ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
15 մարտի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջգերատեսչական պայմանագիրը երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրվել է 2004 թ. հուլիսի 13-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կրթության բնագավառում գործընկերային կապերի և համագործակցության զարգացումը, այդ երկրներում բնակվող քաղաքացիների կրթական պահանջմունքների բավարարման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Համաձայնագրի համար իրավական հիմք է հանդիսանում 1995 թ. նոյեմբերի 13-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցության մասին» միջկառավարական պայմանագիրը, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1996 թ. մայիսի 22-ին:
2. Համաձայնագրով Կողմերը, մասնավորապես, փոխադարձաբար ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
- նպաստել ընդհանուր միջնակարգ կրթության, նախնական, միջնակարգ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը,
- սատարել Կողմերի կրթական հիմնարկների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, այդ հիմնարկների միջև ուսանողների, դասախոսների և գիտնականների փոխանակման վերաբերյալ պայմանագրերի կնքմանը,
- անհրաժեշտ պայմաններ ստեղծել իրենց տարածքում բնակվող միմյանց քաղաքացիների ընդհանուր միջնակարգ և մասնագիտական կրթությունը, համապատասխանաբար, հայերեն և ռուսերեն ստանալու պահանջմունքների բավարարման համար,
- աջակցել իրենց պետությունների քաղաքացիներին գործընկեր պետության կրթական հաստատություններում կրթություն ստանալու կամ որակավորման բարձրացման հարցում` ուսուցման կամ որակավորման բարձրացման ծախսերի` քաղաքացիների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից փոխհատուցման պայմանով,
- աջակցել Երևան քաղաքում ստեղծված ռուս-հայկական համալսարանի նյութատեխնիկական բազայի զարգացմանն ու ամրապնդմանը,
- կանոնավոր կերպով փոխանակել կրթության բնագավառի նորմատիվ-իրավական փաստաթղթերը և կրթության համակարգի կազմակերպման ու զարգացման փորձը,
- երաշխավորել միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների երեխաների ուսանումն իրենց բարձրագույն, միջին և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում առանց կրթաթոշակների հատկացման և ուսման ծախսերի վճարման:
Ըստ համաձայնագրի` Ռուսական կողմը` գերատեսչական ենթակայության կրթական կազմակերպություններում, իսկ Հայկական կողմը` բարձրագույն ուսումնական հաստատություններում, յուրաքանչյուր տարի, պետական միջոցների հաշվին, միմյանց քաղաքացիներին տրամադրում են որոշակի քանակով կրթաթոշակներ:
3. Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Համաձայնագրի գործողությունը կերկարաձգվի հետագա հինգ տարիների համար, եթե հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին:
4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26 հոդվածի պահանջներին, բխում են, մասնավորապես, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (հոդված 13) ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից և ՀՀ Սահմանադրության համաձայն (4, 35, 43 հոդվածներ) կոչված են ապահովելու Կողմերի միջև հարաբերությունների զարգացումը` ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|