ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/34781/03/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան | |
Դատավորներ՝ Ք. Մկոյան | |
Ռ. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի ապրիլի 07-ին,
քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Թալինի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ <<Թալինշին>> ՀԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 5.167.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 21.12.2009 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշման դեմ Ընկերության տնօրեն Լյովա Ղազարյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ վարչական դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել Ընկերությունից 5.167.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը 04.11.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանի 02.12.2009 թվականի որոշմամբ Ընկերության հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.12.2009 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.12.2009 թվականի <<Հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշման դեմ Ընկերության բերած բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրենը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 53-րդ, 65-րդ հոդվածները, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 72-րդ հոդվածի 3-րդ մասը, 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 84-րդ հոդվածի 1-ին մասը, 158-րդ, 159-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վարչական դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունն Ընկերությունը ստացել է 14.11.2009 թվականին, իսկ հակընդդեմ հայցը ներկայացրել է 27.11.2009 թվականին, այսինքն` Ընկերությունը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված վճարման կարգադրության դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը: Մինչդեռ Դատարանը չի կիրառել վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը կարգավորող նորմերը, ինչի հետևանքով հանգել է սխալ եզրակացության:
Դատարանն անտեսել է, որ նշված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ2/0082/05/09 որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 21.12.2009 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշումը <<բեկանել և փոփոխել>>:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի <<բ>> ենթակետի համաձայն` վճարման կարգադրությունը ներառում է կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ նույն օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը սահմանվել է որպես առանձնահատուկ վարչական-դատավարական վարույթ` հատուկ վարույթ, որի ընթացքում գործում է հակընդդեմ հայց ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ, որի հաշվարկը սկսում է անձի կողմից վճարման կարգադրությունը ստանալու կամ պատշաճ ծանուցված համարվելու պահից: Այսինքն` ՀՀ վարչական դատավարությունում վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի ընթացքում հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում գործում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի <<բ>> ենթակետով սահմանված ժամկետը (տես նաև` ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցի ընդդեմ <<Սևան-Մոթել>> ՓԲԸ-ի տնօրեն Վիլիկ Սիմոնյանի` 40.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` տուգանք սահմանելու մասին 10.09.2008 թվականի թիվ 1898 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ2/0082/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.11.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացրել: Հետևաբար Ընկերությունը կորցրել է դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունն Ընկերությունը ստացել է 14.11.2009 թվականին, իսկ նշված վճարման կարգադրության դեմ հակընդդեմ հայցը ներկայացրել է 27.11.2009 թվականին (գ.թ. 17-20, 23), այսինքն` Ընկերությունը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի <<բ>> ենթակետով սահմանված ժամկետը: Հետևաբար Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը տվյալ դեպքում կիրառելի չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական դատարանի 21.12.2009 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.12.2009 թվականի <<Հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան |