Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-583
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.06.2005
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
07.06.2005
Дата вступления в силу
07.06.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ ՏԱՐԻՆ` 2004) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 հունիսի 2005 թ.


 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին (հատկացման տարին` 2004) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. ապրիլի 7-ին Երևանում` երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների համատեղ որոշմամբ ընտրված այլ վարկառուներին տրամադրում է 6 մլն եվրո վարկ և 1.5 մլն եվրո դրամական օժանդակություն:

2. Համաձայնագիրը նախատեսում է վարկային գումարների օգտագործման, դրանց հատկացման նախապայմանների, ինչպես նաև հանձնարարականների բաշխման կարգը, որոնք սահմանվում են հիշյալ Բանկի և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով` ԳԴՀ-ի իրավական նորմերին համապատասխան:

3. Համաձայնագիրը նախատեսում է նաև, որ եթե Վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրի օժանդակման նպատակահարմարությունը չհաստատվի, ինչպես նաև տրամադրված միջոցները չօգտագործվեն համաձայնագրով նախատեսված նպատակով, ապա այդ միջոցները կարող են փոխակերպվել վարկի:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- երաշխավորել Բանկի օգտին վճարումները եվրոյով, եթե վարկառուն Հայաստանի կառավարությունը չէ,

- Բանկին տալ երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել ֆինանսական օժանդակություն ստացողի և Բանկի միջև կնքվելիք պայմանագրից, երբ այդ օժանդակություն ստացողը Հայաստանի կառավարությունը չէ,

- ազատել Բանկին բոլոր տեսակի հարկերից և պետական այլ տուրքերից,

- ԳԴՀ կառավարության միջոցներով ֆինանսավորվող ֆիրմաների և մասնագետների` առաքումների և ծառայությունների համար չսահմանել հարկեր և այլ տուրքեր, իսկ այդ ֆիրմաներին և մասնագետներին ազատել բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և մաքսատուրքերից ու այլ վճարումներից,

- ապահովել ԳԴՀ փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը վարկի կամ դրամական օժանդակության տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև այդ ձեռնարկություններին տալ անհրաժեշտ թույլտվություններ:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումների` վարկային ռեսուրսները հատկացվում են 40 տարով, 10 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան 0.75 տոկոսադրույքով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի ապրիլի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին (հատկացման տարին` 2004) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ-583