ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1971 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 մայիսի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1971 թվականի մարտի 24-ին Ստրասբուրգում ստորագրված` Միջազգային արտոնագրային դասակարգման մասին Ստրասբուրգյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միջազգային արտոնագրային դասակարգման մասին Ստրասբուրգյան համաձայնագիրն ստորագրվել է 1971 թ. մարտի 24-ին` Ստրասբուրգում: Համաձայնագիրը փոփոխվել է 1979 թ. սեպտեմբերի 28-ին: Համաձայնագրի նպատակն է գյուտերի արտոնագրերի, հեղինակային վկայագրերի, օգտակար մոդելների և օգտակարության մասին վկայագրերի միասնական դասակարգման ստեղծումը:
Քննության առարկա համաձայնագիրը 1883 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետությունների միջև կնքված հատուկ համաձայնագիր է:
2. Համաձայնագրի Պայմանավորվող կողմերը կազմում են Հատուկ միություն և ընդունում են գյուտերի արտոնագրերի, հեղինակային վկայագրերի, օգտակար մոդելների և օգտակարության մասին վկայագրերի միասնական դասակարգում, որը կրում է բացառապես վարչական բնույթ: Հատուկ միության երկրներին իրավունք է վերապահվում այդ դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ:
Համաձայնագիրը ճշգրտում է դասակարգման բովանդակությունը և դրա կազմման լեզուները:
3. Համաձայնագրով հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն: Համաձայնագիրը սահմանում է Փորձագետների կոմիտեի գործառույթները, դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:
Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որի անդամ է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն:
Համաձայնագիրը սահմանում է Հատուկ միության բյուջեի ֆինանսավորման աղբյուրները:
4. Քննության առարկա Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմիններն իրենց կողմից տված արտոնագրերում, հեղինակային վկայագրերում, առանձնանմուշներում և օգտակարության մասին վկայագրերում, ինչպես նաև դրանց վերաբերող հայտերում ներառեն տվյալ գյուտի նկատմամբ կիրառելի` Դասակարգման լրիվ ցուցիչները,
- արտոնագիր տալը որևէ միջկառավարական մարմնի հանձնարարելու դեպքում` ձեռնարկել այդ մարմնի կողմից համաձայնագրի հոդված 4-ին համապատասխան Դասակարգման կիրառումն ապահովող բոլոր հնարավոր միջոցները:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև ֆինանսական պարտավորություններ` կապված Հատուկ միության Ասամբլեայում ՀՀ կառավարությունը ներկայացնող պատվիրակության ծախսերը հոգալու, Հատուկ միության բյուջե տարեկան վճար մուծելու և Հատուկ միության շրջանառու միջոցների հիմնադրամին միանվագ վճար տրամադրելու հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1971 թ. մարտի 24-ին Ստրասբուրգում ստորագրված` Միջազգային արտոնագրային դասակարգման մասին Ստրասբուրգյան համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|