Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-491
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.05.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
07.05.2004
Дата вступления в силу
07.05.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 մայիսի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնևում ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կատարումների և հնչյունագրերի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Պայմանագիրն ստորագրվել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին` Ժնևում: Պայմանագիրը բաց է այլ պետությունների միանալու համար: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թ. մայիսի 20-ին:

Պայմանագրի նպատակը կատարողների և հնչյունագրեր արտադրողների իրավունքների պաշտպանության հնարավորին չափ արդյունավետ և միասնական զարգացումն ու պահպանումն է:

2. Պայմանագիրը նախատեսում է կատարողների և հնչյունագրեր արտադրողների` իրենց կատարումների և հնչյունագրերի վերարտադրությունը, առևտրային նպատակներով դրանց վարձույթը թույլատրելու, կատարումների ու հնչյունագրերի բնօրինակն ու կրկնօրինակները հանրությանը մատչելի դարձնելու բացառիկ իրավունքները, հնչյունագրերի հեռարձակման և հրապարակային հաղորդման համար կատարողների և հնչյունագրեր արտադրողների արդարացի վարձատրության իրավունքը:

3. Պայմանագիրը Կողմերին հնարավորություն է տալիս սահմանափակել կատարողների և հնչյունագրեր արտադրողների իրավունքները, որոնք, սակայն, չպետք է խոչընդոտեն տվյալ կատարման կամ հնչյունագրի օգտագործմանը և վնասեն կատարողի կամ արտադրողի օրինական շահերը:

4. Պայմանագրի պահպանման, զարգացման, կիրառման և այլ հարցերի քննարկման համար Կողմերը հիմնում են Ասամբլեա, իսկ պայմանագրին առնչվող վարչական գործառույթներն իրականացնելու է ՄՍՀԿ-ի Միջազգային բյուրոն:

5. Պայմանագրով Կողմերը պարտավորվում են`

- պայմանագրով նախատեսված պահպանություն տրամադրել այն կատարողներին և հնչյունագրեր արտադրողներին, որոնք այլ Պայմանավորվող պետության քաղաքացի են,

- սահմանել կատարողներին տրամադրվող պաշտպանության ժամկետի տևողությունն առնվազն մինչև 50 տարվա ժամանակահատվածի վերջը,

- ապահովել պատշաճ իրավական պահպանություն և կիրառել արդյունավետ միջոցներ` ընդդեմ տեխնոլոգիական միջոցների շրջանցումների,

- պայմանագրով նախատեսված իրավունքների ձեռքբերումն ու իրականացումը չենթարկել որևէ ձևականության,

- անհրաժեշտ միջոցների օգտագործմամբ ապահովել պայմանագրի լիարժեք կիրառումը և այլն:

Պայմանագիրը համահունչ է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունքին, և երաշխավորում է մտավոր սեփականության պաշտպանությունը (հոդված 36):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1996 թ. դեկտեմբերի 20-ին Ժնևում ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կատարումների և հնչյունագրերի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ-491

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան