ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0229/02/16 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0229/02/16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2016 թվականի դեկտեմբերի 16-ին
քննարկելով Արսեն Բաբասյանի ներկայացուցիչ Լևոն Գևորգյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արսեն Բաբասյանը պահանջել է Արմինե Բաբասյանին պարտադրել Արամայիս և Տիգրան Բաբասյաններին անհապաղ վերադարձնել Ռուսաստանի Դաշնություն՝ վերականգնելով նրանց կապը իր հետ և (կամ) չխոչընդոտել իր կողմից Արամայիս ու Տիգրան Բաբասյաններին վերադարձնելուն:Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Խառատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Բաբասյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վճռաբեկ բողոքն առաջին անգամ ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է, իսկ երկրորդ անգամ ներկայացվածը` թողել առանց քննության, քանի որ ամբողջությամբ չեն շտկվել առաջին որոշման մեջ նշված խախտումները` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչված դատական ակտերի մի մասը վճռաբեկ բողոքին կցվել է առանց թարգմանության, իսկ մյուս վկայակոչվածը վճռաբեկ բողոքին չի կցվել: ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը` վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով, ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն ու քննության առնել Վերաքննիչ դատարանի 25.02.2016 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կիրառած օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը կամ այն սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
Արսեն Բաբասյանի ներկայացուցիչ Լևոն Գևորգյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.03.2016 ու 27.04.2016 թվականներին որոշումներ կայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես` վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ:
ՀՀ սահմանադրական դատարանը, «Երֆրեզ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը` վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով, ճանաչել է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, 78-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր` նկատի ունենալով նաև, որ տվյալ իրավանորմի շրջանակներում վկայակոչվող դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին, ոչ համարժեք սահմանափակում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանին հնարավորություն չի տալիս օրենքով սահմանված այլ հիմքերի բավարարման պարագայում վճռաբեկ բողոքն ընդունելու վարույթ և իրականացնելու արդարադատություն:
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, Արսեն Բաբասյանի ներկայացուցիչ Լևոն Գևորգյանի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը 27.04.2016 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «Արսեն Բաբասյանի ներկայացուցիչը, վճռաբեկ բողոքում վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, վճռաբեկ բողոքին կցել է դրանցից միայն Ռինգեյսենն ընդդեմ Ավստրիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը (գանգատ թիվ 2614/65), իսկ վկայակոչած մյուս վճիռները կցել է անգլերեն լեզվով: Նկատի ունենալով այն, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտար լեզվով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը: Տվյալ դեպքում բողոք բերած անձը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, բացառությամբ վերը նշվածի, կցել է անգլերենով՝ չներկայացնելով դրանց պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունները, ինչը նման պայմաններում համարժեք է վճիռները չներկայացնելուն: Այսինքն՝ Արսեն Բաբասյանի ներկայացուցիչը, չշտկելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2016 թվականի որոշմամբ արձանագրված վերը նշված սխալը, կրկին նույն հիմքերով ներկայացրել է վճռաբեկ բողոք»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում,
- սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,
- ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ Արսեն Բաբասյանի հանդեպ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականին ընդունել է թիվ ՍԴՈ-1293 որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են` նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, դարձել է վերջնական և բողոքարկման ենթակա չէ: ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա` 12.07.2016 թվականի դրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 27.04.2016 թվականից հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել:
Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սույն գործով բողոք բերած անձն ունի նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման դիմում ներկայացնելու իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնելու դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով, ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 25.02.2016 թվականի որոշման դեմ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի կրկին բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 231-րդ, 234-րդ, 241-241.2 հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:
2. Թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2016 թվականի որոշման դեմ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ։3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ն. Տավարացյան Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան