ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
15 մարտի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Աղաբեկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի սեպտեմբերի 8-ին Վիլնյուսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջգերատեսչական համաձայնագիրը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստորագրվել է 2004 թ. սեպտեմբերի 8-ին` Լիտվայի ռազմական ակադեմիայում իրականացվող ռազմական ուսուցմանը մասնակցող` Հայկական կողմի ուսանողների կարգավիճակի սահմանման նպատակով:
Համաձայնագրի համար իրավական հիմք են հանդիսանում 2002 թ. հունիսի 24-ին Վիլնյուսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2002 թ. օգոստոսի 22-ին, ինչպես նաև 1995 թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004 թ. մարտի 31-ին:
2. Համաձայնագիրը սահմանում է Լիտվայի ռազմական ակադեմիայում Հայկական կողմի ուսանողների ռազմական ուսուցման պայմանները, ռազմական ուսուցման, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման կարգը, ընդունող և ուղարկող կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Ակադեմիայում ռազմական ուսուցմանը մասնակցող ուսանողների կարգավիճակի առնչությամբ կկիրառվեն 1995 թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթները:
3. Ուսանողների կեցության և սննդի, դեպի Լիտվա և հակառակ ուղղությամբ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում է ընդունող կողմը:
Հայկական կողմը` որպես ուղարկող կողմ, պարտավորվում է ապահովել ռազմական ուսուցման մեկնող ուսանողների կյանքի և առողջության վավերական ապահովագրերի առկայությունը և հոգալ դրանց հետ կապված անհրաժեշտ ծախսերը, փոխհատուցել ընդունող կողմի` համաձայնագրում նշված և ռազմական ակադեմիայից հեռացված ուսանողներին վերաբերող ծախսերը, հոգալ ուսանողների ճանապարհածախսն արձակուրդների ընթացքում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի սեպտեմբերի 8-ին Վիլնյուսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|