ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1880/02/20 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1880/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կարեն Աբրահամյանի, գործի ելքով շահագրգռված անձինք՝ Բանկի, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար)՝ Հաշտարարի կողմից 27.08.2019 թվականին Երևան քաղաքում կայացված ու 06.09.2019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-5048/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարեն Աբրահամյանը պահանջել է Հաշտարարի կողմից 27.08.2019 թվականին Երևան քաղաքում կայացված և 06.09.2019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-5048/19 որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 18.11.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.11.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 343-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 06.09.2019 թվականին։ Հաճախորդի կողմից սույն գործով դիմումը Դատարան է ներկայացվել 31.10.2020 թվականին, այսինքն՝ Հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալուց մեկ տարի անց, հետևաբար հաճախորդի դիմումը ենթակա չէր բավարարման։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.03.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 27.08.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ 15-5048/19 որոշումը (այսուհետ` նաև Որոշում)՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով Բանկի դեմ ուղղված Կարեն Աբրահամյանի պահանջը բավարարելու մասին (գ.թ. 12-18).
2) Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 06.09.2019 թվականին (գ.թ. 21).
3) 02.10.2019 թվականին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումն ընդդեմ Կարեն Աբրահամյանի՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ՝ թիվ ԼԴ/4256/02/19).
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2020 թվականի որոշմամբ Կարեն Աբրահամյանի և Հաշտարարի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2019 թվականի որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ դիմումը մերժվել է: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք` «www.court.am» պաշտոնական կայքը).
4) Կարեն Աբրահամյանը Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 31.10.2020 թվականին՝ միջնորդություն չներկայացնելով նշված դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին (գ.թ. 6-29):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 23-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշման համատեքստում կրկին անգամ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.
1. ի՞նչ որոշում է ենթակա կայացման այն պարագայում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, և բացակայում է բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը,
2. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու պայմաններում արդյո՞ք առկա է նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ հաճախորդի կողմից դիմում ներկայացվելու հնարավորություն:
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.
2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ հաճախորդը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ձեռք բերում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի ժամկետ է սահմանել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման նպատակով կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար՝ նախատեսելով, որ հաճախորդն այդ դիմումը ներկայացնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր, երբ այն առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ:
Օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնելու հետևյալ որոշումներից մեկը.
1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.
2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (հոդված 345-րդ, մաս 2-րդ) որպես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժելու հիմք բացառապես նախատեսել է այն դեպքը, երբ դիմումի քննության արդյունքում պարզվում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման։ Նշված դիմումը մերժելու այլ հիմք, այդ թվում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է օրենքի պահանջի խախտմամբ, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսել: Միևնույն ժամանակ նշված դեպքը նույն օրենսգրքով չի նախատեսվել նաև որպես այդ դիմումն առանց քննության թողնելու հիմք: Նշված դեպքը որպես դիմումը մերժելու ինքնուրույն հիմք օրենսդիրը նախատեսել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով՝ սահմանելով, որ դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկամյա ժամկետը լրանալուց հետո, և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվում է, դատարանը պետք է կայացնի այդ դիմումը մերժելու մասին որոշում՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի հետ կապված իրավակարգավորումն իր էությամբ տարբերվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթի համապատասխան իրավակարգավորումներից: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան կարող է ներկայացվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, իսկ նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նաև նույն հոդվածի պահանջների խախտմամբ: Նշված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը սահմանված ժամկետի խախտմամբ դատարան ներկայացված լինելը օրենսդիրը դիտել է ոչ թե որպես տվյալ դիմումը մերժելու, այլ՝ այդ դիմումը վերադարձնելու հիմք՝ հնարավորություն ընձեռելով դիմողին ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նաև, թե ինչպիսի դատական ակտ պետք է կայացնի դատարանը, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված մեկամյա ժամկետի խախտմամբ, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Տվյալ դեպքում ևս նշված կարգավորումը, ըստ էության, նախատեսված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով, որի համաձայն՝ կատարողական թերթ տալու դիմումն օրենքի պահանջների խախտմամբ ներկայացվելու դեպքում դատարանն այն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե առկա չեն կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերը: Այսինքն՝ այն դեպքերում, երբ կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է օրենքի պահանջի այնպիսի խախտմամբ, որը կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմք չէ, սակայն արգելք է դիմումը քննության առնելու համար, դատարանը պետք է կայացնի նման դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում: Ընդ որում, նման որոշում կայացվելու դեպքում դիմումատուն օրենքով զրկված չէ դիմումի թերությունները վերացնելու և այն կրկին դատարան ներկայացնելու հնարավորությունից:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ այն դեպքում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, և բացակայում է բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, դատարանը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով (տե՛ս, Նաիրա Աբգարյանն ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ ԼԴ2/1719/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2022 թվականի որոշումը):
2. ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված 24.02.2022 թվականի թիվ ԼԴ2/1719/02/20 քաղաքացիական գործով անդրադարձել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առանց քննության թողնելու՝ օրենսդրի կողմից նախատեսված մեկ այլ դեպքի։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանն առանց քննության է թողնում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը:
Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը պետք է ներկայացված դիմումը թողնի առանց քննության:
Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն անմիջականորեն ուղղված է դատարանին, և հաճախորդին չի ազատում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պարտականությունից, քանի որ գործող կարգավորումների պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի կասեցնում նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի հոսքը: Հետևաբար, հաճախորդը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված վերը նշված ժամկետում անգամ այն ժամանակ, երբ առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, քանի որ նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով նա ունի օրենքով սահմանված կարգով սեփական հայեցողությամբ իր դատավարական իրավունքներն իրականացնելու, դատական պաշտպանության միջոցները և եղանակները տնօրինելու իրավունք: Ուստի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում դիմողը պետք է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի, որպիսի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնից (դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին) և հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն տալ դատարանին դիմումի քննության հարցը պարզելիս քննության առարկա դարձնել միջնորդությամբ ներկայացված հանգամանքները: Պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով՝ դատարանը պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 27.08.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է Որոշում, որը կողմերի համար պարտադիր է դարձել 06.09.2019 թվականին։ 02.10.2019 թվականին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումն ընդդեմ Կարեն Աբրահամյանի՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ՝ թիվ ԼԴ/4256/02/19)։ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2020 թվականի որոշմամբ Կարեն Աբրահամյանի և Հաշտարարի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2019 թվականի որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ դիմումը մերժվել է: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Կարեն Աբրահամյանը Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 31.10.2020 թվականին՝ միջնորդություն չներկայացնելով նշված դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:
Դատարանը դիմումը բավարարել է և պատճառաբանել, որ «Բանկը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դիմել է Դատարան (քաղաքացիական գործ թիվ ԼԴ/4256/02/19), 2019 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Կարեն Աբրահամյանի և ֆինանսական համակարգի հաշտարարի վերաքննիչ բողոքները բավարարվել են, դիմումը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 07-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատարանն արձանագրում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կատարողական թերթ տալու հիմքերը, մասնավորապես դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ Բանկը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից և առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է:
Որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ֆինանսական համակարգի հաշտարարը որոշմամբ հստակ սահմանել է այն կարգն ու ժամկետները, ըստ որոնց պետք է կատարվեն որոշման պահանջները, մասնավորապես, որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Հաճախորդի գրավոր համաձայնության առկայության մասին Ֆինանսական համակարգի հաշտարարի ծանուցումը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշման 1-ին կետում նշված գումարը վճարել Կարեն Աշոտի Աբրահամյանին՝ այն փոխանցելով բանկային տարանցիկ հաշվին, այնպես, որ Հաճախորդն այն կարողանա ստանալ անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ: Վերը նշված փաստերի համադրությունն ու իրավական վերլուծությունը հիմք են տալիս Դատարանին հանգելու այն հետևության, որ բացակայում են «ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով հաշտարարի կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, հետևաբար ներկայացված դիմումը՝ Հաշտարարի որոշման հիման վրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին հիմնավոր է և ենթակա է բավարարման»:
Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և պատճառաբանել, որ «ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 27.08.2019 թվականի թիվ 15-5048/19 որոշմամբ բավարարվել է Կարեն Աբրահամյանի՝ Բանկի դեմ ուղղված 21.06.2019 թվականի թիվ 07-6669/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով, որպիսի որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 06.09.2019 թվականին և, որ դիմելով Առաջին ատյանի դատարան՝ Կարեն Աբրահամյանը խնդրել է նշված որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ, ինչպես նաև ուշադրության արժանացնելով այն հանգամանքին, որ Հաշտարարի կողմից 30.10.2019 թվականին տրված տեղեկանքի բովանդակությունից հետևում է, որ Բանկի ու Հաշտարարի գրասենյակի միջև առկա է կնքված համաձայնագիր, որով Բանկը հրաժարվել է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից այն դիմումներով, որոնցով գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև գործարքի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, հետևաբար՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերը բացակայում են, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Կարեն Աբրահամյանի դիմումը հիմնավոր է, ինչը նշանակում է, որ Հաշտարարի որոշման հիման վրա հարկադիր կատարման համար անհրաժեշտություն է ծագել տալ կատարողական թերթ, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է նաև Առաջին ատյանի դատարանը:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ դիմումը ենթակա էր մերժման, քանի որ Հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 06.09.2019 թվականին, իսկ Հաճախորդի կողմից գործով դիմումը դատարան է ներկայացվել 31.10.2020 թվականին, այսինքն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալուց մեկ տարի անց, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքի նշված փաստարկին Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում՝ այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը զրկված չէր այդ մասին դեռևս Առաջին ատյանի դատարանում՝ գործի քննության ժամանակ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ինչը, պատշաճ կարգով ծանուցված լինելով հանդերձ, չի արել, ինչը նշանակում է, որ վերաքննության փուլում բարձրացված և Առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձված այդ հարցը չի կարող քննության առարկա դառնալ, ուստի՝ բողոքի ներկայացված փաստարկին անդրադառնալու անհրաժեշտություն նշված պատճառաբանությամբ և հիմքով չի տեսնում»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել դիմումը Կարեն Աբրահամյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հարցը, այն, որ Կարեն Աբրահամյանը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ և չի ներկայացրել կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի պայմաններում վերոնշյալ դիմումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պետք է թողնվեր առանց քննության:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են որոշել դիմումի քննության նկատմամբ կիրառելի իրավունքի նորմը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, և պայմանավորված է ստորադաս դատարանների կողմից հաստատված հանգամանքներով տրված հնարավորությամբ։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև սույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման` դիմումը պետք է թողնվի առանց քննության, և հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը դիմողի կողմից վճարվել է, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ պետական տուրքի հատուցման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կարեն Աբրահամյանի դիմումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, թողնել առանց քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Գ. Հակոբյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: