ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1961 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԺՆԵՎՈՒՄ 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ին, 1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ) ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 օգոստոսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում 1972 թվականի նոյեմբերի 10-ին, 1978 թվականի հոկտեմբերի 23-ին և 1991 թվականի մարտի 19-ին) Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1961 թ. դեկտեմբերի 2-ին, վերանայվել է 1972 թ. նոյեմբերի 10-ին, 1978 թ. հոկտեմբերի 23-ին և 1991 թ. մարտի 19-ին:
Կոնվենցիայի նպատակն է ստեղծել իրավական երաշխիքներ պայմանավորվող պետություններում սելեկցիոներների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
2. Կոնվենցիայի մասնակից պետություններն ստանձնում են սելեկցիոներների իրավունքների տրման և դրանց պաշտպանության ապահովման պարտավորություն:
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանով` յուրաքանչյուր պայմանավորվող պետություն պարտավորվում է սելեկցիոներներին տրամադրել ազգային ռեժիմ:
Կոնվենցիան նախատեսում է նաև պայմանավորվող պետությունների այնպիսի պարտավորություններ, որոնք կոչված են ապահովելու կոնվենցիայի կատարումը դրա մասնակից պետությունների կողմից: Մասնավորապես, պայմանավորվող պետությունները, կոնվենցիայի կատարումն ապահովելու նպատակով, պետք է ընդունեն սելեկցիոների իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովող իրավական պաշտպանության միջոցներ, ապահովեն այն իրավասու մարմնի գործունեությունը, որին վերապահված է սելեկցիոների իրավունք տալու լիազորությունը, ինչպես նաև պետք է հանրությանն իրազեկեն սելեկցիոների իրավունք ստանալու համար ներկայացված հայտերի, տրված իրավունքների, սորտերի առաջարկված և հաստատված անվանումների վերաբերյալ:
3. Կոնվենցիան սահմանում է սելեկցիոների իրավունքի տրման պայմանները, որոնք սպառիչ են և չեն կարող լրացվել այլ պայմաններով, ինչպես նաև այդ պայմաններից յուրաքանչյուրին վերագրվող չափանիշները:
Կոնվենցիայով կանոնակարգված են սելեկցիոների իրավունքի տրման ընթացակարգը, այսինքն` պայմանավորվող պետության իրավասու մարմնին հայտ ներկայացնելու, հայտի ուսումնասիրման կարգը, ինչպես նաև սորտի անվանման գրանցման կարգը:
Կոնվենցիայում ճշգրտված է սելեկցիոների իրավունքի ծավալը, սահմանված են սելեկցիոների իրավունքն անվավեր ճանաչելու և չեղյալ հայտարարելու սպառիչ հիմքերը:
Կոնվենցիան նախատեսում է նաև սելեկցիոների իրավունքի սահմանափակման հնարավորություն` պայմանավորված հանրային շահով: Հանրային շահից բացի այլ պատճառներով սելեկցիոների իրավունքի սահմանափակումը թույլատրվում է միայն կոնվենցիայով նախատեսված հատուկ դեպքերում:
4. Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից Բույսերի նոր տեսակների պաշտպանության միության անդամ է: Միության մարմիններն են Միության անդամների ներկայացուցիչներից կազմված Խորհուրդը և Բյուրոն:
5. Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիան երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված դրույթի իրացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում 1972 թ. նոյեմբերի 10-ին, 1978 թ. հոկտեմբերի 23-ին և 1991 թ. մարտի 19-ին) Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|