ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 290-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-859-09.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-859-09.02.2021-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ մասը խմբագրել, և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը սահմանել մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:
Նախագծի հիմնավորման համաձայն սահմանային տարիքը լրացած զինծառայողները, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում են արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունեն և ունակ են շարունակելու ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում: Նույնը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում:
Օրենքով ըստ զինծառայողների կազմի զինվորական ծառայության անցնելու սահմանային տարիքների նախատեսումը չի հանդիսանում բացառապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերին բնորոշ կարգավորում, այն ընդունված է աշխարհի բոլոր պետությունների զինված ուժերում և իր հիմքում ունի զինվորական ծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ինչպիսիք են անձի ֆիզիկական և առողջական վիճակի համապատասխանությունն զբաղեցրած (կամ առավելագույն զբաղեցման ենթակա) զինվորական պաշտոնին և զինվորական ծառայությունից բխող գործառույթներին, զինված ուժերում պատշաճ կադրային քաղաքականության իրականացումը և անձնակազմի կառավարման գործընթացում պլանային փոխարինումների ու առաջխաղացման, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության ապահովումը: Բացի դրանից, զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքների հետ անմիջական կապի մեջ է գտնվում զինված ուժերի պահեստազորի համակարգը, որը ևս ձևավորված է պահեստազորայինների տարիքային սկզբունքով, որի հիման վրա զինծառայողը չի կարող զինվորական ծառայության մեջ գտնվել ավելի բարձր տարիքում, քան նախատեսված է պահեստազորում հաշվառման համար (օրենքի 57-րդ հոդված):
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում աշխատանքներ են տարվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ, նախատեսվում է անդրադառնալ նաև զինվորական ծառայության մեջ գտնվելու և պահեստազորում հաշվառվելու սահմանային տարիքների վերանայմանը՝ որոշակի բարձրացման միտումով:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի 30-րդ հոդվածը թողնել անփոփոխ և նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակներում: