ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1324/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1324/02/12 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Ա. Հունանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հունվարի 20-ին,
քննարկելով ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի` Վերգուշ Կիրակոսյանին անգործունակ ճանաչելու մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցիչ Աննա Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարուսյա Խոջումյանը պահանջել է Վերգուշ Կիրակոսյանին ճանաչել անգործունակ:Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 03.04.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Վերգուշ Կիրակոսյանը ճանաչվել է անգործունակ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2015 թվականի որոշմամբ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանի 01.06.2015 թվականի որոշմամբ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարուսյա Խոջումյանի ներկայացուցիչը:
2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Uահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերադարձրել է Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ առանց մերժելու պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին վերջինիս միջնորդությունը:
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանի 07.04.2015 թվականի թիվ ՍԴՈ-1197 որոշմամբ արձանագրվել է, որ հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանությունը պետք է ներառի նաև դատական ակտի բողոքարկման իրավունքը: Մինչդեռ անձի՝ իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումից օրենքով ազատված չլինելու պայմաններում վերջինս զրկվում է դատական ակտի բողոքարկման հնարավորությունից: Փաստորեն, անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործով դիմողը և այդ գործով անգործունակ ճանաչված անձը դրվում են ակնհայտ անհավասար պայմանների մեջ, և նման իրավակիրառ պրակտիկայի արդյունքում հոգեկան հիվանդությամբ տառապելու հիմքով դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձն ըստ էության զրկվում է արդարադատության մատչելիության իր իրավունքից: Հետևաբար, անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի բողոքարկման համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունից պետք է ազատվեն ոչ միայն դիմողները, այլ նաև անգործունակ ճանաչված անձինք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներով և թույլ չի տվել Վերգուշ Կիրակոսյանի՝ արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների որևէ խախտում: Հետևաբար սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործն ըստ էության չլուծող և առանձին դատական ակտի ձևով կայացվող դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակության, ինչպես նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձի՝ իր գործունակության վերաբերյալ հարցի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտի բողոքարկման իրավունքի ֆինանսական բնույթի սահմանափակման՝ պետական տուրքի վճարման պարտականության իրավաչափության վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. իրավաչափ է արդյո՞ք պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը մերժելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը` այդ որոշման եզրափակիչ մասում նշված միջնորդության մերժման մասին որևէ եզրահանգման բացակայության պայմաններում,
2. արդյո՞ք ֆիզիկական անձինք պետք է կրեն իրենց գործունակության վերաբերյալ հարցի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտերի բողոքարկման համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականություն:
1. 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի եզրահանգումը քննարկվող հարցով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող և առանձին դատական ակտի ձևով կայացվող դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպվում է դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Ընդ որում, միջանկյալ դատական ակտի եզրափակիչ մասում դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը:
Դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես, դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետև՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետևանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է խնդրի առարկա միջանկյալ դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ և հրամայական կերպով ձևակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետևանքի ամրագրմանը, որը ևս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության բացակայությունը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքը վճարված չլինելու դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության մերժումը հանդիսանում են վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք: Հետևաբար այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն, վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանի 03.04.2015 թվականի վճռով Վերգուշ Կիրակոսյանը ճանաչվել է անգործունակ (հատոր 2-րդ, գ.թ. 142-147): Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցիչը Դատարանի նշված վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 4-8): Վերաքննիչ դատարանի 18.05.2015 թվականի որոշմամբ նշված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի վճարել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը և չի ներկայացրել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 17): Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցիչը, կրկին բերելով վերաքննիչ բողոք, դրան կից ներկայացրել է նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 30-36): Վերաքննիչ դատարանը 01.06.2015 թվականի որոշմամբ վերադարձրել է Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ այդ որոշման պատճառաբանական մասում նշելով, որ «(...) [բողոք բերած անձի] կողմից չի ներկայացվել իր վստահորդի գույքային դրության մասին որևէ ապացույց, (...) որպիսի պայմաններում (...) 18.05.2015 թվականի որոշմամբ մատնանշված թերությունը բողոք ներկայացրած անձի կողմից ամբողջությամբ չի վերացվել, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման (...)»:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման եզրափակիչ մասում բացակայում է վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին որևէ նշում: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանի նշված որոշման եզրափակիչ մասը չի պարունակում որևէ հստակ եզրահանգում քննարկվող միջնորդությունը մերժելու կամ բավարարելու (վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ չհետաձգելու) մասին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
1) Վերաքննիչ դատարանը 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի միջնորդությանը,
2) Վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի միջնորդության անհիմն լինելը Վերաքննիչ դատարանը դիտել է հիմք՝ վերջինիս կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար,
3) Վերաքննիչ դատարանը 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման եզրափակիչ մասում Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու և դրա արդյունքում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ չհետաձգելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման եզրափակիչ մասի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանում գործն ըստ էության չլուծող և առանձին որոշման ձևով կայացվող դատական ակտերի եզրափակիչ մասին ներկայացվող պահանջներին: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարված չլինելու պայմաններում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության մերժումը վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է. այդ միջնորդությունը մերժելու դատավարական հետևանքը վերաքննիչ բողոքը վերադարձնելն է: Հետևաբար, բողոքարկվող որոշման եզրափակիչ մասում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախևառաջ արտացոլել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենար հստակ, միանշանակ և հրամայական բնույթ: Դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող էր իր որոշման եզրափակիչ մասում ամրագրել այդ եզրահանգման դատավարական հետևանքի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին իր եզրահանգումը:
2. 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված (...) հաշմանդամությունից
(...) կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ (...) ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ժե» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` քաղաքացուն անգործունակ (...) ճանաչելու վերաբերյալ դիմումներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց` որպես խոցելի սոցիալական խմբի անդամների պաշտպանությանն ուղղված մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում այդ անձանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունն ամրագրվում է որպես վերջիններիս իրավունքների ու ազատությունների ապահովման կարևորագույն երաշխիք:
Մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 17.12.1991 թվականի թիվ 46/119 բանաձևով հաստատված հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման սկզբունքներն անթույլատրելի են համարում հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց նկատմամբ որևէ խտրական մոտեցում, այսինքն՝ ցանկացած տարբերակումների, բացառությունների կամ նախապատվություն տալու դրսևորումներ, որոնց արդյունքում հոգեկան հիվանդությամբ տառապողների համար անհնարին կդառնա կամ կդժվարանա մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքներից հավասար օգտվելը: Վկայակոչված սկզբունքների համաձայն` անձը, ում գործունակությունը հանդիսանում է քննության առարկա, իրավունք ունի իրեն անգործունակ ճանաչելու մասին վճիռը բողոքարկել վերադաս դատական ատյան՝ այլ շահագրգիռ անձանց հետ հավասար պայմաններում:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 23.02.1999 թվականին ընդունված «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանությանն առնչվող սկզբունքների մասին» թիվ R(99)4 հանձնարարականով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին առաջարկվում է անգործունակ չափահաս անձանց իրավական պաշտպանության վերաբերյալ համապատասխան օրենսդրական կարգավորումներ ամրագրելիս առաջնորդվել այդ հանձնարարականում ամրագրված սկզբունքներով: Այդ սկզբունքների շարքում ներառված է նաև անձի` անձամբ լսվելու իրավունքի պահպանման սկզբունքը ցանկացած դատաքննության ընթացքում, որը կարող է առնչվել այդ անձի գործունակությանը, ինչպես նաև անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ ակտերի պարբերաբար վերանայման և պատշաճ բողոքարկման հնարավորության ամրագրումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) քննարկվող հարցի կապակցությամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անգործունակ ճանաչված անձին դատավարական իրավունքներից զրկելը կարող է արդարացված լինել այդ անձի պաշտպանության, այլ անձանց շահերի պաշտպանության և արդարադատության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: Սակայն, մյուս կողմից, անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումը դատարանի կողմից վերանայելու պահանջի իրավունքը հանդիսանում է անձի կարևորագույն իրավունքներից մեկը, քանի որ նման գործընթացը կարող է ուղղակիորեն ազդել բոլոր իրավունքների և ազատությունների իրականացման վրա, որոնք սահմանափակվել էին անձին անգործունակ ճանաչելու արդյունքում: Նման հնարավորության բացակայությունը չի կարող արդարացվել իրավաչափ նպատակով, որը կարող է դրվել անգործունակ ճանաչված անձի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում (տե´ս, Նատալյա Միխայլենկոն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ-ի 30.05.2013 թվականի վճիռը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության շրջանակներում այդ ֆիզիկական անձի դատավարական կարգավիճակի առանձնահատկություններին, իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի ուժով հավասարապես վերաբերում է նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ որպես խոցելի սոցիալական խմբի անդամների: Հաշվի առնելով այն իրավական հետևանքները, որոնք քաղաքացու համար ծագում են անգործունակ ճանաչվելու դեպքում, այն է՝ անձն անորոշ ժամկետով զրկվում է ինքնուրույնաբար, իր գործողություններով իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստանձնելու և դրանք կատարելու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակվում են անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիության իրավունքը՝ օրենսդիրն անձին անգործունակ ճանաչելը թույլատրում է բացառապես դատական կարգով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է քաղաքացուն ծանուցել անգործունակ ճանաչելու վերաբերյալ իր կողմից կայացված վճռի մասին՝ այդ անձին հնարավորություն տալով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու տվյալ վճիռը (տե´ս, ըստ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի` Վլադիմիր Օհանովին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0938/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 07.04.2015 թվականի թիվ ՍԴՈ-1197 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանությունը պետք է ներառի, մասնավորապես, հետևյալ իրավունքները. դատարանում լսվելու իրավունքը, դատական քննությանը լիարժեք մասնակցության իրավունքը և դատական ակտի բողոքարկման իրավունքը: Այն անձանց համար, ում գործունակությունը քննվում է դատարանում, պետք է ապահովվեն իրավահավասարության, դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատական ակտերը բողոքարկելու իրավունքները: Նշված հիմնարար իրավունքների ուժով ցանկացած անձ, ում գործունակության հարցը քննվում է դատարանում, պետք է օժտված լինի համապատասխան դատավարական կարգավիճակով, կրի դատավարական պարտականություններ, ինչպես նաև օգտվի դատավարության մասնակցի կարգավիճակից բխող դատավարական իրավունքներից, ներառյալ` դատական ակտերը բողոքարկելու իրավունքը:
Վերոգրյալ միջազգային-իրավական փաստաթղթերի և իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանան այն ուղղությամբ, որ ֆիզիկական անձն իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական գործի շրջանակներում ունենա համապատասխան դատավարական կարգավիճակ, որը գործնականում թույլ կտա վերջինիս, inter alia, անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով բողոքարկելու իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը: Այլ կերպ ասած՝ այն ֆիզիկական անձը, ում գործունակության հարցը քննվում է դատարանում, պետք է ունենա դատավարության մասնակցի կարգավիճակից բխող այնպիսի դատավարական իրավունքներ, որոնք կընձեռեն վերջինիս այդ գործի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտերը բողոքարկելու իրական հնարավորություն:
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ հանգել է այն եզրակացության, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
Վերոհիշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե´ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) կողմից հստակ ձևավորված նախադեպային իրավունքը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատական ատյաններ, այնուամենայնիվ, եթե դրանք ստեղծվել են, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում նաև՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից (տե՛ս, օրինակ, Սիալկովսկան ընդդեմ Լեհաստանի գործով ՄԻԵԴ-ի 22.03.2007 թվականի վճիռը, 103-րդ կետ):
«Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով 20.12.2007 թվականի վճռում ՄԻԵԴ-ը, կրկնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը, կրկին փաստել է, որ ներպետական օրենսդրությամբ բողոքարկման ընթացակարգերի առկայության պայմաններում Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել, որ իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձինք վերաքննիչ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից, որոնք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այնուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Ավելին՝ այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն, պետք է մանրակրկիտ քննության առնվեն՝ ելնելով արդարադատության շահերից (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 20.12.2007 թվականի վճիռը, 44-րդ և 45-րդ կետեր):
25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու տեսքով արտոնություն կիրառելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնող անձինք օրենքի ուժով ազատված են այդ դիմումների համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Ընդ որում, նմանատիպ իրավակարգավորում է նախատեսում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 171-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:
Օրենսդրական նման իրավակարգավորումներից բխում է, որ ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտները, այսինքն՝ այդ ֆիզիկական անձի ընտանիքի անդամները, խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը, օրենքի ուժով ազատված են ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից, այդ թվում նաև՝ պետական տուրքի վճարման պարտականությունից: Մինչդեռ օրենսդիրը ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության առնչությամբ դատական ծախսերից այդ ֆիզիկական անձին ազատելու հետ կապված որևէ իրավակարգավորում չի սահմանել: Փաստորեն, ի տարբերություն ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների, ֆիզիկական անձն ազատված չէ իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից, մասնավորապես՝ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նման իրավակարգավորման արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի դեպքում այդ անձը չի ազատվում պետական տուրքի վճարումից: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող խնդրի ամբողջական լուծման համար պետք է հիմք ընդունվի այն ելակետային դրույթը, որ ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական ակտերի դեմ այդ անձի կողմից բողոք բերելու հնարավորության առկայությունը և նրա խախտված իրավունքները վերականգնելը համարվում են սահմանադրական անվերապահ պահանջ՝ մարդու հիմնարար իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող խաթարել այդ իրավունքի բուն էությունը կամ օրենքի բացի արդյունքում արգելափակել այն:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արդարացված չի համարում այն իրավիճակը, երբ ֆիզիկական անձի անգործունակության հարցի քննության արդյունքում կայացված դատական ակտը բողոքարկելիս անգործունակ ճանաչվող անձի համար չի նախատեսվում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն այն դեպքում, երբ նման դիմում ներկայացրած անձը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ժե» կետի և 2-րդ մասի համաձայն, ազատված է պետական տուրքի վճարումից: Առկա իրավակարգավորման պայմաններում լիարժեք կերպով չի երաշխավորվում հոգեկան խանգարումներ ունեցող անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքը՝ խոչընդոտելով վերջինիս՝ իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացումը: Գործող իրավակարգավորումը վկայում է, որ կիրառված միջոցի և հետապնդված նպատակի միջև չկա ողջամիտ համաչափություն. ստեղծվել է ոչ իրավաչափ հավասարակշռություն անձի խախտված իրավունքների վերականգնման և պետության շահերի պաշտպանության միջև, որն աղավաղում է դատական ակտի բողոքարկման սահմանադրական իրավունքի էությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում օժտված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքներով, իրենց գործունակության վերաբերյալ հարցի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտի բողոքարկման համար սահմանված պետական տուրքից ազատված չլինելու պայմաններում զրկվում են իրենց գործունակության վերաբերյալ վերջնական դատական ակտերը բողոքարկելու, այսինքն՝ վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում վերջիններիս դատարանի մատչելիության իրավունքը պատշաճ կերպով իրացնելու հնարավորությունից: Այլ կերպ ասած՝ ֆիզիկական անձի` իր գործունակության վերաբերյալ հարցի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտի բողոքարկման համար սահմանված պետական տուրքից ազատված չլինելու արդյունքում վերջինս զրկվում է իր դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի երաշխավորված իրացման հնարավորությունից:
Բացի այդ, ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության առնչությամբ դատական ծախսերի գծով արտոնություն սահմանելու հարցում օրենսդիրը տարբերակված մոտեցում է ցուցաբերել, մի կողմից, այդ գործերը դատարանում հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտների և, մյուս կողմից, այն ֆիզիկական անձանց միջև, ում անգործունակ ճանաչելու հարցը քննության է առնվում այդ գործերով:
ՀՀ Սահմանադրական դատարանը, 04.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-881 որոշմամբ անդրադառնալով խտրականության արգելքի համընդհանուր սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ այդ սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից: Մինչդեռ հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆիզիկական անձի` իր գործունակության վերաբերյալ հարցի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտի բողոքարկման համար սահմանված պետական տուրքից ազատված չլինելը չունի որևէ օբյեկտիվ հիմք և չի կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ: Հետևաբար, պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու հարցում ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի հարուցման իրավասություն ունեցող սուբյեկտների և այդ ֆիզիկական անձի միջև ցուցաբերվող տարբերակված մոտեցումը հանդիսանում է խտրականության արգելքի սկզբունքի խախտում, ինչը չի կարող համահունչ լինել իրավական պետությանը և ժողովրդավարական հասարակությանը ներկայացվող պահանջներին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ վերջնական դատական ակտերն այդ անձի կամ վերջինիս ներկայացուցչի միջոցով բողոքարկելու իրավունքի պատշաճ իրացման նպատակով այդ ֆիզիկական անձը պետք է ազատված լինի վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչը հնարավորություն կտա գործնականում ապահովել նրա արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքները, ինչպես նաև երաշխավորել հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի կյանքի կոչումը քաղաքացիական դատավարության շրջանակներում:
Վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով սույն քաղաքացիական գործին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերգուշ Կիրակոսյանը պետք է ազատված լինի իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ Դատարանի 03.04.2015 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարման պարտականությունից, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել անգործունակ ճանաչվող անձի՝ արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքների բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքը, ինչպես նաև երաշխավորել վերջինիս նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի կյանքի կոչումը սույն քաղաքացիական գործի շրջանակներում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև այդ միջնորդությունը հիմնավորելու նպատակով Վերգուշ Կիրակոսյանի գույքային դրության վերաբերյալ ապացույցների առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման համար, քանի որ Վերգուշ Կիրակոսյանը սույն գործով չի կարող կրել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման, քանի որ պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության անհիմն լինելու հիմքով Վերգուշ Կիրակոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելը խախտում է անգործունակ ճանաչվող անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնարար իրավունքները:
Նշված պատճառաբանություններով հերքվում է նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան