ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2025 թ. ք. Երևան |
N 1-2025 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ՀՕ-73-Ն ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար բանավոր և գրավոր դիմումներ է ստանում կազմակերպություններից և քաղաքացիներից՝ կապված 2025 թվականի մարտի 27-ին ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-73-Ն օրենքի 11-րդ հոդվածի կիրառման հետ։ Քաղաքացիների և կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց՝ 2025 թվականի ապրիլի 18-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող իրավահարաբերությունների կագավորմանը։
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
2025 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-73-Ն օրենքով, ըստ էության ամբողջությամբ վերանայվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման, հաշվարկման և վճարման գործընթացը։ Ընդ որում, ՀՕ-73-Ն օրենքի 11-րդ հոդվածով սահմանվել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից (2025 թվականի ապրիլի 18-ից) և տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:
ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`
1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ
2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ
3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:
Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-73-Ն օրենքի 11-րդ հոդվածով չնայած նախատեսված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, միևնույն ժամանակ նույն դրույթով նախատեսված է նաև, որ օրենսդրական փոփոխությունները տարածվում են այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո: Ընդ որում, օրենսդրական փոփոխության կիրառության համար ավելի ուշ ժամկետ սահմանելը պայմանավորված է այդ փոփոխություններն ամբողջական գործողության մեջ դնելու համար պահանջվող պայմանների ապահովմամբ, մասնավորապես՝
1. ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում,
2. համապատասխան ծրագրային ապահովման ներդրում և գործարկում,
3. պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի մշակում և գործարկում։
Այս տրամաբանությամբ ՀՕ-73-Ն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսվել է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-73-Ն օրենքի 11-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. այն դեպքում, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է, իրավահարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի՝ մինչև «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-73-Ն օրենքն ուժի մեջ մտնելը (2025 թվականի ապրիլի 17-ի դրությամբ) գործող խմբագրությամբ։
Ն. Մկրտչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2025 թվական:
