ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-25-Ը ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 սեպտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Վ. Սահակյանի,
մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1992 թվականի նոյեմբերի 23-25-ը Կոպենհագենում ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով ուղղումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղումն ստորագրվել է 1992 թ. նոյեմբերի 23-25-ը Կոպենհագենում` Մոնրեալի արձանագրությունում փոփոխություններ կատարելու նպատակով: Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիային և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականին:
2. Կոպենհագենյան ուղղումը, ի հավելումն Մոնրեալի արձանագրությամբ և Լոնդոնյան ուղղմամբ նախատեսված վերահսկվող նյութերի, նախատեսում է վերահսկվող նյութերի նոր խմբեր (հավելվածներ Գ և Ե):
3. Կոպենհագենյան ուղղմամբ կողմերը պարտավորվում են, մասնավորապես.
- սահմանված ժամանակացույցին համապատասխան կրճատել ուղղմամբ նախատեսված վերահսկվող նյութերի սպառման և արտադրության ծավալը` աստիճանաբար վերացնելով դրանց սպառումն ու արտադրությունը,
- արձանագրության կողմ չհանդիսացող երկրների հետ առևտրային հարաբերություններում Մոնրեալի արձանագրությամբ սահմանված` ներմուծման և արտահանման արգելքները տարածել նաև ուղղմամբ նախատեսված վերահսկվող նյութերի նկատմամբ,
- Քարտուղարությանը ներկայացնել հաշվետվություն վերահսկվող նյութերի արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալների վերաբերյալ:
4. Մոնրեալի արձանագրության Կոպենհագենյան ուղղմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 10, 43 և այլն) կոչված են ըստ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ապահովել մարդկանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1992 թվականի նոյեմբերի 23-25-ը Կոպենհագենում ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|