ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 մարտի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 30-ին Բեռնում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. 2003 թ. հոկտեմբերի 30-ին Բեռնում ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նպատակ ունի դյուրացնել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունումը և ապահովել անձի` իր երկիր վերադառնալու սահմանադրական իրավունքի իրացումը:
Համաձայնագիրը հանդիսանում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջազգային իրավական միջոց:
2. Համաձայնագրով, փոխադարձ սկզբունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հետ ընդունել Շվեյցարիայի տարածքում առանց թույլտվության գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ՀՀ տարածքում գտնվելու իրավունք ունեն որևէ իրավական կարգավիճակի ուժով:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև առանց տարանցման վիզայի թույլատրել վերադարձի ենթակա` երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը: Համաձայնագիրը միաժամանակ նախատեսում է տարանցումը մերժելու հիմքերը:
Հայկական կողմը պարտավորություններ է ստանձնում նաև համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հարցերում համագործակցության կապակցությամբ:
3. Համաձայնագիրը սահմանում է վերադարձի ենթակա անձանց հետընդունման ժամկետները, ինչպես նաև հետընդունման հետ կապված ծախսերը Կողմերի միջև բաշխելու կարգը:
Քննության առարկա համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում հավելվածը, որը մանրամասնում և ճշգրտում է համաձայնագրի առանձին դրույթներ:
Համաձայնագիրը նախատեսում է դրա իրականացման համար տրամադրված անձնական տվյալների պաշտպանության միջոցներ, որոնք իրավական երաշխիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20 հոդվածում ամրագրված` անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության համար:
4. Համաձայնագիրը համահունչ է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության` պետությունների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ միջազգային պարտավորություններին: Համաձայնագիրը կնպաստի նաև ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում ամրագրված` ՀՀ քաղաքացիների Հանրապետություն վերադառնալու իրավունքի իրացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. հոկտեմբերի 30-ին Բեռնում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|