ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/13178/05/21 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/13178/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
ռ. Հակոբյան | |
զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ | |
Հ. ԲԵԴևՅԱՆ | ||
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2023 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07․01․2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Հայրենիք» կուսակցություն և «Ապրելու երկիր» կուսակցություն՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ընտրված ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կուսակցությունը պահանջել է անվավեր ճանաչել Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումները, 05.12.2021 թվականի Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքները, դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, որը կարող է տեղի ունենալ ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի միջոցով, կայացնել հետևյալ որոշումներից մեկը՝ ա) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, բ) ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին, գ) Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ընտրված ճանաչելու մասին:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ. Դանիելյան, դատավորներ՝ Ռ. Ազրոյան, Ե. Առաքելյան, Ռ. Խանդանյան, Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 21․12․2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07․01․2022 թվականի որոշմամբ Դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ Կուսակցության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 06․04․2023 թվականին որոշում է կայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ սույն գործի վարույթը կասեցրել է։
ՀՀ սահմանադրական դատարանի 18․04․2023 թվականի թիվ ՍԴԱՈ-36 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 27․04․2023 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կուսակցությունը (ներկայացուցիչ՝ Էդմոն Մարուքյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 98-րդ հոդվածի 1-ին մասը, 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 114-րդ հոդվածի 6-րդ մասը, 152-րդ հոդվածի 2-րդ մասը, 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը չի կիրառել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը, 80-րդ հոդվածը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ոչ օրինական կազմով կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, իրականացնել վերաքննություն և բեկանել դատական ակտը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը վերաբերում է դատական ակտի բեկանման այն բոլոր դեպքերին, երբ ոչ օրինական կազմով կայացվել է դատական ակտ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը գերակա է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորման նկատմամբ:
Ավելին, հայցվորն ունի ոչ լեգիտիմ դատարանի կողմից իր վերաբերյալ կայացված դատական ակտի վերանայման իրավունք։ Ընդ որում, այդ իրավունքը գործում է անմիջականորեն և չի կարող սահմանափակվել որևէ իրավական մեխանիզմներով: Այս համատեքստում, Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, համաձայն որի՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Օրինական դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը՝ որպես սահմանադրական անմիջականորեն գործող իրավունք, ենթակա է կիրառման և Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերը շարադրված նորմերի անմիջական կիրառման արդյունքում ընդունել ներկայացված բողոքը և բեկանել ոչ օրինական կազմով կայացված դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․
- արդյո՞ք ընտրական վեճերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննության կարգով բողոքարկումը կարող է թույլատրելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը վերաբերում է յուրաքանչյուր կոնկրետ ատյանի դատարանում տվյալ գործի քննության համապատասխան ընթացակարգերին և, մասնավորապես, արդարության պահանջներին համապատասխանող ընթացակարգերին: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում ամրագրված` արդար դատաքննության վերաբերյալ դրույթը կիրառելի է միայն վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու իրավունքի իրացումից հետո, եթե տվյալ կատեգորիայի գործերով նախատեսված է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու իրավունք: Նույնը վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):
Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետի համաձայն՝ «Սկզբունքորեն, պետք է ապահովվի ստորադաս ատյանի (առաջին ատյան) որոշումների նկատմամբ բարձր ատյանի (երկրորդ ատյան) վերահսկողությունը»։
Նույն հանձնարարականի 1-ին հոդվածի (b) կետի համաձայն՝ «Այս սկզբունքից բացառությունները պետք է հիմնված լինեն օրենքի վրա և համապատասխանեն արդարադատության ընդհանուր սկզբունքներին»։
Անդրադառնալով ընտրական վեճերի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությանը՝ Եվրոպական դատարանը նշել է, որ ընտրական վեճերը չեն ընկնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կարգավորման ներքո, քանի որ ընտրական վեճերը չեն համապատասխանում նույն հոդվածով նախատեսված «քաղաքացիական իրավունքներ ու պարտականություն» կամ «քրեական մեղադրանք» հասկացություններին (տե՛ս, MUGEMANGANGO v. Belgium (310/15) գործով Եվրոպական դատարանի 10.07.2020 թվականի վճիռը, 96-րդ կետ):
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)` 18․10․2002 թվականի թիվ 190/2002 եզրակացությամբ ամրագրված է այն դիրքորոշումը, ըստ որի՝ բողոքարկման (ընտրական օրենսդրության խախտման փաստերի արտադատական և դատական բողոքարկման) ընթացակարգը պետք է առավելագույն սեղմ ժամկետում լինի` հատկապես ընտրությունների նախօրյակին ընդունվող որոշումների բողոքարկման մասով: Հիշյալ եզրակացությամբ ամրագրված է նաև, որ նախ՝ բողոքարկման ընթացակարգը չպետք է արգելակի ընտրական գործընթացը, երկրորդ` քանի որ բողոքարկման արդյունքում ընդունված որոշումները չեն կարող ընտրությունների ամսաթվի տեղափոխման հիմք հանդիսանալ` այդ որոշումները պետք է ընդունվեն ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները պետք է շատ սեղմ լինեն, և բողոքարկման գործընթացի արդյունքում ընդունված որոշումները պետք է հնարավոր չափ օպերատիվ կերպով ընդունվեն: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ բողոքարկման ժամկետները պետք է բավարար լինեն, որպեսզի հնարավոր լինի բողոքարկումը, երաշխավորվի պաշտպանության իրավունքի իրացումը և հնարավոր լինի ընդունել ծանրակշիռ որոշում:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման։
Նման սահմանափակման դրսևորում է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Օրենսդիրը նաև հստակեցրել է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակը։ Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` նույն գլխին համապատասխան հարուցված գործերն են։
Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդիրն ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտերին վերապահել է այնպիսի դատավարական հատկանիշներ, ինչպիսիք են՝ վերջնականությունը, վերանայման ենթակա չլինելը և հրապարակման պահից ուժի մեջ մտնելը։ Այսինքն՝ նշված գործերով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից մտնում են օրինական ուժի մեջ և ձեռք են բերում անհերքելիության, բացառիկության, նախադատելիության, պարտադիրության և կատարելիության հատկանիշներ։ Այդ պահից էլ նշված գործերով դատական ակտերը դառնում են վերջնական, քանի որ սպառվում է դրանց հետագա բողոքարկման ու վերադաս դատական ատյանի կողմից վերանայման հնարավորությունը, և դրանք ձեռք են բերում իրավական ակտի որոշակիության հատկանիշ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով ամրագրելով գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման իրավունքի սահմանափակում, չի նախատեսել որևէ բացառություն, այդ թվում՝ այն դեպքերի համար, երբ ՀՀ վարչական դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող խախտում։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածում արտահայտված օրենսդրի կամքը հստակ է, միանշանակ ու որոշակի. ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով ՀՀ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա չեն բողոքարկման՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի ենթադրյալ խախտում է թույլ տվել ՀՀ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտով։ Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է ընտրական վեճերի ու ընտրական գործընթացի առանձնահատկություններով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։ ՀՀ սահմանադրական դատարանի 19․12․2017 թվականի թիվ ՍԴՈ-1395 որոշմամբ նշված նորմը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող:
ՀՀ սահմանադրական դատարանը վերոգրյալ որոշմամբ արձանագրել է.
«(…) - սահմանադրականության տեսանկյունից իրավաչափ է այն հանգամանքը, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով օրենսդիրը, ընտրական գործընթացի ժամանակային սահմանափակումների առանձնահատկություններից ելնելով, վարչական դատարանին առաջադրել է արագ (սեղմ ժամկետներում), գործի հանգամանքների ամբողջական, բազմակողմ և արդյունավետ այնպիսի քննություն իրականացնելու իրավական խնդիր, որի արդյունքում գործով ըստ էության կայացված ակտն իրավաբանական ուժի տեսանկյունից անշրջելի` անբողոքարկելի լինելով հանդերձ, կերաշխավորի նաև անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը,
- անբողոքարկելի դատական ակտի առկայության պայմաններում որպես անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք օրենսդիրը դիտարկել է առանձին գործերի քննության և լուծման համար վարչական դատարանի կոլեգիալ կազմ (մասնավորապես` 5 դատավորի կազմով` Օրենսգրքի 196-րդ, 208-րդ հոդվածներ, 3 դատավորի կազմով` 203-րդ հոդված),
- Օրենսգրքի 208-րդ հոդվածում 5 դատավորի կազմով քննության են ենթակա հատկապես այն գործերը, որոնք առնչվում են ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված վերջնական որոշումներին /որոնք Սահմանադրական դատարանում բողոքարկելի չեն/, այլև ողջ ընտրական համակարգին առնչվող այնպիսի իրավունքների պաշտպանությանը, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ընտրական գործընթացի անխափան իրականացման և ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման տեսանկյունից (…)»:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը, որի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`
3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.
4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.
9) առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի բովանդակությանն է անդրադարձել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով 26.11.2021 թվականի որոշմամբ։ Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված՝ բողոքարկվող դատական ակտը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու կանոնին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է կաշկանդված լինի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բոլոր դեպքերում: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
Վերոհիշյալ նորմերից բխում է, որ վերաքննիչ բողոքը կարող է վարույթ ընդունվել և ըստ էության քննության առարկա դառնալ միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության պայմաններում։ Բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի բողոքարկումը բացառում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և ըստ էության քննության առնելու հնարավորությունը։ Մինչդեռ, դատական ակտի բեկանման հիմքերը, այդ թվում` պարտադիր, ի հայտ են գալիս վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննության ժամանակ, երբ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքն արդեն իսկ հաղթահարել է ընդունելիության փուլը, և բացակայել են բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերը։ Մինչդեռ, առանձին գործերով հատուկ վարույթներով, որոնցով կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտերին հրապարակման պահից տրվում են անհերքելիության, բացառիկության, նախադատելիության, պարտադիրության և կատարելիության հատկանիշներ, վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությունը բացառվում է, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված պահանջը կիրառելի չէ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը կիրառելի են միայն բողոքարկման ենթակա դատական ակտերի նկատմամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ դրանով սահմանվում են այն դեպքերը, երբ անկախ բողոքում նշված հիմքերից՝ բողոքարկման (վերանայման) ենթակա դատական ակտը վերանայման արդյունքում ենթակա է բեկանման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ որևէ իրավիճակում՝ պայմանավորված ՀՀ վարչական դատարանի կողմից թույլ տրված խախտման բնույթով, խնդրո առարկա դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը բացառվում է օբյեկտիվորեն, քանզի առկա չեն բողոքարկման ժամկետներ։ Օրենսդիրն ընդհանուր հայցային վարույթի շրջանակներում սահմանել է գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետ, այն է՝ բողոքարկվող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված մեկամսյա ժամկետ, որպիսի ժամկետը չի կարող կիրառելի լինել այն ակտերի համար, որոնք օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը սահմանելով հատուկ վարույթի նորմերով և ամրագրելով, որ այդ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են ու վերանայման ենթակա չեն, ըստ այդմ՝ չի սահմանել բողոքարկման ժամկետ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ընտրական վեճերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննության կարգով բողոքարկումը չի կարող թույլատրելի լինել անգամ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորադաս ատյանի (առաջին ատյան) որոշումների նկատմամբ բարձր ատյանի (երկրորդ ատյան) վերահսկողությունն ապահովելու սկզբունքից բացառությունն ամրագրված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ նման բացառությունը հիմնված է օրենքի վրա, ինչը համապատասխանում է արդարադատության ընդհանուր սկզբունքներին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կուսակցությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումները և ընտրված ճանաչել Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին։
Դատարանի 21.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 07.01.2022 թվականի որոշմամբ Կուսակցության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) Փաստորեն, Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասում զետեղված դատավարական կարգավորումների ուժով Դատարանը 21.12.2021 թվականին կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հատկանշական է, որ քննարկվող վճռի եզրափակիչ մասի 3-րդ կետում Դատարանը նույնպես նշել է, որ «վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Ընդ որում, նշյալ գործն ըստ էության լուծող դատական ակտը ստորագրված ու կնքված է կոլեգիալ` հինգ դատավորի կողմից։
Ավելին, վերաքննիչ բողոքով բողոքաբերը նույնպես վկայակոչում է Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը, սակայն ընդգծում, որ նշված սահմանափակումը մեկնաբանելիս պետք է առաջնորդվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տրված բազմաթիվ և հստակ մեկնաբանություններով, որ առավել էական խախտումների դեպքում բողոքարկման իրավունքը պետք է գործի։ Մինչդեռ, ներկայացված տեսակետի համատեքստում Վերաքննիչ դատարանը նպատակահարմար է գտնում նկատել այն, որ վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով (Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ գործող դատավարական կարգավորումների իմաստով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (տվյալ դատավարական նորմը չի ճանաչվել նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող ու անվավեր)։ (...)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը գործը կամ հարցը քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածին համապատասխան ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործ է և, ըստ այդմ, քննության է առնվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հատուկ վարույթներ» վերտառությամբ 5-րդ բաժնի «Ընտրական իրավունքի պաշտպանության գործերի վարույթը» վերտառությամբ 28-րդ գլխի կանոններով, մասնավորապես՝ քննվել է կոլեգիալ կազմով։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը՝ Դատարանի 21.12.2021 թվականի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ է մտել հրապարակման պահից, բողոքարկման և վերանայման ենթակա չէ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված դատական ակտը բողոքարկման ենթակա չէ նույնիսկ այն դեպքում, երբ բողոքարկումն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով։
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ խնդրո առարկա վճիռը կայացվել է ոչ օրինական կազմով, ապա թեև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ տվյալ դեպքում այդ հանգամանքը որևէ նշանակություն ունենալ չի կարող, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված փաստարկը հերքվում է Բարձրագույն դատական խորհրդի 14․04․2022 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-4 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կայացվել է դատարանի կարգավիճակում: Մասնավորապես, նշված որոշմամբ կատարվել են հետևյալ եզրահանգումները. «(…) դատական ակտի հրապարակման պարտականություն օրենսդիրը որևէ կերպ չի վերագրել միայն նիստը նախագահողին, ինչից ենթադրվում է, որ բոլոր դեպքերում, երբ կա օբյեկտիվ և բացառիկ անհնարինություն ֆիզիկապես մասնակցելու դատական ակտի հրապարակմանը (…), ապա դատական ակտի հրապարակումը, այն է՝ խորհրդակցական սենյակում գործի ելքի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասի դատական նիստի ժամանակ բարձրաձայն ընթերցումը կարող է իրականացվել դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից, որպիսի լիազորության իրականացման վերաբերյալ առկա չէ օրենսդրությամբ ամրագրված սահմանափակում, ինչի պարագայում հրապարակումը ոչ նախագահողի կողմից իրականացնելը չի կարող համարվել դատավարական նորմի խախտում:
(…) Տվյալ դեպքում խորհրդակցական սենյակում գործի ելքի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասի դատական նիստի ժամանակ բարձրաձայն ընթերցումը կոլեգիալ դատական կազմում ընդգրկված դատավորներից որևէ մեկի կողմից, սույն գործի առանձնահատկություններից ելնելով, միտված է եղել ապահովել օրենքով սահմանված սեղմ ժամկետների պահպանմամբ հանրային կարևորություն ունեցող վեճի դատական կարգով լուծումը հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն:
(…) Ինչ վերաբերում է հեռահար եղանակով դատական նիստին դատավորի մասնակցությանը, ապա Վարչական դատավարության օրենսգրքով թեև դրա վերաբերյալ որևէ ընթացակարգ նախատեսված չէ, այնուամենայնիվ… դատավորի՝ նման եղանակով դատական նիստին մասնակցությունը որևէ կերպ չի ազդել դատարանի օրինական կոլեգիալ կազմի կողմից խորհրդակցական սենյակում կայացված վերջնական դատական ակտի ելքի կայացման վրա»:
Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իրացնելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն ուղղված իր լիազորությունը, ըստ էության, հանգել է այն եզրակացության, որ տվյալ պարագայում առկա չի եղել ոչ օրինական կազմով գործի քննություն իրականացնելու դեպքը։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Կուսակցության ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք է ներկայացվել Դատարանի 21.12.2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժման ենթակա լինելը որևէ կերպ չի կարող պայմանավորվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, այդ թվում նաև ոչ օրինական կազմով գործի քննություն իրականացնելու հիմքի առկայությամբ, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Ընտրական իրավունքի պաշտպանության գործերի վարույթը» վերտառությամբ 28-րդ գլխի կարգավորումներն ուղղակիորեն բացառում են նշված գործերով դատական ակտերի վերանայման հնարավորությունը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Կուսակցության վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ: Նշվածը բավարար հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:
Նշված պատճառաբանություններով և հիմնավորումներով հերքվում են նաև բողոք բերած անձի վճռաբեկ բողոքում բարձրացված մյուս հիմքերը և հիմնավորումները, ուստի, Վճռաբեկ դատարանն անդրադարձ չի կատարում դրանց։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07․01․2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ |
Հ. ԲԵԴևՅԱՆ | |
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: