ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԵՌՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 ապրիլի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով բազմակողմ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Բազմակողմ համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բուլղարիայի Հանրապետության կառավարության և Վրաստանի գործադիր իշխանությունների միջև 2003 թ. հոկտեմբերի 10-ին` Երևանում: Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար: Համաձայնագրի նպատակն է զարգացնել տնտեսական հարաբերությունները, ստեղծել բեռների ժամանակակից միջազգային փոխադրումների համակարգ:
2. Համաձայնագիրը նախատեսում է բեռների մուլտիմոդալ` համակցված միջազգային փոխադրումների, ուղեկցվող և չուղեկցվող փոխադրումների, հիշյալ բեռնափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների` Կողմերի պետական սահմանն անցնելու կարգը:
3. Բեռների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախկինում կնքված երկկողմ համաձայնագրերը չեն խոչընդոտի համաձայնագրի գործողությանը, որի դրույթների մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման նպատակով Կողմերի իրավասու մարմինները կստեղծեն համատեղ կոմիտեներ:
4. Բազմակողմ համաձայնագրով Կողմերը պարտավորվում են`
- ապահովել, որպեսզի բեռների համակցված միջազգային փոխադրումների ժամանակ փոխադրամիջոցն ունենա բեռների փոխադրման վերաբերյալ միջազգային կանոններով պահանջվող փոխադրման փաստաթղթեր,
- աջակցել երկաթուղային ընկերություններին և համընդհանուր օգտագործման նավահանգիստներին` համակցված փոխադրումների ենթակառուցվածքի զարգացմանն օժանդակելու համար,
- համակցված փոխադրումների հոսքն ապահովելու համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյալ փոխադրումների մաքսազերծումը սահմանն անցնելու կետերից դեպի միջազգային բեռնահամալիրներ տեղափոխելու համար,
- խրախուսել երկաթուղային ընկերությունների համագործակցությունը փոխադրումներ իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ,
- մշակել մրցութային առաջարկներ համակցված փոխադրումների համար,
- ազատել միմյանց տարածքում գրանցված ավտոտրանսպորտային փոխադրամիջոցները և փոխադրումների համար շահագործվող տրանսպորտային միավորներն իրենց տարածք ժամանակավորապես մուտք գործելիս` ներմուծման մաքսատուրքից, ճանապարհային, մուտքի և տարանցման վճարից,
- տեղեկացնել միմյանց բեռների միջազգային համակցված փոխադրումների հետ կապված ծառայությունների որակի և չափորոշիչների բարելավմանն ուղղված միջոցառումների և կանոնների մասին և այլն:
5. ՀՀ սահմանադրական դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի սույն համաձայնագրում գործածված օտարալեզու հասկացությունները ներկայացվեն հայերեն համարժեքներով:
6. Բազմակողմ համաձայնագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ նմանատիպ միջազգային իրավական այլ պարտավորություններին և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 8, 9) կոչված է ապահովել տնտեսական գործունեության ազատությունը, պետությունների հետ հաստատել բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|