ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 ապրիլի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կողմից ստորագրվել է 2004 թ. հունիսի 18-ին` Աստանայում: Համաձայնագրի նպատակն է Կազմակերպության շրջանակներում իրականացվող արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, ռազմական, ռազմատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական և այլ գործունեության ոլորտում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովումը:
Համաձայնագրի համար իրավական հիմք են հանդիսանում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագիրը և, ի զարգացումն այդ պայմանագրի` ընդունված փաստաթղթերը:
2. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի միջև գաղտնի տեղեկատվության փոխանցման, գաղտնի տեղեկակիրների դրոշմագրման, գաղտնի տեղեկակիրների ոչնչացման կարգը:
Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմիններ են Կողմերի ազգային անվտանգության ծառայությունները:
3. Համաձայնագրի Կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լիազորված մարմինների կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման և գաղտնի տեղեկատվության պահպանության ուղղությամբ: Կողմերը սահմանում են, որ գաղտնիության աստիճանը և դրանց համապատասխանող գաղտնիության դրոշմագրերը համադրվում են ըստ համաձայնագրի 3-րդ հոդվածի:
Կողմերը, իրենց նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, պարտավորվում են.
- համագործակցության իրականացման ժամանակ ստացված և/կամ ձևավորված գաղտնի տեղեկատվության նկատմամբ ձեռնարկել պաշտպանության նույնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են գաղտնիության նույն աստիճանն ունեցող` իրենց գաղտնի տեղեկատվության նկատմամբ,
- օգտվել մյուս Կողմի լիազորված մարմնից ստացված գաղտնի տեղեկատվությունից` բացառապես դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով,
- երրորդ Կողմին չտրամադրել գաղտնի տեղեկատվությանն իրազեկ լինելու հնարավորություն` առանց այն փոխանցած Կողմի նախնական գրավոր համաձայնության:
4. Քննության առարկա համաձայնագիրը գերակայություն ունի Կողմերի միջև առկա երկկողմ և բազմակողմ` գաղտնի տեղեկատվության ապահովման ռեժիմը կարգավորող այլ պայմանավորվածությունների նկատմամբ:
Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում համաձայնագրի մասնակից պետությունների միջև արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, ռազմական, ռազմատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական և այլ համագործակցություն իրականացնելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը սահմանող հավելվածը: Հավելվածի համաձայն` համագործակցության ընթացքում գաղտնիության ռեժիմի ապահովման նկատմամբ հսկողություն իրականացնում է յուրաքանչյուր Կողմ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|