ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ ARM-P2 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի մարտի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. մարտի 29-ին` Երևանում: Հիշյալ համաձայնագրի նպատակը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի ֆինանսավորումն է:
Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկը ՀՀ կառավարությանը տրամադրում է 15 մլրդ 918 մլն (տասնհինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն) ճապոնական իեն:
2. Վարկային համաձայնագրի նկատմամբ ընդհանրապես կիրառվող այլ դրույթներն ու պայմանները կսահմանվեն 1999 թ. հոկտեմբերին ընդունված` Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) վարկերի ընդհանուր դրույթներում և պայմաններում` լրացուցիչ պայմաններով:
Ապրանքների ու ծառայությունների գնումները և խորհրդատուների վարձակալությունն իրագործվելու են 1999 թ. հոկտեմբերին հաստատված` Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկ-Զարգացման պաշտոնական աջակցության (JBIC-ODA) վարկերի ներքո կատարվող գնումների և խորհրդատուների վարձակալման ուղեցույցներին համապատասխան:
Վարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվելու են նաև նույն JBIC-ODA վարկերի ներքո նախաորակավորման օրինակելի փաստաթղթերը, մրցութային օրինակելի փաստաթղթերը, կատարման և փոխհատուցման ընթացակարգերը:
3. Վարկային համաձայնագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ՀՀ տնտեսական կայունացման և զարգացման ջանքերը ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված միջազգային պայմանագրից:
Վարկային համաձայնագրով ֆինանսավորվող նախագծի հետ առնչվող հարցերը կարգավորվում են նրա անբաժանելի մաս կազմող 6 հավելվածով:
4. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- վարկի հիմնական գումարը Բանկին վերադարձնել ամորտիզացիոն ժամանակացույցին համապատասխան,
- վարկի հիմնական գումարի հանված և չմարված մնացորդի դիմաց կիսամյակը մեկ Բանկին վճարել տարեկան 0.75 տոկոսադրույք,
- լիազորել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին իրականացնելու նախագիծը,
- Բանկի պահանջի դեպքում ապահովել փաստացի հաշվեքննման անցկացումը,
- իրականացնող գործակալությունից պահանջել վարձել խորհրդատուներ,
- Բանկին ներկայացնել հաշվետվություններ,
- համաֆինանսավորել նախագծի համար պահանջվող տարեկան գումարի տարբերությունը,
- Բանկին վճարել սպասարկման վարձ` կատարման նամակի գումարի 0.1 տոկոսի չափով և Վարկառուի համար կատարվող վճարման գումարի 0.1 տոկոսի չափով:
5. Վարկային համաձայնագիրը նախատեսում է նախագիծն ավարտել մինչև 2011 թ. սեպտեմբերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի մարտի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|