ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1300/02/19 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1300/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան | ||
|
20
21 թվականի հունվարի 27-ինգրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարիաննա Գրիգորյանի ընդդեմ Բանկի, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Աղասի Դանիելյանի, երրորդ անձ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մարիաննա Գրիգորյանը պահանջել է արգելանքից հանել Արագածոտնի մարզի Օշական համայնքում գտնվող և Բյուրական համայնքի 16-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքերը (այսուհետ` Գույքեր):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Ա. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 25.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2020 թվականի որոշմամբ Մարիաննա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.11.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, Մարիաննա Գրիգորյանի հայցը բավարարվել է, Գույքերը հանվել են արգելանքից:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Մարիաննա Գրիգորյանը, Աղասի Դանիելյանը և Ծառայության ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ, 176-րդ, 196-րդ, 289-րդ, 301-րդ, 302-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին 08.07.2019 թվականի որոշմամբ հայցվորի վրա դրել է պարտականություն ապացուցելու, որ վիճելի Գույքերը սեփականության իրավունքով պատկանում են իրեն և այդ Գույքերի նկատմամբ գրանցված է իր սեփականության իրավունքը, մինչդեռ, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այդ փաստի հիմնավորման համար: Իսկ հայցվորի կողմից ներկայացված ամուսնական պայմանագիրը և այն Բանկին ուղարկելու փաստը հավաստող գրությունն ու անդորրագիրը, Դատարանը համարել է ոչ բավարար Գույքերն արգելանքից հանելու համար:
Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Մարիաննա Գրիգորյանը և Աղասի Դանիելյանն իրենց ամուսնական պայմանագիրը կնքել են միայն այն բանից հետո, երբ վեճի առարկա անշարժ Գույքերի նկատմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/0070/02/15 քաղաքացիական գործով 28.12.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կիրառված էր արգելանք:
Վերաքննիչ դատարանն անտեսել է առանցքային նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ վեճի առարկա Գույքերի նկատմամբ մինչև ամուսնական պայմանագիր կնքելը, ավելի վաղ ամսաթվով կիրառված է արգելանք, որը բացառում էր արգելադրված Գույքերի մասով որևէ գործարքի կատարումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.11.2019 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Մարիաննա Գրիգորյանի` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1791/02/11 և թիվ ԵԿԴ/0779/02/10 որոշումներով արտահայտած դիրքորոշումները` Մ. Գրիգորյանը նշել է, որ ինքը և իր ամուսինն իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կարգավիճակը փոփոխել են 30.03.2019 թվականին կնքելով ամուսնական պայմանագիր, որտեղ հստակ արտահայտել են իրենց կամքը` ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող ողջ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սահմանել յուրաքանչյուրի սեփականության իրավունքը, որի մասին ամուսինը ծանուցել է Բանկին:
Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը որևէ աղերս չունի ամուսնական պայմանագիր կնքելու հանգամանքով պայմանավորված արգելանքի տակ գտնվող և իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող Գույքերն արգելանքից հանելու մասին ծագած վեճի լուծման հետ, վճռաբեկ բողոքն ամբողջությամբ վերաբերում է պարտապան Աղասի Դանիելյանին, ով սույն գործի շրջանակներում հանդես է գալիս որպես պատասխանող, մինչդեռ հայցը ներկայացրել է ինքը:
Ամուսնական պայմանագրի ուժով արգելանքի տակ գտնվող և իրեն սեփականության իրավունքով պատկանող Գույքերի պատկանելության վերաբերյալ վեճ է ծագել և ինքը որպես շահագրգիռ անձ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի ուժով իրավունք ունի ամուսնական պայմանագրի հիման վրա իրեն պատկանող Գույքերն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել Դատարան, քանի որ խախտվել է իրեն սեփականությամբ պատկանող գույքից անարգել օգտվելու իրավունքը:
2.2 Աղասի Դանիելյանի` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ ինքն իր կնոջ հետ 30.03.2019 թվականին կնքել է ամուսնական պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով: Պայմանագրի մասին պատշաճ կերպով ինքը ծանուցել է պարտատեր Բանկին: Բանկը զրկված չի եղել օրենքով սահմանված կարգով ամուսինների միջև կնքված պայմանագիրը վիճարկելու կամ իր և Բանկի միջև կնքված պայմանագրի պայմանները փոփոխելու մասին պահանջ ներկայացնելու իրավունքից, որի փոխարեն, սակայն, վճռաբեկ բողոք է ներկայացրել, մինչդեռ հայցվորը չպետք է կրի դրա հետևանքները:
2.3 Ծառայության` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վկայակոչելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 28-րդ, 30-րդ, 43-րդ և 44.1-րդ հոդվածները Ծառայության ներկայացուցիչը նշել է, որ դատարանների կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա կատարողական գործողությունների արդյունքում արգելանք է դրվել պարտապան Աղասի Դանիելյանի անվամբ գրանցված Գույքերի վրա: Հետագայում կատարողական վարույթներն ավարտվել են և պարտատիրոջն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել դատարան պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Հարկադիր կատարողի գործողություններն օրինական են, առավել ևս, որ հայցվոր Մարիաննա Գրիգորյանի կողմից չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ արգելանքի տակ գտնվող Գույքերը հանդիսանում են իր միանձնյա սեփականությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.12.2015 թվականի թիվ ԵԱՔԴ/0070/02/15 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատարանը վճռել է՝ պատասխանողներ Ընկերությունից, Աղասի Դանիելյանից հօգուտ Բանկի համապարտության կարգով բռնագանձել 1.146.762,80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես առ 08.06.2015 թվականի դրությամբ պարտավորության գումար, որից վարկի մնացորդ՝ 1.100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (որից ժամկետանց՝ 75.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), հաշվարկված տոկոս՝ 28.794,52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (որից ժամկետանց՝ 27.109.6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), ժամկետանց գումարի տույժ՝ 12.202,1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի համար տույժ՝ 5.766,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: (…) Բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա (…), իսկ դրանց իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում, նաև պատասխանողներ Ընկերությանը և Աղասի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի, այդ թվում՝ բանկային հաշիվների և դրամական միջոցների վրա (հատոր 2-րդ, գ.թ. 45).
Նշված վճռի հիման վրա 19.01.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն պետք է. «1.256.331 ԱՄՆ դոլար 40 ցենտին համարժեք ՀՀ դրամ հայցագնի չափով արգելանք դնել պատասխանող Աղասի Դանիելյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա»:
2. Երևանի խորհրդային շրջանի ԶԱԳՍ-ի բաժնի կողմից 07.05.1992 թվականին տրված թիվ 434164 ամուսնության վկայականի համաձայն՝ Աղասի Դանիելյանը և Մարիաննա Գրիգորյանը հանդիսանում են ամուսիններ (հատոր 2-րդ, գ.թ. 95).
3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է քննվում թիվ ԵԴ/26616/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Բանկի ընդդեմ Աղասի Դանիելյանի և Մարիաննա Գրիգորյանի` ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, մասնավորապես՝ Բանկը պահանջել է.
«… որոշել ք.Երևան, Մ. Խորենացի փողոց, 25 շենք, թիվ 56 բնակարան հասցե,
- ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց 17 շենք, թիվ 39 բնակարան հասցե,
- ք. Երևան, Ռուբինյանց փողոց 26 շենք, թիվ 49 բնակարան հասցե,
- ք.Երևան, Ռուբինյանց փողոց 13 շենք, թիվ 29 բնակարան հասցե,
- ք. Երևան, Կոմիտասի պողոտա 63 շենքի թիվ 135 տարածք հասցե,
- ք.Երևան, Լեփսիուսի փողոց, 15 շենք, թիվ 50 բնակարան հասցե,
- ք. Երևան, Քանաքեռ 12 փողոց, անցուղի 15/1 տուն հասցե,
- Արագածոտնի մարզ, Աղձ, 02-008-0158-0528 գյուղ հողամաս հասցե,
- Արագածոտնի մարզ, Բյուրական 16-րդ փող., 1-ին փակուղի թիվ 3 տուն հասցե,
- Արագածոտնի մարզ, Օշական 02-113-0220-0001 գյուղ հողամաս հասցե,
- Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Նաիրյան փողոց, 135 հասցե,
- Գեղարքունիքի մարզ, համայնք Շողակաթ, գյուղ Արտանիշ 15-րդ փողոց, 4 հողամաս հասցե,
- ք.Երևան, Ավան, Հ.Հովհաննիսյան 24/12 հասցե,
- ք. Երևան, Կոմիտասի պողոտա 59/6շ., 25 բնակարան հասցե,
- ք.Երևան, Ավան, Խուդյակովի փողոց, թիվ 177/1 հասցե,
- ք.Երևան, Ավան, Խուդյակովի փողոց, 131 հասցե,
- ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Տիգրանյան փողոց, թիվ 23 և 24 հասցե,
- Տավուշի մարզ, Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 32/2 հասցե,
- ք.Երևան, Ավան, Հ.Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցե,
- ք.Երևան, Ավան, Խուդյակովի փողոց 175/1 հասցե,
- ք.Երևան, Ավան, Խուդյակովի փողոց 177/2 հասցե,
- Տավուշի մարզ, Դիլիջան, Դիլիջան տեղամաս 20 քառակուսի 1 անտառամաս հասցեներում /բոլոր հասցեները միասին այսուհետ նաև հասցե և/կամ Անշարժ գույք/ գտնվող Անշարժ գույքերում համատեղ սեփականության մասնակցի և սույն գործով պատասխանող Աղասի Շավարշի Դանիելյանի բաժինը, առանձնացնել Անշարժ գույքում պատասխանող Աղասի Շավարշի Դանիելյանի բաժնեմասը բնեղենով և, համաձայն վճռի, պահանջների բռնագանձում տարածել Անշարժ գույքում Աղասի Շավարշի Դանիելյանի առանձնացված բաժնի վրա, իսկ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում` բռնագանձում տարածել Անշարժ գույքում Աղասի Շավարշի Դանիելյանի ունեցած բաժնի վրա` ամբողջ Անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելուց ստացված գումարը հետագայում բաշխելով համատեղ սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ…» (հատոր 1-ին, գ.թ. 57-58).
4. Մարիաննա Գրիգորյանի և պատասխանող Աղասի Դանիելյանի միջև 30.03.2019 թվականին նոտարական կարգով կնքված ամուսնական պայմանագրի համաձայն` նշված պայմանագիրը ստորագրելու պահից միանձնյա սեփականության իրավունքով Մարիաննա Գրիգորյանին է պատկանելու ի թիվս այլ գույքերի սույն գործի շրջանակներում առկա Գույքերը (հատոր 1-ին, գ.թ. 16-20).
5. Աղասի Դանիելյանի 15.04.2019 թվականի գրության համաձայն` 30.03.2019 թվականին կնքված ամուսնական պայմանագրի պատճենն ուղարկվել է Բանկին (հատոր 1-ին, գ.թ. 21-22).
6. Սույն գործով անվիճելի փաստ է, որ Գույքերի նկատմամբ Մարիաննա Գրիգորյանի սեփականության իրավունքը չի գրանցվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ, 196-րդ հոդվածների, 199-րդ հոդվածի 2-րդ կետի և 201-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներ, որոնք հիմնավորվում են ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ամուսնական պայմանագրի կնքման փաստը բավարար է արգելադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը հաստատելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը պայմանագրով ձեռք բերողին է անցնում պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ այն պայմանագրով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, ընդհանուր սեփականության իրավունքում բաժնի անցման պահը որոշվում է սույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:
Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Նույն հոդվածի 2-րդ կետի`գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման տվյալների վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը և կառավարումը, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և միասնականության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից` 1) մինչև նույն օրենքի ընդունումը` հասարակական կարիքների համար, գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը, 2) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել, 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն), 4) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին նույն օրենքով սահմանված սերվիտուտը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 04.03.2011 թվականի թիվ ՍԴՈ-944 որոշման շրջանակներում անդրադառնալով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հարցին, արձանագրել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ուղղված է հատկապես տվյալ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացման ու պաշտպանության անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը:
Ելնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ինստիտուտի իրավական բովանդակությունից` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ, անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պարտականություն սահմանելով և պետական գրանցման ենթակա իրավունքների ծագումն այդպիսի գրանցմամբ պայմանավորելով ու գրանցման ժամկետ սահմանելով, օրենսդիրն ունեցել է իրավաչափ նպատակ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսնական պայմանագիրը գործարք է, որն ունի առանձնահատուկ սուբյեկտային կազմ և կարգավորման առարկա: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել բացառապես ամուսնացող կամ արդեն իսկ ամուսնացած անձանց միջև` համապատասխանաբար ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է: Մասնավորապես, կնքելով նման պայմանագիր, ամուսինները կարող են փոփոխել համատեղ սեփականության օրենքով սահմանված ռեժիմը` նախատեսելով ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի նկատմամբ ամուսինների բաժնային կամ յուրաքանչյուրի անհատական սեփականության իրավունքը: (տե՛ս, Ստանիսլավ Հովակիմյանի ընդդեմ Արտաշես Դավթյանի, Նաիրա Իսահակյանի և սնանկության գործով նախկին կառավարիչ Արման Սարգսյանի թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Պարտապանի գույքի արգելանքի առանցքային տարրն այն տնօրինելու արգելքն է: Պարզաբանելու համար, թե պարտապանի համար ինչ սահմանափակումներ է ենթադրում արգելադրված գույքի տնօրինման արգելքը, պետք է անդրադառնալ տնօրինման իրավազորության բովանդակությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը տնօրինման իրավունքը բնորոշում է որպես գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն:
Նույն հոդվածի 2-րդ կետը, որպես տնօրինման եղանակների ոչ սպառիչ ցանկ, նշում է գույքը որպես սեփականություն այլ անձանց օտարելը, այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները փոխանցելը, գույքը գրավ դնելը:
Օրենքն արգելադրված գույքի տնօրինման արգելքը, առանց որևէ բացառությունների, համարում է պարտադիր:
Արգելադրված գույքի տնօրինման արգելքով արգելվում է նաև իրավունքների փոխանցումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, որպես գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքների ծագման պահ է սահմանում դրանց գրանցման պահը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է պետական գրանցման ենթակա իրավունքների շրջանակը, այն է` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները` չբացառելով օրենքով պետական գրանցման ենթակա այլ իրավունքներ սահմանելու հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածն անշարժ գույքի հետ կատարվող գործարքի կողմերին պարտավորեցնում է գործարքից ծագող իրավունքները ենթարկել պետական գրանցման: Նշված նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ նախ` նման իրավակարգավորումը երաշխավորում է անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքների ու պարտականությունների հավասարակշռումը` դրանով իսկ համապատասխան նախադրյալներ ստեղծելով իրավունքների պաշտպանության համար: Երկրորդ` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններում քաղաքացիաիրավական շրջանառության մասնակիցները լիարժեք հնարավորություն են ունենում կանխատեսելու իրենց համապատասխան վարքագծի իրավական հետևանքները: Երրորդ` իրավական պայմաններ է ստեղծում պետության կողմից անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցելուն, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարաններին, իրավաբանական անձանց, բանկերին, քաղաքացիներին գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն:
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենքը նախատեսում է անձանց քաղաքացիական իրավունքների ծագման մի շարք հիմքեր (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետ), սակայն միաժամանակ նախատեսում է նաև պարտադիր պահանջ` պետական գրանցման ենթարկելու այն իրավունքները, որոնք օրենքի հիման վրա ենթակա են այդպիսի գրանցման: Ընդ որում, գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից, ինչը ենթադրում է, որ նույնիսկ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը բավարար չէ պետական գրանցման ենթակա իրավունքների ծագման համար: Նշվածից բացառություն է նախատեսված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, որով սահմանված են գույքի նկատմամբ այն իրավունքները և սահմանափակումները, որոնք ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից, արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը վկայակոչում է օրենքով նախատեսված այս կամ այն հիմքով անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման հանգամանքը, ապա վերջինս պարտավոր է ապացուցել նաև այն փաստը, որ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման է ենթարկել իր վերոհիշյալ իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե մինչև գույքի արգելադրումը պարտապանն ազատ է տնօրինելու իր գույքը, ապա արգելադրված գույքի տնօրինման իրավունքից նա զրկվում է:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Մարիաննա Գրիգորյանը դիմելով Դատարան հայտնել է, որ իր և Աղասի Դանիելյանի միջև կնքվել է ամուսնական պայմանագիր, որի ստորագրման պահից Մարիաննա Գրիգորյանին միանձնյա սեփականության իրավունքով ի թիվս այլ գույքերի պատկանելու են նաև սույն գործի շրջանակներում վեճի առարկա հանդիսացող Գույքերը:
Դատարանը կայացրած դատական ակտով հայցը մերժել է, պատճառաբանելով, որ Գույքերը համատեղ սեփականության իրավունքով պատկանել են Մարիաննա Գրիգորյանին և Աղասի Դանիելյանին: Գույքերը ձեռք են բերվել համատեղ ամուսնության ընթացքում և հանդիսացել են կողմերի սեփականությունը: Այդ փաստը հաստատվել է դատաքննության ընթացքում և կողմերը չեն վիճարկել: Հետագայում հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, համաձայն կատարողական թերթի կիրառվել է արգելանք և արգելադրվել են նաև Գույքերը:
Դատարանը փաստել է, որ կողմի վրա դրված ապացուցման պարտականության համաձայն, Մարիաննա Գրիգորյանը պետք է ապացուցեր, որ Գույքերը սեփականության իրավունքով պատկանում են միայն իրեն: Սակայն վերջինս չի ներկայացրել ապացույց այդ փաստի հիմնավորման համար: Մարիաննա Գրիգորյանը ներկայացրել է միայն ամուսնական պայմանագիր և այն Բանկին ուղարկելու փաստը հավաստող գրությունն ու անդորրագիրը:
Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքները ենթակա են պետական գրանցման և սեփականության իրավունքը ծագում է պետական գրանցման պահից:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Մարիաննա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, փաստել է, որ «28.12.2015 թվականի թիվ ԵԱՔԴ/0070/02/15 դատական ակտով ծագել են պարտավորական իրավահարաբերություններ Ընկերության, Աղասի Դանիելյանի և Բանկի միջև, որից հետո ամուսիններ՝ պարտապան Աղասի Դանիելյանի և Մարիաննա Գրիգորյանի միջև 30.03.2019 թվականին կնքվել է ամուսնական պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով և որով ամուսինները փոխադարձ կամահայտնությամբ պայմանավորվել են, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրը լինելու է իր ձեռք բերած գույքի միանձնյա սեփականատերը: Այսինքն՝ ի նկատի ունենալով, որ ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է, ամուսիններ Մարիաննա Գրիգորյանն ու Աղասի Դանիելյանը, օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրենց ընձեռված ամուսնության ցանկացած ժամանակահատվածում ամուսնության պայմանագիր կնքելու իրավունքից, կնքել են ամուսնական պայմանագիր՝ նպատակ հետապնդելով փոփոխել համատեղ սեփականության օրենքով սահմանված ռեժիմը` նախատեսելով ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի նկատմամբ իրենցից յուրաքանչյուրի անհատական սեփականության իրավունքը, ինչը թույլ է տալիս արձանագրելու, որ, ըստ էության, ամուսինները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առ այն, որ նույն պայմանագրի կնքման պահից ի վեր նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերման որևէ գործարքի նկատմամբ չեն տարածվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի պահանջները»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի կազմում, առաջին հերթին, դիտարկվում են նյութաիրավական նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը, որոնք պարզելն անհրաժեշտ է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմի (նորմերի) ճիշտ կիրառման և գործն ըստ էության ճիշտ լուծելու համար, այն հանգամանքները, որոնց առկայության կամ բացակայության հետ նյութական իրավունքի նորմերը կապում են որոշակի սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարումը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք արգելակում են սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների առաջացմանը:
Տվյալ դեպքում, չհամաձայնելով Վերաքննիչ դատարանի վերը նշված դիրքորոշման հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պարագայում Մարիաննա Գրիգորյանն ամուսնական պայմանագրով ձեռք բերած Գույքերը մինչ այդ պայմանագրի կնքումը արգելադրված են եղել, որի պայմաններում Աղասի Դանիելյանը զրկված է եղել այդ Գույքերում համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնի տնօրինման կամ օտարման իրավունքից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սեփականության իրավունքը ծագում է սեփականության իրավունքի պետական գրանցման պահից, և, որ գործում առկա չէ ապացույց այն մասին, որ վեճի առարկա Գույքերի վերաբերյալ ամուսնական պայմանագրի հիման վրա տեղի է ունեցել Մարիաննա Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցում:
Վճռաբեկ դատարանը նշված դիրքորոշումը պատճառաբանում է հետևյալ կերպ.
Այսպես, Աղասի Դանիելյանի և Մարիաննա Գրիգորյանի միջև ամուսնական պայմանագիրը կնքվել է 30.03.2019 թվականին:
Համաձայն ամուսնական պայմանագրի` Աղասի Դանիելյանը և Մարիաննա Գրիգորյանը համատեղ սեփականության իրավունքով ունեցել են 24 անվանում անշարժ և շարժական գույք, այդ թվում` վեճի առարկա Գույքերը: Ընդ որում` նշված պայմանագրի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն այն ստորագրելու պահից, միանձնյա սեփականության իրավունքով Աղասի Դանիելյանին պատկանելու է 5 անվանում անշարժ գույք, իսկ Մարիաննա Գրիգորյանին պատկանելու է 16 անվանում անշարժ գույք, այդ թվում նաև` վեճի առարկա Գույքերը:
Աղասի Դանիելյանին և Մարիաննա Գրիգորյանին պատկանող` սույն գործով վեճի առարկա Գույքերի վրա արգելանք կիրառվել է դեռևս այն ժամանակ, երբ ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագիրը գոյություն չի ունեցել: Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճի առարկա գույքերի վրա արգելանք կիրառելու պահի դրությամբ ամուսիններին պատկանող գույքի սեփականության իրավունքը, անկախ դրա պետական գրանցման փաստից, ծագած է եղել հավասար բաժինների նկատմամբ, որի իրավական հիմնավորումն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ և 201-րդ հոդվածի 1-ին կետերով: Հարկադիր կատարման ծառայությունը արգելել է տնօրինել և օտարել արգելադրված գույքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պատճառաբանություններով հերքվում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանի կողմից սույն գործով կատարվել է թերի քննություն, ներկայացված բոլոր ապացույցները պատշաճ կերպով իրենց համակցության մեջ չեն ուսումնասիրվել ու գնահատվել, բացակայում են Դատարանի վերլուծությունները, դատողությունները, հիմնավորումները ներկայացված պահանջի և ի հիմնավորում դրա ներկայացված ապացույցների վերաբերյալ, ինչի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող համարվել պատշաճ հիմնավորված ու պատճառաբանված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ընդհանուր գույքը բաժանելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինների հավասարությունը խախտվել է, այլ կերպ ասած` պարտապան Մարիաննա Գրիգորյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժինը ավելացել է, որպիսի պայմաններում ամուսնական պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են եղել պետական գրանցման` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 196-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ կետի:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, պետական գրանցման ենթակա իրավունք է համարվում նաև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությամբ հստակ սահմանված է, որ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով, իսկ նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ գույքերի նկատմամբ ամուսնական պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցումն ապացուցող փաստի բացակայության պարագայում բավարարել է Գույքերը արգելանքից հանելու պահանջը։
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Մարիաննա Գրիգորյանից հօգուտ Բանկի պետք է բռնագանձել 20․000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2019 թվականի վճռին:
2. Մարիաննա Գրիգորյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան | ||
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: