ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ, ԶԻՆԱՄԹԵՐՔԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերջին ժամանակներս հանրապետությունում ստեղծվել է լարված իրավիճակ` կապված քաղաքացիների և կազմակերպությունների տրամադրության տակ ապօրինի կերպով զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի և այլ ռազմական գույքի առկայության հետ: Դա ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրադրությունը, ռեալ սպառնալիք ստեղծում մարդկանց կյանքի համար: Աճում է զենքի գործադրմամբ կատարվող ծանր հանցագործությունների թիվը, որոնք անմեղ քաղաքացիների զոհվելու պատճառ են դառնում:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստեղծման փաստից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 13 կետով, որոշում եմ.
1. Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները մինչև 1991 թ. դեկտեմբերի 29-ը պետք է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնեն ապօրինի կերպով իրենց տրամադրության տակ գտնվող զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը:
2. Սույն հրամանագրի առաջին կետում նշված ժամկետում զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը հանձնողները ազատվում են պատասխանատվությունից:
3. Նշված ժամկետում զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը չհանձնած քաղաքացիներն ու կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վ. Զ. Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վ. Վ. Պողոսյանի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետ Հ. Ս. Հարությունյանի վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
19 դեկտեմբերի 1991 թ. Ն.Հ.-39 |