ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1981 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 նոյեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1981 թվականի հունիսի 19-ին Ժնևում ընդունված` Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1981 թ. հունիսի 19-ին` Ժնևում: Կոնվենցիայի նպատակն է կոլեկտիվ բանակցությունների իրավունքի արդյունավետ իրացման ապահովումը:
Կոնվենցիայի համար իրավական հիմք են հանդիսանում «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» 1948 թ., «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» 1949 թ. կոնվենցիաները, «Կոլեկտիվ պայմանագրերի մասին» 1951 թ. հանձնարարականը, «Պետական ծառայության մեջ աշխատանքային հարաբերությունների մասին» 1978 թ. կոնվենցիան և 1978 թ. հանձնարարականը, ինչպես նաև «Աշխատանքի կառավարման մասին» 1978 թ. կոնվենցիան և 1978 թ. հանձնարարականը:
Կոնվենցիան պարտավորություններ է առաջացնում Կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց` քննության առարկա կոնվենցիայի վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից:
2. Քննության առարկա կոնվենցիան կիրառելի է տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի նկատմամբ: Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ որոշելու կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառելիության շրջանակը զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ:
Կոնվենցիան սահմանում է «կոլեկտիվ բանակցություններ» հասկացության բովանդակությունը` առանձնացնելով այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ կարող են վարվել կոլեկտիվ բանակցություններ:
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կոնվենցիայի դրույթների կիրառումն ապահովել ներպետական օրենսդրությամբ, եթե դա չի իրականացվում կոլեկտիվ պայմանագրերով, միջնորդ դատարանի վճիռներով կամ ազգային գործելակերպին համապատասխանող ցանկացած այլ ձևով:
Կողմերը պարտավորվում են նաև կոլեկտիվ բանակցություններին աջակցելու համար ձեռնարկել ազգային պայմաններին հարմարեցված համապատասխան միջոցներ, որոնք ուղղված են կոնվենցիայի հոդված 5-ի 2-րդ կետում նշված նպատակների ձեռքբերմանը:
Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու նպատակով կիրառվող մեթոդները պետք է մշակվեն կամ կիրառվեն այնպես, որ չսահմանափակվի կոլեկտիվ բանակցությունների ազատությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1981 թ. հունիսի 19-ին Ժնևում ընդունված` Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|