ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1151-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԱՆՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տալու դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1151-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԱՆՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տրվում է`
1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր նախկինում չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր
2. Հայաստանի Հանրապետության` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին
3. Օտարերկրյա պետությունից վտարման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
5. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
6. Բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
7. Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
8. Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետություն մեկնող (տեղափոխվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
9. Օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
10. Հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրից զրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ
11. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |