ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 ապրիլի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև 2004 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի 12.01.2004 թ. նամակի և Քուվեյթի Պետության փոխվարչապետ, պաշտպանության նախարարի 15.02.2004 թ. պատասխան նամակի փոխանակման միջոցով: Համաձայնագրի նպատակն է Քուվեյթի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների իրավական կարգավիճակի սահմանումը:
2. Քննության առարկա համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար պարտավորվում է հրաժարվել Քուվեյթի Պետության կամ Քուվեյթի Պետության ուժերի որևէ անդամի դեմ ուղղված ցանկացած պահանջից` իր անձնակազմին պատճառված վնասվածքի կամ իրեն պատկանող գույքի կորստի կամ վնասի դեպքում, եթե այդպիսի վնասվածքը, մահը, վնասը կամ կորուստը պատճառվել են Քուվեյթի Պետության զինված ուժերի անձնակազմի գործողության կամ անգործության հետևանքով` համաձայնագրին համապատասխան իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ:
Քուվեյթի Պետության տարածքում տեղակայված զինված ուժերը պարտավոր են հարգել Քուվեյթի Պետության ներպետական իրավական ու սովորութային նորմերը և չմիջամտել Քուվեյթի Պետության ներքին գործերին:
Հայաստանի Հանրապետությանն իրավունք է վերապահվում ցանկացած ժամանակ իր զինված ուժերը դուրս բերել Քուվեյթի Պետության տարածքից` այդ մասին վերջինիս ծանուցելուց հետո:
3. Քննության առարկա համաձայնագրով Քուվեյթի Պետությունը ՀՀ զինված ուժերի անձնակազմին իր տարածքում տրամադրում է վարչական և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված արտոնություններ և անձեռնմխելիություններ` համաձայն 1961 թ. ապրիլի 18-ի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի:
Քուվեյթի Պետությունը ՀՀ զինված ուժերին ազատում է օդակայանային հարմարություններից օգտվելու հարկերից, տուրքերից և այլ վճարներից, ՀՀ զինված ուժերի անդամներին ազատում է լիցենզիաներից, մաքսատուրքերից և հարկերից:
Համաձայնագրով Քուվեյթի Պետությանն իրավունք է վերապահվում ցանկացած պահի Հայկական կողմից պահանջել իր զինված ուժերը դուրս բերել Քուվեյթի Պետության տարածքից:
4. Համաձայնագիրը Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը պայմանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով: Վերջիններիս բովանդակությունը վկայում է, որ դրանք ուղղված են բավականին տարբեր իրավահարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ քննության առարկա համաձայնագիրը` վկայակոչելով այդ բանաձևերը, չի ճշգրտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն կոնկրետ բանաձևերը, որոնք իրավական հիմք են հանդիսանում Քուվեյթի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայության համար:
Միաժամանակ, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ 29.05.97 թ. օրենքի 11-րդ հոդվածի` «Զինված ուժերի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա»: Հետևաբար, ՀՀ զինված ուժերը Քուվեյթի Պետության տարածքում տեղակայելու քաղաքական և ռազմական նպատակահարմարության, ինչպես նաև դրա օգտագործման եղանակների վերաբերյալ հարցերը կարող են քննության առնվել ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն համաձայնագրի վավերացման ժամանակ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև 2004 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|