 3-ին, որը նա ստացել է սեպտեմբերի 6-ին1։
9․ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը պաշտպան Մ.Գրիգորյանը 2024 թվականի սեպտեմբերի 13-ին փոստային առաքման միջոցով ներկայացրել է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև նույն օրն ուղարկել է դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան2:
10․ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին բողոք բերած անձը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվել է բողոքը սխալ հասցեով ուղարկելու վերաբերյալ՝ վերաքննիչ բողոքը կից փաստաթղթերով վերադարձնելով բողոքաբերին:
11․ Նույն օրը պաշտպան Մ.Գրիգորյանը վերաքննիչ բողոքը հանձնել է Վերաքննիչ դատարան` միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը3:
12. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի պաշտպան Մարինե Գրիգորյանի կողմից չեն պահպանվել հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետները, այսինքն` հատուկ վերանայման բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, այն է՝ բողոքը ներկայացվել է որոշումը հասանելի լինելուց հետո 11 օր անց։
(…)
Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի պաշտպան Մարինե Գրիգորյանը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 6-ին, և պաշտպանի համար այդ դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը հանդիսացել է 2024 թվականի սեպտեմբերի 7-ը՝ ժամը 0։00-ն, իսկ ժամկետն ավարտվել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 24։00-ին (տես նաև՝ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածը)։
Սույն դատական գործի նյութերից երևում է, որ մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի պաշտպան Մարինե Գրիգորյանը հիշյալ որոշման դեմ համապատասխան վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, այսինքն՝ վերանայման բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի խախտմամբ։ Այլ կերպ՝ հատուկ վերանայման բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, ուստի այն պետք է թողնել առանց քննության։
(…)
Նախ անդրադառնալով բողոքարկման ժամկետը պահպանված լինելու վերաբերյալ փաստարկին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված փաստական տվյալների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված կարգով դատավարական ժամկետները հաշվելու արդյունքում Վերաքննիչ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ պաշտպանի կողմից բաց են թողնվել բողոքարկման ժամկետները։
Անդրադառնալով պաշտպանի միջնորդության մյուս փաստարկին՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպանը հարգելի համարելու հիմք նշել է այն, որ բողոքը սահմանված ժամկետում ուղարկել է և Առաջին ատյանի դատարան և քրեական հետապնդման մարմնին, իսկ բողոքը նույն օրը սխալմամբ ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան։
(…)
Վերը նշված իրավակարգավորումներից բխում է, որ բաց թողնված ժամկետը վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ միայն հարգելի պատճառով, իսկ հարգելի պատճառ է հիվանդությունը, մերձավոր ազգականի մահը կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքը։
(…)
Տվյալ դեպքում նախ հարկ է նշել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի փոխարեն վերանայման բողոքը ՀՀ վճռաբեկ դատարան ուղարկելն ինքնին չի կարող համարվել անձի կամքից անկախ օբյեկտիվ և հատուկ հանգամանք։ Բացի այդ վերանայման բողոքին կից ներկայացված փոստային ծրարի պատճենի համաձայն՝ որպես հասցեատեր նշվել է ՀՀ վճռաբեկ դատարանը և նշվել է ՀՀ վճռաբեկ դատարանի հասցեն։ Այս հանգամանքը ևս վկայում է, որ վերանայման բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում ստացվել է ոչ թե օբյեկտիվ՝ պաշտպանի կամքից անկախ հանգամանքներում, այլ պաշտպանի կողմից համապատասխան փոստային ծրարը ՀՀ վճռաբեկ դատարանին հասցեագրելու արդյունքում։
(…)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի պաշտպան Մարինե Գրիգորյանը հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունն անհիմն է, հետևաբար վերջինիս կողմից ներկայացված վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելու հիմքով, իսկ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է մերժել (…)»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք պաշտպան Մ.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
14. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն։
2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին: (…)»։
15. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով5,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն7,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա8: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի9։
15.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման10:
15.2. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները11:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը մեղադրյալ Տիգրան Ուրիխանյանի պաշտպան Մ.Գրիգորյանը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 6-ին,
- 2024 թվականի սեպտեմբերի 13-ին վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Մ.Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան և դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան,
- 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանի աշխատակազմը պաշտպան Մ.Գրիգորյանին գրավոր տեղեկացրել է վերաքննիչ բողոքը սխալմամբ Վճռաբեկ դատարան ներկայացնելու մասին՝ այն վերադարձնելով բողոքաբերին12,
- նույն օրը պաշտպան Մ.Գրիգորյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է Վերաքննիչ դատարան` միջնորդելով հարգելի համարել բողոքարկման բաց թողնված ժամկետը13,
- Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը թողնվել է առանց քննության, իսկ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է14:
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները քննարկելով սույն որոշման 14-15.2-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Մ.Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, անհամաչափորեն սահմանափակել է մեղադրյալի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև պաշտպան Մ.Գրիգորյանի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան փաստացի ներկայացվել է բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց մեկ օր անց, այնուամենայնիվ, մեղադրյալի բողոքարկման իրավունքն իրացնելիս պաշտպանը գործել է բարեխղճորեն և քայլեր է ձեռնարկել բողոքը սահմանված ժամկետում իրավասու դատարան ներկայացնելու ուղղությամբ։ Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Մ․Գրիգորյանը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 6-ին, որի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետն էր 2024 թվականի սեպտեմբերի 16-ը։ Պաշտպան Մ․Գրիգորյանը վերաքննիչ բողոքը փոստային առաքման միջոցով ներկայացրել է սահմանված ժամկետում՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-ին, սակայն սխալմամբ այն ուղարկել է Վճռաբեկ դատարան՝ նույն օրը վերաքննիչ բողոքի պատճենը ներկայացնելով նաև դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան։
Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը սխալ հասցեով ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկացվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, որից հետո նույն օրը, բողոքը ներկայացրել է Վերաքննիչ դատարան՝ կից ներկայացնելով նաև բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, ինչը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ թողնվել առանց քննության։
18. Սույն որոշման 16-րդ կետերում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին արձանագրելու, որ պաշտպան Մ․Գրիգորյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է գործը քննած Առաջին ատյանի դատարան և միաժամանակ Վճռաբեկ դատարան՝ նշված ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետում։ Բողոքը սխալմամբ Վճռաբեկ դատարան ուղարկելու վերաբերյալ տեղեկացվելուց անմիջապես հետո՝ նույն օրը, բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է Վերաքննիչ դատարան՝ միաժամանակ միջնորդելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի, որի պայմաններում բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ դեպքում պաշտպանն անբարեխճորեն է գործել և հետևաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա է սահմանափակման։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Մ․Գրիգորյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը, որի արդյունքում սահմանափակվել է մեղադրյալի բողոքարկման իրավունքը, իրավաչափ համարվել չի կարող։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է անձի դատական պաշտպանության իրավունքը։ Արդյունքում չի ապահովվել բողոքաբերի իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Մ.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն։
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով15։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 29։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 45։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 69։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 72-74։
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
6 Տե՛ս նույն տեղում:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
10 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
12 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը։
13 Տե'ս սույն որոշման 11-րդ կետը։
14 Տե'ս սույն որոշման 12-րդ կետը։
15 Տե՛ս, mutatis mutandis` Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: