ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԳԴ4/0075/01/20 | ||||||
Գործ թիվ ԳԴ4/0075/01/20 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի |
23 մարտի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 40101320 քրեական գործը և ընդունվել վարույթ:
2020 թվականի մարտի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 40153620 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն օրն ընդունվել վարույթ:
Նախաքննության մարմինը 2020 թվականի մարտի 10-ին որոշում է կայացրել թիվ 40153620 քրեական գործը թիվ 40101320 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 40101320 համարով շարունակելու մասին:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Միսակ Ումրշատյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 13-ի որոշմամբ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մարտի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 1-ին որոշմամբ Ա․Ղռեջյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ղռեջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով։ Մեղադրյալ Ա.Ղռեջյանի պաշտպան Ս.Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, և գրավի չափ է սահմանվել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ թիվ 40101320 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Ալբերտ և Ռուբեն Ղռեջյանների վերաբերյալ մասը, որին շնորհվել է 40101320/1 համարը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Ղռեջյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
2020 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռով Ալբերտ Ղռեջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ա․Ղռեջյանի՝ 2020 թվականի մարտի 11-ից մինչև 2020 թվականի հուլիսի 10-ն արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) ամիս 29 (քսանինը) օր ժամկետը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռուբեն Ավետիքի Ղռեջյանը։
3․ Պաշտպան Ս․Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 3-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճիռը մասնակիորեն՝ ամբաստանյալ Ալբերտ Ղռեջյանի մասով բեկանել և փոփոխել է՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը և Ռ․Ղռեջյանի պաշտպան Ս․Սարգսյանը։
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի բողոքն ընդունվել է վարույթ1, իսկ պաշտպան Ս․Սարգսյանի բողոքը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, բացի այդ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Այսպես՝ բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-63-րդ, 70-րդ հոդվածները: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը։
Միևնույն ժամանակ, Ա.Ղռեջյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել մի շարք հանգամանքներ՝ ամբաստանյալների՝ հարազատ եղբայրներ հանդիսանալը, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելը, տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելը և Ա.Ղռեջյանի՝ վատաոողջ լինելը՝ առանց պատշաճ հիմնավորման, թե այդ հանգամանքներն ինչ ազդեցություն են ունեցել ամբաստանյալի արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման վրա։
Բացի այդ, ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանի կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացվել Ա.Ղռեջյանի կողմից փայտե մահակով տուժողի կենսական օրգանին հարվածելու, վերջինիս ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, որպիսի պայմաններում Ա.Ղռեջյանի կողմից առավել ծանր և վտանգավոր եղանակով տուժողին ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստը պետք է հանգեցներ դատարանի կողմից առավել խիստ պատժի նշանակման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ խախտելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:
Միաժամանակ, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է ամբաստանյալ Ա․Ղռեջյանի վատառողջ լինելու հանգամանքը, մինչդեռ քրեական գործի նյութերում նշված հանգամանքի մասին վկայող որևէ փաստ առկա չէ:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ալբերտ Ղռեջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15.7-րդ կիլոմետր հատվածում վարելով հոր՝ Ավետիք Դերենիկի Ղռեջյանի, անվամբ հաշվառված «ՎԱԶ 21099» մակնիշի, 70 VV 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, դեպի Սևան քաղաք ընթանալիս, Լճափ գյուղի տարածքում ճանապարհը իրար չզիջելու պատճառով վիճաբանության մեջ է մտել նույն պահին ճանապարհով «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 35 OX 216 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկության մեջ գտնվող, Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակիչ Միսակ Բորիկի Ումրշատյանի հետ, որի ընթացքում եղբոր՝ Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի հետ գործելով մեկ միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, անվայել արտահայտություններ հնչեցնելով Միսակ Ումրշատյանի հասցեին և նրան մեղադրելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տրանսպորտային միջոց վարել չիմանալու մեջ, դիտավորությամբ իր մոտ գտնվող փայտե մահակով մեկ անգամ հարվածել է Միսակ Ումրշատյանի գլխի գագաթային հատվածին, իսկ Ռուբեն Ղռեջյանը լրացնելով եղբոր գործողությունները՝ իր մոտ գտնվող մետաղե խողովակով մեկ անգամ հարվածել է Միսակ Ումրշատյանի ձախ կողային հատվածին, ապա շարունակելով իրենց գործողությունները՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Միսակ Ումրշատյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող՝ ձախից հետին ճակատային շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների սալջարդի, աջ գոտկային շրջանի արյունազեղման, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, որոնք առաջացել են կոնտուզիոն հեմոռագիկ օջախներ աջ քունքաճակատայինի բլթերում, փոքր էպիդուրալ արյունահավաք ճակատային բլթում, ձախից քունքոսկրի այտային աղեղի կոտրվածքի, գանգի ձախից առաջային գանգափոսում հիմի կոտրվածքի, ձախից ակնակապճի դրսային և ներսային պատերի կոտրվածքի ձևով: Միսակ Ումրշատյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (…)»2:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ ապացուցված է Ալբերտ Ղռեջյանի և Ռուբեն Ղռեջյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, իսկ վերը նշված ապացույցների համակցությունը բացառում է ամբաստանյալներ Ալբերտ Ղռեջյանի և Ռուբեն Ղռեջյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքներ չկատարելու ողջամիտ հավանականությունը։
(…) Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առնում ինչպես նրանց կողմից կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Որպես ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի անձը բնութագրող հանգամանքներ Դատարանը հաշվի է առել այն, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքների համաձայն նախկինում դատապարտված չեն եղել (…), բնութագրվում են դրականորեն (…):
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որպես ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում տուժողի վարքագծի հակաբարոյականությունը (հնչեցրել է հայհոյանք) որով պայմանավորվել է հանցագործությունը։
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:
(...)
Ելնելով գործի հանգամանքներից, (...) Դատարանը գտնում է, որ իրենց կողմից կատարած հանցավոր արարքների համար Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի նկատմամբ պետք է նշանակվի պատիժ՝ ազատազրկման ձևով:
(…)
Դատարանը (...) գտնում է, որ ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի անձը բնութագրող վերը նշված հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրանց ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու: Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի կատարած արարքների բնույթով և վտանգավորության աստիճանով ու նրանց անձով: Այսինքն` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանը և Ռուբեն Ավետիքի Ղռեջյանը պետք է կրեն նշանակված պատիժը (...)»3։
9. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]նդրադառնալով ամբաստանյալներ Ռուբեն և Ալբերտ Ղռեջյանների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը), դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը (տուժողի առողջության դեմ ուղղված դիտավորյալ ծանր հանցագործություն է), հանցանքը խմբի կազմում կատարելը, տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելիս բութ գործիքների օգտագործման փաստը, արձանագրում է, որ նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ լինելը և բնակության, ուսման ու աշխատանքի վայրերում դրականորեն բնութագրվելը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, տուժողի կողմից գույքային պահանջ ներկայացնելուց հրաժարվելն առերևույթ բավարար չէին և բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրանցից յուրաքանչյուրի ուղղումը հնարավոր է առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու:
Ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքների ամբողջությունն Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելիս (երկուսի նկատմամբ էլ որպես պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, այն պայմաններում, երբ նրանց վերագրվող հոդվածի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան որպես պատիժ է նախատեսում բացառապես ազատազրկման ձևով՝ 5-ից 10 տարի ժամկետով):
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր առաջնորդվել նաև մարդասիրության սկզբունքով, այն է՝ դատավճռում արձանագրած և գնահատման ենթարկած՝ ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տվյալների և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների հետ մեկտեղ հաշվի առնել նաև վերջիններիս՝ հարազատ եղբայրներ հանդիսանալու, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու և համակցված վնասվածքների գնահատման արդյունքներով այդ տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելու փաստը, ինչպես նաև Ալբերտ Ղռեջյանի վատառողջության վերաբերյալ ներկայացված տվյալները, որի պայմաններում հնարավոր էր եզրակացնել, որ համակատարմամբ, բայցև առանց նախնական համաձայնության գործած եղբայրներից մեկի՝ գործով ամբաստանյալ Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ դատավճռով նշանակված և չկրած պատիժը՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար է և ողջամիտ ժամկետով՝ 3 տարով փորձաշրջան սահմանելու պարագայում կարող է ապահովվել նրա նկատմամբ պատժի նպատակների իրացվելիությունը՝ նրա ուղղումը, սոցիալական արդարության վերականգնումը, նոր հանցագործությունների կանխումը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում էր և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից և կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքների խախտում, որն ազդել է գործի ելքի վրա (...)»4։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Ա․Ղռեջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝ «1.Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
(…)
6) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(...)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
13. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում5:
14. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն6:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա․Ղռեջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել Միսակ Ումրշատյանի հետ, որի ընթացքում եղբոր՝ Ռուբեն Ավետիքի Ղռեջյանի հետ գործելով մեկ միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, անվայել արտահայտություններ հնչեցնելով Մ․Ումրշատյանի հասցեին, դիտավորությամբ, իր մոտ գտնվող փայտե մահակով, մեկ անգամ հարվածել է վերջինիս գլխի գագաթային հատվածին, իսկ Ռուբեն Ղռեջյանը, լրացնելով եղբոր գործողությունները, իր մոտ գտնվող մետաղե խողովակով մեկ անգամ հարվածել է Միսակ Ումրշատյանի ձախ կողային հատվածին, ապա երկուսով ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Մ․Ումրշատյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս7։
Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա․Ղռեջյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքում և գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, ամբաստանյալ Ա.Ղռեջյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ նրա ուղղումը հնարավոր չէ առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու8։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի՝ նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ լինելը և բնակության, ուսման ու աշխատանքի վայրերում դրականորեն բնութագրվելը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, տուժողի կողմից գույքային պահանջ ներկայացնելուց հրաժարվելն առերևույթ բավարար չէին և բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ կրելու:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Ա․Ղռեջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, այն պատճառաբանությամբ, որ վերջինս պարտավոր էր առաջնորդվել մարդասիրության սկզբունքով և հաշվի առնել ամբաստանյալների՝ հարազատ եղբայրներ հանդիսանալու, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու և համակցված վնասվածքների գնահատման արդյունքներով վերջինի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելու փաստը, ինչպես նաև Ա․Ղռեջյանի վատառողջության վերաբերյալ ներկայացված տվյալները9:
16. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը. ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը և ցանկացել է համապատասխան հետևանքների վրա հասնելը,
- հանցագործության գործիքը, մասնավորապես՝ ամբաստանյալի մոտ բութ գործիքի՝ փայտե մահակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը փայտե մահակի գործադրմամբ կատարելը,
- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու մարմնական վնասվածքների տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը վերը նշված գործիքով հարվածել է տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ գլխի գագաթային հատվածին, ինչին հաջորդել են բազմաթիվ հարվածներ տուժողի մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում վերջինի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ձախից հետին ճակատային շրջանի սալջարդ վերքով, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների սալջարդով, աջ գոտկային շրջանի արյունազեղմամբ, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդով, որոնք առաջացրել են կոնտուզիոն հեմոռագիկ օջախներ աջ քունքաճակատայինի բլթերում, փոքր էպիդուրալ արյունահավաք ճակատային բլթում, ձախից քունքոսկրի այտային աղեղի կոտրվածքով, գանգի ձախից առաջային գանգափոսում հիմի կոտրվածքով, ձախից ակնակապճի դրսային և ներսային պատերի կոտրվածքով:
17. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել, սակայն որևէ կերպ չի հիմնավորել, թե ամբաստանյալ Ա.Ղռեջյանի՝ մյուս ամբաստանյալի հետ հարազատ եղբայրներ հանդիսանալու փաստը, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելը և համակցված վնասվածքների գնահատման արդյունքներով վերջինի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելը, ինչպես են նվազեցնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը10։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա.Ղռեջյանի վատառողջության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտում տեղ գտած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում Ալբերտ Ղռեջյանի վատառողջության վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված՝ Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորումներում առկա է որոշակի հակասություն։ Այսպես՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը, հանցանքը խմբի կազմում կատարելը, տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելիս բութ գործիքների օգտագործման փաստը, ևս արձանագրել է, որ գործում առկա տվյալները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալների ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու11: Այդուհանդերձ, հակասելով ինքն իրեն, եկել է եզրահանգման, որ Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել։
18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրության չի արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, օգտագործված գործիքը, հարվածների քանակը, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթը և մարմնական վնասվածքների տեղակայումը:
Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Ղռեջյանի կատարած արարքի և անձի հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ու պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:
Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մայիսի 3-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ալբերտ Ավետիքի Ղռեջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 256-258:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 118-150:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 61-85:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
|
|
Ա. Պողոսյան Ս. Օհանյան |