ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հունիսի 21-ին,
քննարկելով ըստ դիմումի Վարուժ Կյուրեղյանի ընդդեմ «Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարուժ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) 23.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության նկատմամբ Վարուժ Կյուրեղյանի պահանջը հաստատելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցչի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ և 213-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի 17.10.2016 թվականի որոշումը դատական նիստի ընթացքում չի հրապարակվել, հետևաբար դատավարության մասնակիցները դատարանի որոշման բովանդակության մասին կարող էին տեղեկանալ միայն այդ որոշումը ստանալուց հետո, և այդ օրվանից սկսվում է հոսել վերաքննիչ բողոք ներկայացնելու տասնհինգօրյա ժամկետը:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ անհիմն կերպով սահմանափակվել է անձի դատական պաշտպանության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու հարցի համար նշանակություն ունեցող` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բողոքաբերի կողմից պահպանելու համար ներկայացված ապացույցները չի ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ` պարզելու համար վերաքննիչ բողոքը 01.11.2016 թվականից շուտ ներկայացնելու անհնարինությունը, որն առաջացել է բողոքարկվող որոշումը դատարանի կողմից դատավարության մասնակցին ուշ ուղարկելու պատճառով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
1) 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1401-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո`երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռ, կետ 57):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով, և դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու պարտականություն:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելը, կամ այդ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը (տե´ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):
Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը(տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
- Դատարանը 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության նկատմամբ Վարուժ Կյուրեղյանի պահանջը հաստատելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցչի դիմումը մերժել է (հատոր 2-րդ, գ.թ. 50-54),
- Վարուժ Կյուրեղյանը 08.11.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ. այդ վերաքննիչ բողոքը ստացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 09.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 81-85),
- Վերաքննիչ դատարանը 28.11.2016 թվականի որոշմամբ Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է` հետևյալ հիմքով. Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը ենթակա է վերադարձման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով, քանի որ այն բերվել է դրա համար սահմանված ժամկետը (01.11.2016 թվական) լրանալուց հետո` 08.11.2016 թվականին և բացակայում է այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 87),
- Վարուժ Կյուրեղյանը 15.12.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք Դատարանի 17.10.2016 թվականի «Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին>> որոշման դեմ. այդ վերաքննիչ բողոքը ստացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 16.12.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 110-120),
- Վարուժ Կյուրեղյանի 15.12.2016 թվականի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշված է. «Դատարանի որոշումը փոստային առաքմամբ ստացել է 01.11.2016 թվականին: (...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին եմ ներկայացնում դատարանի 17.10.2016 թվականի բողոքարկվող որոշման փոստային ծրարի պատճենը, որով հաստատվում է այդ որոշումը 01.11.2016 թվականին ստանալու փաստը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին միջնորդում եմ վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը հաշվարկելիս հաշվի առնել այդ ապացույցը, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ» (հատոր 2-րդ գ.թ. 110-111):
- Վարուժ Կյուրեղյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է նաև Դատարանի 17.10.2016 թվականի որոշումը 01.11.2016 թվականին ստանալու փաստը հավաստող ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 117-118):
Վերաքննիչ դատարանը 23.12.2016 թվականի որոշմամբ վերադարձրել է Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը՝ հետևյալ պատճառաբանությամբ. Վարուժ Կյուրեղյանի ներկայացուցիչը 15.12.2016 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոքը, սակայն Վերաքննիչ դատարանի 28.11.2016 թվականի որոշմամբ մատնանշված` բողոքում տեղ գտած թերությունը չի վերացրել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, գտել է, որ կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է վերադարձնել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, քանի որ այն բերվել է դրա համար սահմանված ժամկետը (01.11.2016 թվական) լրանալուց հետո` 08.11.2016 թվականին և բացակայում է այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը (հատոր 2-րդ, գ.թ. 121):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով Վարուժ Կյուրեղյանը, Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ իր վերաքննիչ բողոքը փոստային կապի ծառայության միջոցով ներկայացնելով 08.11.2016 թվականին, բաց է թողել այդ դատական ակտը բողոքարկելու օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարուժ Կյուրեղյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանի որոշումը փոստային կապի ծառայության միջոցով ստացել է 01.11.2016 թվականին` վերաքննիչ բողոքին կցելով այդ փաստն հավաստող ապացույցը, և միջնորդել է վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը հաշվարկելիս հաշվի առնել այդ ապացույցը և կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարուժ Կյուրեղյանը վերաքննիչ բողոքում ներկայացրել է Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն. Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը պարունակում է ինչպես բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողությունը՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, կատարելու վերաբերյալ գրավոր խնդրանքը՝ ուղղված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, այնպես էլ Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը՝ բողոքարկվող դատական ակտի օրինակը վերաքննիչ բողոք բերած անձին ուշ (01.11.2016 թվականին) մատչելի դառնալու հանգամանքը:
Այսպիսով, սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությունից հետևում է, որ Վարուժ Կյուրեղյանը, Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերելով օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետի լրանալուց հետո, ներկայացրել է համապատասխան միջնորդություն՝ բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ, որը չի քննարկվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով անհիմն է վերադարձրել Վարուժ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը, քանի որ վերջինս իր վերաքննիչ բողոքում փաստացի ներկայացրել է Դատարանի 17.10.2016 թվականի ««Մասիսավան բրենչ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որը պետք է քննարկման առարկա դառնար Վերաքննիչ դատարանում:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վարուժ Կյուրեղյանի միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է լուծել վերաքննիչ բողոքը վերադարձնելու հարցը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ամբողջությամբ ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |