ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՌՈՏԵՐԴԱՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 սեպտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1998 թվականի սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում ստորագրված` Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին կոնվենցիան ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 10-ին` Ռոտերդամում: Կոնվենցիայի նպատակն է առանձին վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առևտրում նպաստել դրանց պոտենցիալ վտանգավոր ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում ընդհանուր պատասխանատվության և Կողմերի համատեղ ջանքերի ապահովմանը, ինչպես նաև աջակցել այդ նյութերի էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը` դրանց հատկությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը խթանելու ու հեշտացնելու և ազգային մակարդակով դրանց ներմուծման և արտահանման վերաբերյալ որոշումներ ընդունելու և այդ որոշումները Կողմերի միջև տարածելու գործընթացն ապահովելու միջոցով:
Համաձայն Կոնվենցիայի` այն կիրառվում է արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի և խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների նկատմամբ:
Կոնվենցիան ունի հինգ հավելված: Հավելվածները կոնվենցիայի անբաժանելի մասն են, և եթե այլ կերպ նախատեսված չէ, սույն կոնվենցիան վկայակոչելը միևնույն ժամանակ նշանակում է վկայակոչել դրա որևէ հավելված: Ըստ Կոնվենցիայի` հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:
Կոնվենցիայով բացառվում է որևէ վերապահում կատարելը:
Կոնվենցիայով Կողմերը պարտավորվում են նշանակել մեկ կամ մի քանի ազգային մարմիններ, որոնք իրավասու կլինեն հանդես գալու այդ Կողմի անունից` սույն կոնվենցիայով նախատեսվող վարչական գործառույթները կատարելիս:
Ըստ կոնվենցիայի` Կողմերը պարտավորվում են ձգտել ապահովել, որ իրենց նշանակած ազգային մարմինը կամ մարմինները բավականաչափ ռեսուրսներ ունենան իրենց խնդիրների արդյունավետ լուծման համար: Կողմերը պարտավորվում են նաև, պատշաճ կերպով և սույն կոնվենցիայի նպատակներին համապատասխան, նպաստել գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական տեղեկատվության փոխանակմանը:
Սույն կոնվենցիայի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 և 34 հոդվածների պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998 թվականի սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում ստորագրված` Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|