ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 1993 թ. N 234
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման համակարգերի կառավարումը և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտների և չափաբանության կենտրոնը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. մայիսի 16-ի N 234 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` վարչություն) հանդիսանում է գործադիր իշխանության հանրապետական մարմին, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման բնագավառներում աշխատանքների կառավարումը:
2. Վարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային մարմին ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման բնագավառներում:
II. Վարչության հիմնական խնդիրները և ֆունկցիաները
3. Վարչության հիմնական խնդիրներն են`
ստանդարտացման աշխատանքների կազմակերպման բնագավառում`
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման համակարգի ստեղծումը` այն ներդաշնակելով միջազգային և ազգային համակարգերի հետ.
պետական ստանդարտներում բնակչության կյանքի և առողջության անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, համատեղելիության և համափոխարինելիության վերաբերյալ պարտադիր պահանջների սահմանումը.
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման մասնագիտական հանձնաժողովների կազմի հաստատումը և նրանց աշխատանքների կազմակերպումը, բացառությամբ ճարտարապետաշինարարության ոլորտի.
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափաբանության բնագավառում հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքների (որոնք վերաբերում են արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջներին) կոորդինացումը.
Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտների մշակման (նաև ընդհանուր տեխնիկական) կազմակերպումը, դրանց փորձաքննության, հաստատման (բացառությամբ ճարտարապետաշինարարական ոլորտի) և պետական գրանցման իրականացումն ու հրատարակումը Հայաստանի Հանրապետության պետական և այլ լեզուներով.
տեխնիկական պայմանների, ձեռնարկությունների ստանդարտների և նրանց հավասարեցված փաստաթղթերի փորձաքննության (ըստ պարտադիր ցուցանիշների) իրականացումն ու գրանցումը.
միջազգային, արտասահմանյան երկրների ազգային ստանդարտների, տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ֆոնդի ստեղծումն ու վարումը, ստանդարտացման բնագավառում գիտատեխնիկական ինֆորմացիայի հրապարակման և քարոզչության կազմակերպումը.
չափման միասնականության ապահովման աշխատանքների կազմակերպման բնագավառում`
չափումների վիճակի վերլուծության և չափաբանական ապահովման կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքների կոորդինացումը.
չափումների և չափիչ միջոցների, փորձարկման և վերահսկողության իրականացման ժամանակակից մեթոդների ստեղծման ու ներդրման ապահովումը և կիրառվող չափիչ միջոցների ու ստուգող սարքավորումների ռացիոնալ անվանացուցակի սահմանումը.
արտադրանքի մշակման, արտադրության, փորձարկումների և շահագործման չափաբանական ապահովվածության նկատմամբ պահանջներ սահմանող ստանդարտների և այլ նորմատիվ փաստաթղթերի ստեղծումը.
նորմատիվային և նախագծային փաստաթղթերի նախագծերի չափաբանական փորձաքննության կազմակերպումը.
չափիչ միջոցների ստուգման, ձեռնարկությունների չափաբանական ծառայությունների հավատարմագրման, ոչ ստանդարտ սարքավորման, չափման իրականացման մեթոդների ատեստավորման, հանրապետությունում թողարկվող չափիչ միջոցների պետական փորձարկումների անցկացման ապահովումը.
աշխատանքային չափանմուշների և սկզբնական նմուշային չափիչ միջոցների պատշաճ մակարդակով պահպանման ու պահման և նմուշային չափիչ միջոցների ֆիզիկական մեծությունների չափի միավորների փոխանցման ապահովումը.
չափիչ միջոցների արտադրության, վիճակի, կիրառման, վերանորոգման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը գործող օրենսդրությանը և չափաբանական կանոններին, պահանջներին ու նորմերին համապատասխան.
արտադրանքի սերտիֆիկացման և արտադրության ատեստավորման աշխատանքների կազմակերպման բնագավառում`
արտադրանքի սերտիֆիկացման գծով պետական մարմնի ֆունկցիաների կատարումը, այդ թվում` արտադրանքի սերտիֆիկացման, փորձարարական լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման, արտադրության ատեստավորման, որակի համակարգերի վկայագրման աշխատանքների կազմակերպումը և անցկացումը.
որակի սերտիֆիկացման համակարգերի, ատեստավորված արտադրությունների, սերտիֆիկացված արտադրանքի և հավատարմագրված փորձարարական լաբորատորիաների գործունեության վերահսկողության իրականացումը.
նախագծվող, մշակվող արտադրանքի մրցունակության վերաբերյալ տվյալների բանկի ստեղծումը, հանրապետությունում թողարկվող արտադրանքի որակի վիճակի վերլուծությունը և արտադրանքի տեխնիկական մակարդակի ու մրցունակության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) որակի պարտադիր պահանջների նկատմամբ սպառողների և պետական շահերի պաշտպանության ապահովման բնագավառում`
ստանդարտացման, չափումների, արտադրանքի որակի գնահատման և հսկողության համակարգերի հիմնական սկզբունքների մշակման և իրականացման ապահովումը, բացի ճարտարապետաշինարարական ոլորտից, որտեղ նշված աշխատանքները կատարվում են միայն չափաբանության բնագավառում.
ստանդարտացման, չափաբանության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով առաջարկությունների մշակումը.
Հայաստանի Հանրապետության տարածքում ստանդարտացման, չափաբանության, արտադրանքի որակի գնահատման և հսկողության բնագավառում վերահսկողության ապահովումը, բացի ճարտարապետաշինարարական ոլորտից, որտեղ նշված աշխատանքները կատարվում են միայն չափաբանության բնագավառում.
Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի որակի նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը բոլոր ձեռնարկություններում, անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից, բացառությամբ ճարտարապետաշինարարական ոլորտի:
4. Վարչությունը համագործակցում է ստանդարտների, չափաբանության, սերտիֆիկացման ու արտադրանքի որակի գծով միջազգային և տարածքային կազմակերպությունների, ինչպես նաև այդ բնագավառներում օտարերկրյա պետությունների ազգային մարմինների հետ:
5. Վարչությունն իրավունք ունի իր իրավասության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակել հրամաններ և հրահանգներ, որոնք պարտադիր են կատարման բոլոր նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից:
III. Վարչության աշխատանքների կազմակերպումը
6. Վարչության համակարգն ընդգրկում է ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման բնագավառներում մասնագիտացված պետական ձեռնարկությունների ամբողջությունը:
7. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր բնագավառում պետական գույքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները:
Վարչությունն ապահովում է իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունն ու դրանց նկատմամբ խնայողական վերաբերմունքը:
8. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
9. Վարչությունը գլխավորում է վարչության պետը:
Վարչության պետը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչության պետն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են պաշտոնի և ազատվում են պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` վարչության պետի ներկայացմամբ:
10. Վարչության պետը`
կազմակերպում է վարչության և նրան ենթակա պետական ձեռնարկությունների գործունեությունը.
պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
նշանակում է վարչությանը ենթակա պետական ձեռնարկությունների ղեկավարներին, տնօրեններին, տնօրենների տեղակալներին պայմանագրային եղանակով.
սահմանում է վարչության պետի տեղակալների, վարչության բաժինների պետերի և այլ ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.
հաստատում է վարչության բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների կանոնադրությունները.
կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
հաստատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողների հաստիքացուցակը.
իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
11. Վարչության պետն ի պաշտոնե հանդիսանում է ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչ, որի իրավասության շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
12. Վարչությունն ունի կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը, նրա տեղակալները, ենթակա ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև համակարգի ղեկավար այլ աշխատողներ:
Վարչության կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում վարչության զարգացման հիմնական հարցերը և համակարգի գործունեության այլ հարցեր, քննարկում է իր ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ լինելու դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարակարծությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
14. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
15. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
