ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-29-Ը ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 սեպտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի (զեկուցող),
մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1990 թվականի հունիսի 27-29-ը Լոնդոնում ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով ուղղումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղումն ստորագրվել է 1990 թվականի հունիսի 27-29-ը Լոնդոնում` նշված արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով:
2. Ըստ քննության առարկա փաստաթղթի` Կողմերը, մասնավորապես, ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
ուղղման մեջ նշված ժամկետներում`
- կրճատել և ապա դադարեցնել B հավելվածի I, II և III խմբերում թվարկված կարգավորվող նյութերի օգտագործումը և արտադրումը,
- արգելել A, B հավելվածներում թվարկված կարգավորվող նյութերի ներմուծումն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած երկիր և արտահանումը նման երկրից,
- խրախուսել կարգավորվող նյութերի արտադրման և օգտագործման տեխնոլոգիաների արտահանումն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից,
- հաստատել մեխանիզմ Կողմերի ֆինանսական և տեխնիկական համագործակցությունն ապահովելու նպատակով,
- ներկայացնել Քարտուղարությանը հաշվետվություն վերահսկվող նյութերի արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալների վերաբերյալ:
3. Քննության առարկա ուղղումը նախատեսում է նաև Արձանագրությունից դուրս գալու, ինչպես նաև ուղղման ուժի մեջ մտնելու կարգը: ՈՒղղմամբ Արձանագրությանը կցվում են B (կարգավորվող նյութեր) և C (անցումային նյութեր) հավելվածները:
4. ՈՒղղումը կոչված է ավելի արդյունավետ դարձնելու Կողմերի համագործակցությունը բնապահպանության ոլորտում: Քննության առարկա փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալն իրավական երաշխիք կստեղծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10 հոդվածի շրջանակներում պետության ստանձնած պարտավորության կատարման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1990 թ. հունիսի 27-29-ը Լոնդոնում ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|