ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 826-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժէ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 826-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների (բաղկացուցիչ մաս), փորձանմուշների (փորձնական նմուշ) (այսուհետ՝ հատուկ գույք) հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների փորձարկման անցկացման հետ կապված իրավահարաբերությունները։
2. Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ նաև ԳՀՓԿԱ) արդյունքների նախնական և պետական փորձարկումների անցկացման համար պայմանագրով սահմանված փորձարկում ներառող փուլը հանձնելուն պատրաստ լինելու դեպքերում, ինչպես նաև ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների փորձարկման համար ֆիզիկական կամ իրավաբանական անձը (այսուհետ՝ դիմումատու) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ներկայացնում է ծանուցագիր՝ համաձայն ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների։
3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սուբյեկտներից տարբերվող սուբյեկտները փորձարկումների կազմակերպման համար ներկայացնում են դիմում՝ համաձայն N 1 ձևի։
4. Փորձարկումների իրականացման համար իրավունք ունի դիմել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշման համաձայն ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում գրանցված սուբյեկտը։
5. Դիմումի հետ դիմումատուն կոմիտեին ներկայացնում է տեխնիկական բնութագիր (ՏԲ) և առկայության դեպքում փորձարկումների ծրագիր և մեթոդիկա (այսուհետ՝ ԾՄ)։
6. Այն դեպքում, երբ դիմումի հետ ներկայացվել է նաև ԾՄ, փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության գույքի մասով, որը ենթադրաբար գտնվում է պետական կառավարման համակարգի որևէ մարմնի տնօրինության ներքո, դիմումատուն կոմիտեին դիմումի կամ ծանուցագրի հետ ներկայացնում է նաև սույն որոշման N 2 ձևով սահմանված դիմում։
7. Կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փորձարկումների կազմակերպման համար ներկայացրած դիմումն ու փաստաթղթերը և ուղարկում դրանք`
1) հատուկ գույքի մասով հնարավոր հավանական պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին՝ սույն կարգի N 3 ձևում սահմանված շրջանակներում դիրքորոշում հայտնելու, իսկ այն դեպքում, երբ դիմումի հետ ներկայացվել է նաև ԾՄ և սույն որոշման N 2 ձևով սահմանված գույքի տրամադրման մասին դիմում՝ նաև այդ գույքի հատկացման հնարավորության վերաբերյալ կարծիք հայտնելու և այդ գույքի փոխհատուցման ենթակա արժեքի մասով տեղեկատվություն հայտնելու համար.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ հատուկ գույքի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք հայտնելու և դիմումատուի և նրա աշխատակիցների վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով՝ բացառությամբ որոշմամբ և ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգով (այսուհետ՝ ԳՀՓԿԱ կարգ) պատրաստված արտադրանքի։
8. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, սույն կարգի N 3 ձևում սահմանված հարցերի շրջանակներում դիմումի մասով կարծիքը (դիրքորոշումը) և փոխհատուցման ենթակա գույքի արժեքի մասին տեղեկատվությունն ուղարկում են կոմիտեին համապատասխան գրությունն ստանալուց հետո
10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, կոմիտեն փոխհատուցման ենթակա գույքի արժեքի մասին տեղեկատվությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է դիմումատուին, ով 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա ընդունելի լինելու կամ ընդունելի չլինելու վերաբերյալ գրավոր տեղեկացնում է կոմիտեին։ Եթե փոխհատուցման ենթակա գումարը դիմումատուի համար ընդունելի չէ, դրա մասին իմանալու պահից դիմումի ընթացքը դադարեցվում է, որի մասին կոմիտեն անմիջապես տեղեկացնում է սույն կարգում նշված շահագրգիռ մարմիններին։ Այն դեպքում, երբ դիմումատուն հայտնում է փոխհատուցման ենթակա գումարի ընդունելի լինելու մասին՝ դիմումի ընթացքը շարունակվում է։
9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր կարծիքն ու դիրքորոշումն ուղարկում է կոմիտեին համապատասխան գրությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում։
10. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից դիմումատուի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է, իսկ դիրքորոշումը կատարողին չի տրամադրվում։
11. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից դիմումի մասով դրական դիրքորոշում ստանալուց հետո, եթե դիմումատուն դիմումի հետ նախկինում ԾՄ չէր ներկայացրել, կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին ուղարկում է ԾՄ ներկայացնելու մասին գրություն։
12. Կոմիտեն, ԾՄ-ն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին և ուղարկման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է քննարկում շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկման հրավերն ստացած մարմնի ղեկավարն ապահովում է իր ներկայացուցիչների ներկայությունը։ Քննարկման արդյունքում կոմիտեն կազմում է արձանագրություն:
13. Առաջարկությունների կամ թերությունների առկայության դեպքում կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ԾՄ-ն հետ է ուղարկում հայտատուին՝ առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություններին անդրադառնալու, թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար, որից հետո գործընթացը վերսկսում է՝ սույն կարգում սահմանված 12-րդ կետից։
14. Կոմիտեն քննարկման արձանագրությունը և ԾՄ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հավանական պետական պատվիրատու հանդիսացող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնի համաձայնեցմանը և պատվիրատուի հաստատմանը, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում կամ հաստատում են ԾՄ-ն և 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում այն կոմիտեին՝ սույն կարգով ընթացքավորման համար։
15. ԾՄ-ն հաստատած և համաձայնեցրած հավանական պետական պատվիրատու հանդիսացող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինը փորձարկումների անցկացման նպատակով, հնարավորության դեպքում, սահմանված ժամանակահատվածի համար ապահովում է ԾՄ-ում նշված և իր ենթակայության տակ գտնվող անհրաժեշտ գույքը, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև այն կիրառելու հմտություն ունեցող մասնագետի մասնակցությունը փորձարկումներին։ Սույն կետի համաձայն պետական կառավարման համակարգի մարմնի ենթակայության տակ գտնվող և փորձարկումների անցկացման նպատակով տրամադրվող գույքի հատկացումն իրականացվում է այդ մարմնի, կոմիտեի և դիմումատուի միջև կնքված գույքի օգտագործման հատուցելի եռակողմ պայմանագրով, որում նախատեսվում են տրամադրվող գույքի նույնականացման տվյալները, փորձարկումների անցկացման (գույքի օգտագործման) ժամկետները, գույքի անվերադարձ օգտագործման դեպքում դիմումատուի կողմից գույքը տրամադրող պետական կառավարման համակարգի մարմնի հաշվեկշռում արտացոլված՝ գույքի ձեռքբերման ամենաբարձր արժեքը վճարելու, գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասը փոխհատուցելու, գույքի յուրաքանչյուր օրվա օգտագործման դիմաց վճարում իրականացնելու, որի չափը հաշվարկվում է գույքի տարեկան ամորտիզացիոն մասհանման՝ մեկ աշխատանքային օրվա հաշվարկի չափով, փորձարկումների ուղղությամբ պետական միջոցների հաշվին կատարված ուղղակի ծախսերը դիմումատուի կողմից հատուցելու պարտավորությունները, սույն կետում նշված վճարումների վերաբերյալ դիմումատուին տեղեկացնելու և վճարումները կատարելու ժամկետները, գույքը տրամադրելիս հանձնման-ընդունման և պետական կառավարման համակարգի մարմնին վերադարձնելու կարգը։
16. Հաստատված ԾՄ-ն ստանալու պահից, իսկ ԳՀՓԿԱ և որոշմամբ սահմանված դեպքում ծանուցագիրն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով ստեղծվում է համապատասխան հանձնաժողով՝ պետական փորձարկումներն իրականացնելու նպատակով։
17. Փորձարկումների ցանկացած փուլում հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ դադարեցնել փորձարկումները՝ թերությունների շտկման հնարավորության քննարկման և, անհրաժեշտության դեպքում, նաև պատվիրատուի համաձայնեցմամբ հայտատուին ողջամիտ ժամկետ տալու համար, որի դեպքում կազմվում է համապատասխան միջանկյալ արձանագրություն։
18. Փորձարկումների ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովը կազմում է աշխատանքների (փուլի) ընդունման ակտ (այսուհետ՝ ակտ)։
19. Ակտը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատվում է հանձնաժողովը ձևավորած պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների կողմից:
20. Հաստատված ակտը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կոմիտեին։
21. Հաստատված ակտը կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին։
22. Պետական փորձարկումների դրական արդյունքի դեպքում (բացառությամբ ԳՀՓԿԱ կարգով) 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարողին տրվում է ապրանքի պետական փորձարկումներն անցած լինելու մասին պատվիրատուի կողմից համաձայնեցված վկայագիր, որի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով։
23. Այն դեպքում, երբ փորձարկման ներկայացված հատուկ գույքի մասով չկա շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ համաձայնություն, փորձարկման համար անհրաժեշտ գույքը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։
24. Փորձարկումներին վերաբերող այն գործընթացները, որոնք չեն կարգավորվել սույն կարգով և չեն հակասում դրան, իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային ռազմական ստանդարտների համաձայն։
Ձև N 1
Օրինակ N__________
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
պարոն՝ ____________________ -ին
________________________________________
դիմումատուի անվանումը
________________________________________
դիմումատուի կոնտակտային տվյալներ
ԴԻՄՈՒՄ
(հատուկ գույքի պետական փորձարկման մասին)
Սույն դիմումով խնդրում եմ Ձեզ կազմակերպել
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
(ապրանքի անվանումը, նկարագիրը, քանակը)
պետական փորձարկումները, և հաջող փորձարկումներից հետո տրամադրել վկայագիր:
Հարգանքով`
(անվանում/անուն ազգանուն, ստորագրություն/կնիք)
Ձև N 2
Օրինակ N_________
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
պարոն՝ ________________________-ին
_________________________________________
դիմումատուի անվանումը
_________________________________________
դիմումատուի կոնտակտային տվյալներ
ԴԻՄՈՒՄ
(փորձարկման համար անհրաժեշտ գույք տրամադրելու մասին)
Ռազմական նշանակության ապրանքների, դրանց փորձանմուշների փորձարկում իրականացնելու համար անհրաժեշտ գույքի տրամադրման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կոմիտեին ուղարկում է դիմում, ներկայացնելով՝
1) փորձարկման տեսակը.
2) ապրանքի նկարագրությունը.
3) տեխնիկական բնութագիրը.
4) փորձարկման համար անհրաժեշտ այլ պետական կառավարման համակարգի մարմիններից պահանջվող գույքի ցանկը և քանակը՝ համապատասխան հիմնավորմամբ.
5) հատուկ գույքի մասով հետագայում սերիական արտադրության դեպքում միավորի նախնական գնային միջակայքը։
Հարգանքով`
(անվանում/անուն ազգանուն, ստորագրություն/կնիք)
Ձև N 3
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
(փորձարկման ներկայացված հատուկ գույքի մասով)
Հնարավոր շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները հատուկ գույքի մասով ներկայացնում են հիմնավորված դիրքորոշում՝
●
հատուկ գույքի՝ ներկա դրությամբ արդիականության մասին․● փորձարկումը հաջողությամբ անցնելուց հետո հնարավոր պատվիրատու հանդիսանալու մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
24.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
