ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1963/05/14 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1963/05/14 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2014 թվականի դեկտեմբերի 24-ին,
քննարկելով ըստ հայցի Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովհաննիսյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 09.03.2009 թվականի թիվ 02/18-Հ-795-145 շինարարության թույլտվությունը, 02.03.2009 թվականի թիվ 02/18-07-/2-4135-145 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 22.08.2012 թվականի թիվ 01/19-Հ-4617-229 շինարարության շահագործման փաստագրման ակտը, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքի թիվ 4 բնակարանի` փողոցի կողմի աստիճանավանդակի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` աստիճանավանդակն ապամոնտաժելուն, դռան բացվածքը կրկին վերականգնելուն, շենքի ճակատը նախկին տեսքի բերելուն` կրկին պատուհան դարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Ռուբեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հրաչյա Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 09.03.2009 թվականի թիվ 02/18-Հ-795-145 շինարարության թույլտվությունը, 02.03.2009 թվականի թիվ 02/18-07-/2-4135-145 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 22.08.2012 թվականի թիվ 01/19-Հ-4617-229 շինարարության շահագործման փաստագրման ակտը, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքի թիվ 4 բնակարանի` փողոցի կողմի աստիճանավանդակի պետական գրանցումը, որպես անվավերության հետևանք` պարտավորեցնել ապամոնտաժելու աստիճանավանդակը, շենքի ճակատը նախկին տեսքի բերելու` դուռը կրկին պատուհան դարձնելու:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2014 թվականի որոշումներով բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին Հրաչյա Գրիգորյանի միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2014 թվականի որոշմամբ Հրաչյա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.04.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» և «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումները վերացվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Հովհաննիսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 54-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործի նյութերում առկա են եղել մի շարք ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Հրաչյա Գրիգորյանը վիճարկվող վարչական ակտերի մասին իրազեկված է եղել դեռևս 2013 թվականին: Մասնավորապես` Հրաչյա Գրիգորյանը մեկ այլ` թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով հանդես է եկել որպես հայցվորների` Վարդան Վաղարշակյանի և Մարգարիտա Ամիրբեկյանի ներկայացուցիչ, որոնք 04.03.2013 թվականին հայցադիմում են ներկայացրել ընդդեմ Կադաստրի, երրորդ անձինք Լենա Հովհաննիսյանի իրավահաջորդներ Ռուբեն, Բաբկեն և Աշոտ Հովհաննիսյանների` պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 24 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 4-րդ բնակարանի` փողոցի կողմից կառուցված աստիճանավանդակի նկատմամբ 19.12.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հետևաբար, Հրաչյա Գրիգորյանը, հանդես գալով որպես սույն գործով վիճելի աստիճանավանդակի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի հիման վրա հարուցված վարչական գործով հայցվորների ներկայացուցիչ, տեղյակ է եղել վիճելի աստիճանավանդակի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին: Ավելին, թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով պատասխանող Կադաստրի ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որում առկա է հիշատակում սույն գործով վիճարկվող բոլոր վարչական ակտերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ նշված հայցադիմումի պատասխանը Կադաստրի կողմից ուղարկվել է նաև Հրաչյա Գրիգորյանին` վերջինս տեղյակ է եղել նաև սույն գործով վիճարկվող մյուս վարչական ակտերի մասին:
Հետևաբար, Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Հրաչյա Գրիգորյանն առանց հարգելի պատճառների բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը, և կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին իրավաչափ որոշում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հրաչյա Գրիգորյանն ընդհանրապես չէր կարող սույն գործով վիճարկման հայց ներկայացնել դատարան, քանի որ ներկայացված հայցադիմումով որևէ կերպ չի հիմնավորվել վիճարկվող վարչական ակտերով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված վերջինիս իրավունքների կամ ազատությունների խախտման փաստը: Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Հրաչյա Գրիգորյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ ինքը հանդիսանում է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքում գտնվող գույքային միավորի համասեփականատեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը` կայացնելով նոր դատական ակտ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով(տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. The United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. The
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:
Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:
Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
22.04.2014 թվականին դիմելով Դատարան` Հրաչյա Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 09.03.2009 թվականի թիվ 02/18-Հ-795-145 շինարարության թույլտվությունը, 02.03.2009 թվականի թիվ 02/18-07-/2-4135-145 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 22.08.2012 թվականի թիվ 01/19-Հ-4617-229 շինարարության շահագործման փաստագրման ակտը, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքի թիվ 4 բնակարանի` փողոցի կողմի աստիճանավանդակի պետական գրանցումը և որպես անվավերության հետևանք` պարտավորեցնել ապամոնտաժելու աստիճանավանդակը, կրկին վերականգնել դռան բացվածքը, շենքի ճակատը բերելու նախկին տեսքի` դուռը կրկին պատուհան դարձնելու: Հրաչյա Գրիգորյանը հայցադիմումով նշել է, որ վիճարկվող ակտերով խախտվել է իր իրավունքը, քանի որ ինքը հանդիսանում է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքում գտնվող գույքային միավորի սեփականատեր, իսկ նույն շենքի ծավալում իրականացվել է աստիճանավանդակի կառուցում` առանց իր համաձայնության: Միաժամանակ, Հրաչյա Գրիգորյանը միջնորդել է վերականգնել հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը` պատճառաբանելով, որ երկար ժամանակ չի այցելել տվյալ տարածք և աստիճանավանդակի կառուցման հիմքերի վերաբերյալ տեղեկացել է միայն Կադաստրի 18.04.2014 թվականի թիվ ԱՏ-16/04/2014-1-0022 տեղեկանքից (հատոր 1-ին, գ.թ. 3-6 և 144):
Դատարանը 25.04.2014 թվականի որոշմամբ մերժել է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին Հրաչյա Գրիգորյանի միջնորդությունը` պատճառաբանելով, որ «(...) վիճարկվող շինթույլտվությունը տրվել է 2009 թվականին, իսկ շինարարության շահագործման փաստագրման ակտը կազմվել է 22.08.2012 թվականին: Այսինքն` դեռևս 22.08.2012 թվականից խնդրո առարկա աստիճանավանդակը կառուցված է եղել, և հայցվորն օբյեկտիվորեն կարող էր իմանալ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին (...)»: Հիմք ընդունելով նշված որոշումը` 25.04.2014 թվականի մեկ այլ որոշմամբ Դատարանը մերժել է Հրաչյա Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը (հատոր 1-ին, գ.թ. 22-24):
Վերաքննիչ դատարանը 03.07.2014 թվականի որոշմամբ բավարարել է Հրաչյա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, հարգելի է համարել Հրաչյա Գրիգորյանի կողմից հայցադիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները, վերացրել է Դատարանի 25.04.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» և «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումները: Իր որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) տվյալ դեպքում վիճելի աստիճանավանդակի պետական գրանցման և այդ գրանցման հիմքերի (շինարարության թույլտվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք և փաստագրման ակտ) մասին հայցվորը տեղեկացել է միայն կադաստրային մարմնի 18.04.2014 թվականի տեղեկանքից և 22.04.2014 թվականին ներկայացրել դրանց վիճարկման և հետևանքների վերացման հայց։ Որևէ հակափաստարկ կամ ապացույց, որ իր կողմից վիճարկվող ակտերի (գործողությունների) մասին հայցվորը պաշտոնապես (այսինքն` այդպիսի տվյալները տիրապետող լիազոր մարմնի կողմից) տեղեկացված է եղել ավելի վաղ, գործում առկա չեն (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 50-52):
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Հրաչյա Գրիգորյանի կողմից 22.04.2014 թվականին ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 09.03.2009 թվականի թիվ 02/18-Հ-795-145 շինարարության թույլտվությունը, 02.03.2009 թվականի թիվ 02/18-07-/2-4135-145 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 22.08.2012 թվականի թիվ 01/19-Հ-4617-229 շինարարության շահագործման փաստագրման ակտը, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքի թիվ 4 բնակարանի` փողոցի կողմի աստիճանավանդակի պետական գրանցումը:
Այսինքն` Հրաչյա Գրիգորյանը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը: Վերաքննիչ դատարանը հարգելի է համարել նշված ժամկետի բացթողնման պատճառը` հիմք ընդունելով Հրաչյա Գրիգորյանի կողմից վկայակոչված այն հանգամանքը, որ վերջինս վիճելի աստիճանավանդակի կառուցման հիմքերի վերաբերյալ տեղեկացել է միայն Կադաստրի 18.04.2014 թվականի թիվ ԱՏ-16/04/2014-1-0022 տեղեկանքից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հրաչյա Գրիգորյանի կողմից վկայակոչված վերոգրյալ հանգամանքը չի կարող համարվել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ և չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման համար: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրաչյա Գրիգորյանը մեկ այլ` թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով հանդես է եկել որպես հայցվորների` Վարդան Վաղարշակյանի և Մարգարիտա Ամիրբեկյանի ներկայացուցիչ, որոնք 04.03.2013 թվականին հայցադիմում են ներկայացրել ընդդեմ Կադաստրի, երրորդ անձինք Լենա Հովհաննիսյանի իրավահաջորդներ Ռուբեն, Բաբկեն և Աշոտ Հովհաննիսյանների` պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 24 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 4-րդ բնակարանի` փողոցի կողմից կառուցված աստիճանավանդակի նկատմամբ 19.12.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ ՀՀ վարչական դատարանի 21.03.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 28.06.2013 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է` հայցվորների կողմից հայցից հրաժարվելու հիմքով: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.12.2013 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 28.06.2013 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գործով հայցվոր Վարդան Վաղարշակյանի անունից ստորագրել է Հրաչյա Գրիգորյանը, որը, սակայն, չի ունեցել նման լիազորություն (հատոր 1-ին, գ.թ. 101-108):
Փաստորեն, Հրաչյա Գրիգորյանը հանդես է եկել սույն գործով վիճելի աստիճանավանդակի նկատմամբ 19.12.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին 21.03.2013 թվականին հարուցված թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով հայցվորների ներկայացուցիչ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ վիճելի աստիճանավանդակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասին Հրաչյա Գրիգորյանը տեղեկացել է միայն Կադաստրի 18.04.2014 թվականի տեղեկանքից, անհիմն է: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հրաչյա Գրիգորյանը, հանդես գալով որպես սույն գործով վիճելի աստիճանավանդակի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի հիման վրա հարուցված վարչական գործով հայցվորների ներկայացուցիչ, առնվազն հայցադիմումը վարույթ ընդունելու օրվանից` 21.03.2013 թվականից, տեղյակ է եղել վիճելի աստիճանավանդակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Հրաչյա Գրիգորյանը, հանդես գալով որպես թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով հայցվորների ներկայացուցիչ, տեղյակ է եղել նաև սույն գործով վիճարկվող մյուս վարչական ակտերի մասին:
Այսպես, թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով պատասխանող Կադաստրի ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան (ՀՀ վարչական դատարանում ստացվել է 05.04.2013 թվականին), որում նշվել է, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքի թիվ 4 բնակարանի` փողոցի կողմի աստիճանավանդակի նկատմամբ Աշոտ, Բաբկեն և Ռուբեն Հովհաննիսյանները սեփականության իրավունք են ձեռք բերել 09.03.2009 թվականի թիվ 02/18-Հ-795-145 շինարարության թույլտվության, 02.03.2009 թվականի թիվ 02/18-07-/2-4135-145 ճարտարապետահատակագծային առաջադրանքի և 22.08.2012 թվականի թիվ 01/19-Հ-4617-229 շինարարության շահագործման փաստագրման ակտի հիման վրա: Փաստորեն, թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով հայցադիմումի պատասխանում առկա է հիշատակում սույն գործով վիճարկվող վարչական ակտերի վերաբերյալ, ավելին, Կադաստրի ներկայացուցիչը նշել է, որ հենց այդ վարչական ակտերն են ընկած սույն գործով վիճարկվող աստիճանավանդակի նկատմամբ 19.12.2012 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում (հատոր 1-ին, գ.թ. 62-92):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործով հայցադիմումի պատասխանը Կադաստրի կողմից թիվ «RR 095432012 AM» փոստային առաքանիով ուղարկվել է Հրաչյա Գրիգորյանին` Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24-րդ շենքի թիվ 3 բնակարան հասցեով, ինչը հավաստվում է հայցադիմումի պատասխանի օրինակների առաքման վերաբերյալ Կադաստրի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման 05.04.2013 թվականի ցանկով (հատոր 1-ին, գ.թ. 61):
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրաչյա Գրիգորյանը սույն գործով վիճարկվող վարչական ակտերի մասին թիվ ՎԴ/1540/05/13 վարչական գործի քննության շրջանակներում կարող էր ողջամտորեն տեղյակ լինել դեռևս 2013 թվականի ապրիլ ամսից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրաչյա Գրիգորյանի կողմից վկայակոչված` Կադաստրի 18.04.2014 թվականի թիվ ԱՏ-16/04/2014-1-0022 տեղեկանքից սույն գործով վիճարկվող վարչական ակտերի վերաբերյալ տեղեկացված լինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, և հետևաբար բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով նոր դատական ակտ կայացնելու համար, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքում վկայակոչված մյուս փաստարկներին չի անդրադառնում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 25.04.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» և «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումներին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |