ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՏԴ2/0043/01/17 |
Գործ թիվ ՏԴ2/0043/01/17 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Դանիելյան |
Դատավորներ՝ |
Ա. Նիկողոսյան |
Ռ. Մխիթարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ՝ |
Ն. Թումանյանի | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
2019 թվականի դեկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց
դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Ռազմիկ Ռոմեոի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հուլիսի 24-ին քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Ռոմեոի Հախվերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի դատավճռով Ռ.Հախվերդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Ռ.Հախվերդյանի՝ 2017 թվականի մայիսի 11-ից մինչև 2018 թվականի մարտի 15-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նա ազատվել է պատիժը կրելուց: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը՝ թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի որոշմամբ Ռազմիկ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով այն բանի համար, որ. «(...) [Ն]ա 2016 թվականի նոյեմբերի 11-ի երեկոյան Դիլիջան քաղաքի «Միմինո» սրճարանում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման և շրջապատին հակադրվելու հանդուգն ձգտումով, հնչեցրել է «Այստեղ տղա կա» հարցադրումը, ապա անհիմն վիճաբանել արձագանքած անծանոթ այցելուների հետ, առանց հրավերի սեղանակցել, իր սանձարձակ վարքագծով խաթարել սրճարանի բնականոն աշխատանքը` շուրջ 15 րոպե բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջապատի նկատմամբ` կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
(...)
Բացի այդ, Ռ.Հախվերդյանի կողմից «Միմինո» սրճարանում խուլիգանություն կատարելու ժամանակ սրճարանի սեփականատիրոջ` Արմեն Մարտիրոսյանի հանդարտման կոչերին չենթարկվելու պատճառով առաջացած տարաձայնությունը հարթելու նպատակով, վերջիններս, նույն օրը` ժամը 18-19-ի սահմաններում մեկնել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի սկզբնամաս, որտեղ Ռ.Հախվերդյանը բարձրաձայն հայհոյանքներ տալով, խուլիգանական դրդումներով, ապօրինաբար Ա.Մարտիրոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Ա.Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում` նաև կրծքավանդակին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող և հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չհասցնելով ավարտին` դիմել է փախուստի»1:
6. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 16-ին ծանուցագիր է ուղարկել գործով դատակոչված վկա Էդգար Ղամբարյանի հասցեով` 2018 թվականի ապրիլի 4-ին կայանալիք դատական նիստին ներկայանալու համար, որը հետ է վերադարձվել՝ «տեղափոխված» նշումով2:
6.1. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի ապրիլի 4-ին և ապրիլի 26-ին վկա Է.Ղամբարյանին բերման ենթարկելու մասին որոշումներ է կայացրել3:
6.2. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ Վ.Ղազարյանը գրությամբ Առաջին ատյանի դատարանին տեղեկացրել է, որ Է.Ղամբարյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել դատարան` բնակության վայրից նրա բացակայության պատճառով4: Հիշյալ գրությանը կցված` «Բնակարան այցելելու մասին» արձանագրության համաձայն` վկայի մայրը` Սեդա Թամամյանը հայտնել է, որ որդին` Է.Ղամբարյանը, 2018 թվականի մարտի 20-ից գտնվում է Ռուսաստանում` բուժման նպատակով5:
6.3. 2018 թվականի մայիսի 18-ին Առաջին ատյանի դատարանը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` խնդրելով տրամադրել Է.Ղամբարյանի սահմանահատումների վերաբերյալ տվյալները: Ստացված տեղեկություններով պարզվել է, որ 2018 թվականի մարտի 21-ին Է.Ղամբարյանը Բագրատաշեն սահմանային անցակետով լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը6:
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված է հետևյալը․ (...) [Վ]արույթ իրականացնող մարմինը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ ամբաստանյալը կատարել է իրեն վերագրվող խուլիգանական դրդումներով կատարված սպանության փորձը: Սա չի նշանակում, որ տվյալ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կասկած չի կարող առաջացնել, սակայն այդպիսի կասկածի աստիճանն աննշան է` ընդամենը ենթադրություն, և հիմնավորված չէ բավարար ապացույցներով: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 և 365 հոդվածներն արձանագրում են, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը, հետևաբար նաև մեղադրական դատավճիռը, չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա, անձի մեղավորությունը պետք է հաստատվի դատական քննության ընթացքում` գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Սույն գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալի կողմից սպանության փորձ կատարելու վերաբերյալ հավաստի ապացույցներ ձեռք չեն բերվել: Իսկ եղած ենթադրությունները բավարար չեն մեղադրական դատավճիռ կայացնելու համար:
Ինչ մնում է գործով պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքներին, ապա դատարանը գտավ, որ պետք է բավարարել ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը` դրանք անթույլատրելի ճանաչելու և ապացույցների շարքից հանելու վերաբերյալ ` հետևյալ պատճառաբանությամբ.
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի դ ենթակետի համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները:
(...)
Ամբաստանյալը դատաքննությամբ պահանջեց ապահովել պաշտպանության միջոց կիրառված վկայի ներկայությունը` նրան առերես հարցաքննելու համար, սակայն նրան դատական նիստին ապահովել չհաջողվեց: Պաշտպանության կողմը, նկատի ունենալով, որ իրենք զրկված են եղել գործով վկային հարցաքննելու հնարավորությունից, միջնորդեց հակընդդեմ հարցման իրավունքով /կոնֆրոնտացիայով/ չապահովված փաստական տվյալը չհամարել ապացույց, վկայի նախաքննական ցուցմունքները ճանաչել անթույլատրելի և հանել ապացույցների շարքից:
Դատարանը գտավ, որ ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքը պաշտպանության միջոց կիրառված վկայի նախաքննական ցուցմունքների ստուգման մասով չի ապահովվել: Վկայի բացակայությունն արդարացված չէ, նրան առերես հարցաքննելու ամբաստանյալի իրավունքն ապահովված չէ, վկայի նախաքննական ցուցմունքները սույն գործով անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում վճռական կշիռ ունեցող միակ փաստարկն են, հետևաբար դրանք անթույլատրելի են և չեն կարող դրվել ապացույցների շարքում: (...)»7։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) ամբաստանյալ Ռազմիկ Հախվերդյանը հնարավորություն չի ունեցել իրացնելու իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր ուղղելու իր իրավունքը:
Այլ կերպ ասած՝ պաշտպանության կողմի հակընդդեմ հարցում իրականացնելու (կոնֆրոնտացիայի) իրավունքը չի ապահովվել: Ընդ որում, գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանն այս առնչությամբ ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար ջանասիրություն, սակայն նշված անձի ներկայությունը դատական նիստին ապահովել չի հաջողվել:
Մինչդեռ, պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքն ու դրանում տեղ գտած տեղեկությունները միակ փաստարկն է և ունի վճռական կշիռ ամբաստանյալ Ռ.Հախվերդյանի մեղքը (մեղադրանքի այդ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով) հաստատող ապացույցների զանգվածում: Ինչն ինքնին բացառում է առկա պայմաններում, այն ապացույցների շարքում ներառելու իրավական հնարավորությունը: Որպիսի պայմաններում, դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքը պաշտպանության միջոց կիրառված վկայի նախաքննական ցուցմունքների ստուգման մասով չի ապահովվել:
(...) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Ռազմիկ Հախվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքի առնչությամբ, սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ վերջինս կատարել է մեղադրանքի այդ մասով իրեն վերագրվող արարքը:
(...)
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Ռազմիկ Հախվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Հիմք ընդունելով վերոգրյալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ռազմիկ Հախվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար` վիճարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան: (...)»8։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:
9.1. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ռ.Հախվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, նրան անհիմն կերպով ազատել են քրեական պատասխանատվությունից՝ խախտելով հանցագործության հետևանքով տուժած անձի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
9.2. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ հետևության այն մասին, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ռ.Հախվերդյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նրան մեղսագրված արարքը: Ըստ բողոքի հեղինակի՝ թե՛ Առաջին ատյանի դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից:
9.3. Մեջբերելով պաշտպանության միջոց կիրառված՝ «Գոհարիկ Անդրեասյան» կեղծանունով վկայի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, բողոքաբերը նշել է, որ այդ վկան Է.Ղամբարյանն է, ով գործի դատաքննության ժամանակ իրեն բացահայտել է: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը բոլոր հնարավորություններն ունեցել է օրենքով սահմանված կարգով վկային դատարան բերելու և հարցաքննելու համար, ինչով էլ կապահովվեր ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքը: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, ըստ բողոքաբերի, բավարար միջոցներ չի ձեռնարկել վկային դատական քննության ներկայացնելու ուղղությամբ, ընդամենն արձանագրել է, որ վկային չի հաջողվել ներկայացնել դատարան, որով էլ չի ապահովվել ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքը՝ անհիմն վերջինիս ցուցմունքները հանելով ապացույցների շարքից։
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ սույն գործով ստորադաս դատարանները, բավարար միջոցներ չձեռնարկելու պատճառով «Գոհարիկ Անդրեասյան» կեղծանունով վկային դատաքննության ընթացքում չհարցաքննելով, նշված ապացույցը չգնահատելով արժանահավատության տեսանկյունից՝ գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համակցության մեջ և չհամադրելով մյուս ապացույցների հետ, գործով ձեռք բերված ապացույցները միակողմանի գնահատելով, եկել են սխալ եզրահանգման՝ Ռ.Հախվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ՝ արդյունքում թույլ տալով դատական սխալ:
9.4. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն, որ Թեղուտ գյուղում գտնվող դեպքի վայրում ասֆալտապատ գետնից վերցված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն, որն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի՝ առաջացել է AB խումբ ունեցող անձից, իսկ տուժող Ա.Մարտիրոսյանի արյունը պատկանում է նույն խմբին։ Բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանները, ամբողջությամբ չհետազոտելով գործում եղած ապացույցները, առանց որևէ փաստարկի, անհիմն կերպով կասկածի տակ են դրել դեպքի ժամին դեպքի վայրում՝ Թեղուտ գյուղում, տուժողի գտնվելու հանգամանքը։
10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2019 թվականի մարտի 15–ի որոշումը՝ ամբաստանյալ Ռ.Հախվերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասով բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ռ.Հախվերդյանի կողմից վկա Է.Ղամբարյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման անհնարինության և վկայի ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`
(…)
4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(…)
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, (…)»:
13. Վճռաբեկ դատարանը հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքին անդրադարձել է Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ, արձանագրելով հետևյալը. «(…) հակընդդեմ հարցման իրավունքը քրեական վարույթի արդարացիության ապահովման հիմնարար երաշխիքներից է, որի կենսագործման միջոցով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը գործի դատական քննության ընթացքում կարողանում է վիճարկել իր դեմ տրված ցուցմունքը։ Այդ գործընթացն առանցքային նշանակություն ունի նաև գործն ըստ էության քննության առնող դատարանի համար, որը ենթադրյալ հանցանք կատարած անձի մեղավորությունը որոշելիս համակողմանի գնահատման է ենթարկում ինչպես վկայի տված ցուցմունքը, այնպես էլ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի կողմից վկային ուղղված հարցերի առնչությամբ վերջինիս տրված պատասխանները։
(…) Հակընդդեմ հարցման իրավունքը կարևորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ բոլոր ապացույցները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Այս սկզբունքն ունի նաև բացառություններ, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի` իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում9:
Այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված ընդհանուր կանոնը վկաներին գործի դատական քննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելն է։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում են վկաները ներկայանում դռնբաց դատական քննությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է հետևյալ սկզբունքներն այդ վկաների նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությունը գնահատելու համար.
- վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն՝ դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր՝ դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, օրինակ` վկայի մահվան, վրեժխնդրության վախի10, վկային հայտնաբերելու անհնարինության11 կամ այլ պատճառներով։ Ընդ որում, այս սկզբունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ վկաներին չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, ապա դրանց բացակայությունն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի անարդարացիության մասին12,
- եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ որը հարցաքննության չի ենթարկվել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (այսպես կոչված՝ «միակ կամ վճռորոշ կանոնը»)։ Այդ համատեքստում որպես «միակ» պետք է հասկանալ մեղադրյալի դատապարտման հիմքում դրված միակ ցուցմունքը, իսկ «վճռորոշ»-ը պետք է հասկանալ այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունքը, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար13,
- պետք է ուսումնասիրվի հակակշռող բավարար գործոնների առկայությունը, ինչպես օրինակ` մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունը և դատաքննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար ձեռնարկված դատավարական միջոցները։ Ընդ որում, այդ գործոնների առկայությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել անձին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնցում դատարանը չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է սահմանափակել է պաշտպանության կողմի միջոցները14:
Հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ վերոնշյալ երեք տարրերից բաղկացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված թեստն ունի առանցքային նշանակություն։ Այդ երեք տարրերը փոխկապակցված են միմյանց հետ և հիմք են ծառայում որոշելու համար, թե ընդհանուր առմամբ ապահովվել է քրեական վարույթի արդարացիությունը, թե ոչ15։ (…)»16:
14. Միևնույն ժամանակ, հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված ապացույցն անթույլատրելի ճանաչելու հնարավորության առնչությամբ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում վկայակոչել Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում թվարկված՝ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերի առնչությամբ։ Մասնավորապես, այդ գործով Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը․ «Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին։ Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ՝ այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից։
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով»17։
15․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 16-ին ծանուցագիր է ուղարկել գործով դատակոչված վկա Է.Ղամբարյանի հասցեով` 2018 թվականի ապրիլի 4-ին կայանալիք դատական նիստին ներկայանալու համար, որը հետ է վերադարձվել՝ «տեղափոխված» նշումով,
- 2018 թվականի ապրիլի 4-ին և ապրիլի 26-ին Առաջին ատյանի դատարանը վկա Է.Ղամբարյանին բերման ենթարկելու մասին որոշումներ է կայացրել:
- ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը գրությամբ Առաջին ատյանի դատարանին տեղեկացրել է, որ Է.Ղամբարյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել դատարան` բնակության վայրից նրա բացակայության պատճառով: Հիշյալ գրությանը կցված` «Բնակարան այցելելու մասին» արձանագրության համաձայն` Է․Ղամբարյանը, 2018 թվականի մարտի 20-ից գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` բուժման նպատակով: 2018 թվականի մայիսի 18-ին Առաջին ատյանի դատարանը հարցում է կատարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` խնդրելով տրամադրել Էդգար Ղամբարյանի սահմանահատումների վերաբերյալ տվյալները: Ստացված տեղեկություններով պարզվել է, որ 2018 թվականի մարտի 21-ին Էդգար Ղամբարյանը Բագրատաշենի սահմանային անցակետով լքել է ՀՀ տարածքը18,
- Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով վկա Է.Ղամբարյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու և ապացույցների շարքից հանելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը, գտել է, որ ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքը պաշտպանության միջոց կիրառված վկայի նախաքննական ցուցմունքների ստուգման մասով չի ապահովվել, վկայի բացակայությունն արդարացված չէ, նրան առերես հարցաքննելու ամբաստանյալի իրավունքն ապահովված չէ, վկայի նախաքննական ցուցմունքները ամբաստանյալի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում վճռական կշիռ ունեցող միակ փաստարկն են, հետևաբար դրանք անթույլատրելի են և չեն կարող դրվել ապացույցների շարքում19,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ռ.Հախվերդյանը հնարավորություն չի ունեցել իրացնելու իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր ուղղելու իր իրավունքը, որպիսի պարագայում պաշտպանության կողմի հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանն այս առնչությամբ ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար ջանասիրություն, սակայն նշված անձի ներկայությունը դատական նիստին ապահովել չի հաջողվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը միակ փաստարկն է և ունի վճռական կշիռ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ամբաստանյալ Ռ.Հախվերդյանի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում, ինչն ինքնին բացառում է այն ապացույցների շարքում ներառելու իրավական հնարավորությունը20:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ հակընդդեմ հարցման իրավունքի չապահովումը կարող է անհնարին դարձնել վկայի ցուցմունքը դատական ակտի հիմքում դնելը, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով այն չի կարող դիտարկվել որպես դատավարական խախտում, որը կարող է հանգեցնել ապացույցի անթույլատրելիության։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովումը դատավարական երաշխիք է, այլ ոչ թե ապացույցի ձեռքբերման օրենքով նախատեսված դատավարական պահանջ, որի խախտումը կարող է հանգեցնել ապացույցի անթույլատրելիության, սույն գործով վկա Է.Ղամբարյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչվել չէին կարող։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել՝ վկա Է.Ղամբարյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչ Է.Ղամբարյանի նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությանն անդրադառնալն անհրաժեշտ էր ձեռնարկել վկայի հայտնաբերմանն ուղղված համակողմանի բավարար միջոցներ, որոնք ըստ Վճռաբեկ դատարանի՝ ողջամտորեն լիարժեք չեն եղել: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, դատարանը չի սպառել ողջամտորեն անհրաժեշտ միջոցները՝ վկայի գտնվելու կոնկրետ վայրը պարզելու և նրան հակընդդեմ հարցման ենթարկելու համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ այն փաստը, որ ներպետական դատարանները չեն կարողացել պարզել տվյալ վկայի գտնվելու վայրը կամ այն փաստը, որ վկան բացակայել է այն երկրից, որտեղ իրականացվել է գործով վարույթը, ինքնին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջների տեսանկյունից բավարար չէ: Այդ պահանջների համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պետք է դրական քայլեր ձեռնարկեն՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության21: Այդ քայլերը Պայմանավորվող պետությունների կողմից կատարման ենթակա այն պարտավորությունների մաս են կազմում, որոնք ուղղված են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից արդյունավետորեն օգտվելու հնարավորությունն ապահովելուն22:
16.1. Առաջին ատյանի դատարանը թեև որոշակի քայլեր ձեռնարկել է վկա Է.Ղամբարյանին գտնելու և նրան հակընդդեմ հարցման ենթարկելու համար, սակայն Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ հնարավոր բոլոր միջոցները չեն ձեռնարկվել: Մասնավորապես, հաշվի առնելով, որ վկայի մայրը նշել է որդու՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու հանգամանքը23, դատարանը միջոցներ չի ձեռնարկել նրան հարցաքննելու միջոցով որդու գտնվելու վայրը հստակեցնելու ուղղությամբ։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումների24 լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի հիման վրա, որի մասնակից են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը։ Ավելին, անհրաժեշտության դեպքում, Առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության նաև 1959 թվականի ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև վերաբերելի այլ միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակներում։
16.2. Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով ստորադաս դատարանի դատական ակտը, նույնպես ոչ իրավաչափ հետևություններ է արել տվյալ գործով հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման առնչությամբ Առաջին ատյանի դատարանի կողմից անհրաժեշտ և բավարար ջանասիրություն դրսևորած լինելու վերաբերյալ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ռ.Հախվերդյանի կողմից վկա Է.Ղամբարյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման անհնարինության և վկայի ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու (կոնֆրոնտացիայի) իրավունքի պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում միայն կարող է ապահովվել գործում առկա ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության, դրանց գնահատման հարցերի ողջ ծավալով քննությունը, այդ թվում` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վկա Է.Ղամբարյանի նախաքննական ցուցմունքների օգտագործման իրավաչափության գնահատումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Ռազմիկ Ռոմեոի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Ռազմիկ Ռոմեոի Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 188-189:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 96, 99:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 104, 117:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 8:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 9:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 4, 12-13:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 43-50
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 74-95:
9 Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 118-րդ կետ։
10 Տե՛ս նույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։
11 Տե՛ս Paić v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 47082/12, 34-րդ կետ։
12 Տե՛ս Seton v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 55287/10, 62-րդ կետ։
13 Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 123-124-րդ կետեր։ Նշվածի կապակցությամբ տե՛ս նաև Համայակ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 23-րդ կետը, որտեղ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում:
14 Տե՛ս նույն վճռի 116-րդ, 145-րդ կետերը։
15 Տե՛ս նույն վճռի 117-118-րդ կետերը։
16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշման 17-19.1-րդ կետերը:
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշման 31.1-րդ կետը:
18 Տե΄ս սույն որոշման 6-6.3-րդ կետերը:
19 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:
20 Տե΄ս սույն որոշման 8-րդ կետը:
21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ, Lučić v. Croatia գործով 2014 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 5699/11, 79-րդ կետ:
22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ:
23 Տե՛ս սույն որոշման 6․2-րդ կետը։
24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, 51-րդ կետ:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան |
|
Ա. Պողոսյան |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: