ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27154/02/182021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27154/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
զեկուցող
Ս. Միքայելյան
2021 թվականի դեկտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ավետիք խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ավետիք Խաչատրյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ավետիք Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել վերադարձնել Բանկում ապօրինի գտնվող Ավետիք Խաչատրյանին պատկանող և ի ապահովում 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ 0401301141 պայմանագրով գրավադրված ոսկյա իրերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07.02.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Խաչատրյանը (ներկայացուցիչ Սարգիս Խաչատրյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 274-րդ հոդվածները, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ավետիք Խաչատրյանի ամբողջ գույքի վրա դրված արգելանքները վերացվել են կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բացթողումը վերականգնելու և հարգելի համարելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվելով: Այսինքն՝ ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև, երբ տիրապետումը հիմնված է եղել օրինական հիմքի վրա, որը հետագայում վերացել է: Հետևաբար Բանկն այլևս չի կարող օրինական կերպով իրացնել Ավետիք Խաչատրյանին պատկանող գույքը, քանի որ սպառել է գույքն իրացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.02.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ավետիք Մարտիրոսի Խաչատրյանի և Բանկի միջև 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ0401301141 պայմանագրով գրավադրված ոսկյա իրերը սեփականության իրավունքով պատկանում են Ավետիք Մարտիրոսի Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ 32):
2) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է՝ Ավետիք Խաչատրյանից բռնագանձվել է 2.006.128,90 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ 9-11)։
3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 10.08.2015 թվականին Բանկին տրամադրել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 20):
4) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 31.05.2018 թվականի որոշման համաձայն՝ 26.01.2017 թվականին կասեցված կատարողական վարույթը 09.10.2017 թվականին վերսկսելու, 03.02.2018 թվականից հետախուզում հայտարարելու մասին որոշումները վերացվել են այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.07.2015 թվականին, սակայն հարկադիր կատարման է ներկայացվել 11.01.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25):
5) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժնի 28.06.2018 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 27):
6) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) 22.07.2019 թվականի որոշմամբ Բանկի կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է որոշումը չի բողոքարկվել (հիմք՝ court.am տեղեկատվական համակարգ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 274-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պարտավորությունները շարունակում են գոյություն ունենալ այն պարագայում, երբ լրացել է նշված դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը, և դատարանը մերժել է այդ ժամկետը վերականգնելը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ մինչև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21․12․2017 թվականին ընդունված թիվ 9-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է՝ 01․04․2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 01.04․2018 թվականը գործող խմբագրությամբ 31-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը, եթե լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:
Օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 01․04․2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները՝ ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 01․04․2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մինչև 01․04․2018 թվականը գործող խմբագրությամբ 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով (տե'ս, նաև «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկն ընդդեմ Սպարտակ Երիցյանի թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով՝ պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 01․04․2018 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պահանջատիրոջ համար սահմանված է եղել մեկ տարի ժամկետ` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, դրա հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար, նշված ժամկետով սահմանափակելով նաև պարտատիրոջ` դատական ակտից բխող պահանջի իրավունքի իրացման հնարավորությունը: Միաժամանակ, օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը չպահպանվելու պարագայում նախատեսել է վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն՝ բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը պարտատիրոջ համար սահմանել է անհրաժեշտ գործիքակազմ՝ վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու և խախտված իրավունքները վերականգնելու համար՝ ամրագրելով նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, ինչը, սակայն, չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտի կատարման ձգձգման և հանգեցնել իրավահարաբերության մյուս կողմի՝ պարտապանի իրավունքների ոտնահարմանը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև 01.04.2018 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով՝ պարտատերն ըստ էության զրկվում է այդ դատական ակտի կատարում պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն դատական ակտով սահմանված պարտավորությունից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշում: Այլ կերպ ասած`օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պարտավորությունները դադարում են գոյություն ունենալ այն պարագայում, երբ լրացել է նշված դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը և առկա չէ այդ ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ դատական ակտ (տե'ս, Կարինե Մուրադյանի ընդդեմ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ԼԴ/1160/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.08.2020 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Ավետիք Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել վերադարձնել Բանկում ապօրինի գտնվող Ավետիք Խաչատրյանին պատկանող և ի ապահովում 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ 0401301141 պայմանագրով գրավադրված ոսկյա իրերը:
Դատարանը Ավետիք Խաչատրյանի հայցը բավարարելիս արձանագրել է, որ Բանկը կրում էր վիճելի գույքը 27.11.2018 թվականին՝ հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվա դրությամբ օրինական հիմքերով տիրապետելու փաստի ապացուցման բեռը, սակայն չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, հետևաբար դրա բացասական հետևանքները կրում է պատասխանողը, գտել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի մոտ ծագել է վարկային պարտավորությամբ սահմանված գումարը պահանջելու իրավունք, իսկ Ավետիք Խաչատրյանի մոտ՝ այն վճարելու պարտականություն: Ավետիք Խաչատրյանի կողմից նշված պարտավորության չկատարման դեպքում բանկն իրավունք ուներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում այն ներկայացնել հարկադիր կատարման: Մինչդեռ, կատարողական թերթն օրենքով սահմանված կարգով կատարման չներկայացնելու պայմաններում Բանկը զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ Ավետիք Խաչատրյանը՝ որպես պարտապան, ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից: 31.05.2013 թվականին կնքված թիվ ՈՎ0401301141 պայմանագրի և գրավադրված գույքի գույքագրման ակտի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ հիշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման համար գրավադրված 958 հարգի 62,5 գրամ ոսկու կտոր գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ավետիք Խաչատրյանին: Հետևաբար, գույքն իր սեփականությունը հանդիսանալու փաստով Ավետիք Խաչատրյանին գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորություն է տրվել և օրենքով նախատեսված հիմքով ծագել է նրա գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու փաստի ուժով պարտավորությունը դադարելու որևէ դրույթ թե՝ նշված գլխով սահմանված իրավանորմերով, թե՝ ընդհանրապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ՝ այն դեպքում, երբ անվիճելի է այն փաստը, որ կողմերի՝ Ավետիք Խաչատրյանի ու Բանկի միջև դեռևս 31.05.2013 թվականին կնքվել է թիվ ՈՎ0401301141 պայմանագիրը, որն ապահովվել է գրավի պայմանագրով, որով Ավետիք Խաչատրյանի ստանձնած պարտավորությունները Բանկի հանդեպ չեն կատարվել, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Իսկ այն հանգամանքը, որ նշված վճիռն օրենքով սահմանված ժամկետում կատարման չի ներկայացվել, որևէ կերպ չի կարող նշանակել, որ պարտավորությունը դադարել է, պատասխանողն այլևս պարտավորություն չի կրում Բանկի առջև և դադարել է նաև գրավի պայմանագիրը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.07.2015 թվականին, որով Բանկի հայցը բավարարվել է՝ Ավետիք Խաչատրյանից բռնագանձվել է 2.006.128,90 ՀՀ դրամ, հետևաբար նշված վճռի կատարման համար Բանկը կարող էր կատարողական թերթը կատարման ներկայացնել մեկ տարվա ընթացքում` uկuած այն oրվանից, երբ oրինական ուժի մեջ էր մտել դատական ակտը, այսինքն՝ ներառյալ մինչև 08.07.2016 թվականը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 31.05.2018 թվականի որոշման համաձայն՝ 26.01.2017 թվականին կասեցված կատարողական վարույթը 09.10.2017 թվականին վերսկսելու, 03.02.2018 թվականից հետախուզում հայտարարելու մասին որոշումները վերացվել են այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԿԴ/3733/02/14 քաղաքացիական գործով 05.06.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.07.2015 թվականին, սակայն հարկադիր կատարման է ներկայացվել 11.01.2017 թվականին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացման եղանակ է նախատեսում իրավահարաբերությունը դադարեցնելը կամ փոփոխելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
Վերոգրյալ իրավանորմերի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով՝ պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտականությունից: Միաժամանակ, օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը չպահպանվելու պարագայում նախատեսել է վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն՝ բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ:
Տվյալ դեպքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2019 թվականի որոշմամբ Բանկի կատարողական թերթի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, այսինքն՝ Բանկն այլևս կորցրել է Ավետիք Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերն օրինական հիմքով պահելու հնարավորությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տես` Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը): Այսինքն՝ ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև, երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի վրա, որը հետագայում վերանում է:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալը բավարար է արձանագրելու, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով և հետագայում դատարանի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը վերականգնելը մերժելու փաստով Բանկը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու սուբյեկտիվ իրավունքի իրացման իրավական հնարավորությունից, իսկ Ավետիք Խաչատրյանն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, հետևաբար վճռով սահմանված հայցվորի պարտավորությունն օրենքի ուժով դադարել է, իսկ դրամական պարտավորության կատարման հիմքով որպես ակցեսոր պարտավորություն դադարել է նաև գրավի իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու և 07.07.2015 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը 07.07.2016 թվականի դրությամբ կատարման ներկայացրած չլինելու հանգամանքը չի կարող բացասաբար անդրադառնալ Ավետիք Խաչատրյանի իրավունքների և օրինական շահերի վրա՝ անորոշ ժամկետով գրավի (արգելանքի) տակ թողնելով վերջինիս սեփականությունը հանդիսացող գույքը (ոսկյա զարդերը), զրկելով նրան գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 07.02.2020 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Ավետիք Խաչատրյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2021 թվականի վճռին։
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Ավետիք Խաչատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական: