ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 ապրիլի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Տեխնիկական աջակցության շրջանակային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (այսուհետև` Բանկ) միջև ստորագրվել է 2005 թ. փետրվարի 25-ին` Բանկի կողմից ՀՀ կառավարությանը տեխնիկական աջակցության տրամադրման ընդհանուր պայմաններ սահմանելու նպատակով:
2. Յուրաքանչյուր դեպքում տեխնիկական աջակցությունը տրամադրվում է քննության առարկա համաձայնագրով սահմանված ընդհանուր պայմաններին, ինչպես նաև Բանկի և ՀՀ կառավարության միջև փոխանակվող նամակով սահմանված հատուկ պայմաններին համապատասխան:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տեխնիկական աջակցությունը Բանկի կողմից տրամադրվում է միայն ի պատասխան ՀՀ կառավարության կողմից ներկայացված և Բանկի կողմից հաստատված խնդրանքի:
Տեխնիկական աջակցությունն իրականացվում է խորհրդատուների կողմից, որոնց ֆինանսավորումն իրականացնում է Բանկը:
3. Հայկական կողմը պարտավորվում է տեխնիկական աջակցության իրականացման ընթացքում խորհրդատուներին ապահովել համապատասխան տեղական փոխարինողներով` խորհրդատուներին աջակցելու և նրանց հետ համագործակցելու նպատակով:
Հայկական կողմը կֆինանսավորի յուրաքանչյուր տեխնիկական աջակցության այն հատվածը և կկատարի այնպիսի լրացուցիչ պարտավորություններ, որոնք կնախատեսվեն տվյալ տեխնիկական աջակցության նամակով:
4. Քննության առարկա համաձայնագրի հավելվածը սահմանում է տեխնիկական աջակցության տրամադրման ընդհանուր պայմանները: Ընդհանուր պայմանների համաձայն` տեխնիկական աջակցություն իրականացնող խորհրդատուներին տրամադրվում են այն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, որոնք Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագրին համապատասխան տրամադրվում է փորձագետներին: Չսահմանափակվելով ընդհանուր պայմաններով` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև.
- ճանաչել խորհրդատուների անձեռնմխելիությունն իրավական գործընթացից` տեխնիկական աջակցության առնչությամբ խորհրդատուների կողմից իրենց իրավասության սահմաններում կատարվող բոլոր գործողությունների կապակցությամբ,
- ազատել խորհրդատուներին և նրանց ընտանիքները (եթե նրանք ՀՀ քաղաքացիներ չեն) ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման պահանջներից և ՀՀ ազգային ծառայության պարտավորությունից,
- թույլատրել խորհրդատուներին Հայաստանի Հանրապետություն բերել տարադրամի ողջամիտ քանակ տեխնիկական աջակցության նպատակների կամ իրենց անձնական օգտագործման համար և դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից տարադրամի նույն չափով գումար` տեխնիկական աջակցության հետ կապված ՀՀ-ում իրենց վաստակած գումարի հետ մեկտեղ,
- տրամադրել խորհրդատուներին և նրանց ընտանիքներին մուտքի և ելքի վիզաներ, բնակվելու թույլտվություններ, աշխատանքի թույլտվություններ, տարադրամի փոխանակման թույլտվություններ և ճանապարհորդական փաստաթղթեր, որոնք պահանջվում են Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու ընթացքում,
- մաքսատուրքերից ազատել յուրաքանչյուր տեխնիկական աջակցության համար պահանջվող ցանկացած սարքավորում, նյութ կամ պաշար,
- ազատել խորհրդատուներին բոլոր հարկերից, տուրքերից, վճարներից կամ այլ գանձումներից` կապված տեխնիկական աջակցության իրականացման առնչությամբ խորհրդատուին տրվող վարձատրության, ՀՀ տարածք որևէ սարքավորման, փոխադրամիջոցի, նյութի կամ այլ առարկայի ներմուծման հետ:
Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է բոլոր այն հայցերի համար, որոնք ծագում են տեխնիկական աջակցությունից կամ դրա արդյունք են, որոնք երրորդ անձինք կարող են հարուցել ընդդեմ Բանկի կամ խորհրդատուների:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թ. փետրվարի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
29 ապրիլի 2005 թվականի |
