ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 673-Ա |
«22» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Պատվիրատու) և «Եղնիկիպես» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև 20.04.2023 թվականին կնքված ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/30-2 ծածկագրով Կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1-ին կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բակերի, միջբակային ճանապարհների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները (այսուհետ` աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:
Պայմանագրի 3.1.4 կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե.
բ) Կապալառուն խախտել է պայմանագրի 1.3-րդ կետում նախատեսված ժամկետը (ներառյալ օրացույցային գրաֆիկը),
գ) Կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին:
Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` Պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո և կատարման ժամկետը սահմանվում է` համաձայն հավելված 2-ի:
Պայմանագրի հ. 2 հավելվածի աշխատանքների կատարման ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքների կատարման ժամկետ է սահմանված շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև 180-րդ օրացուցային օրը ներառյալ:
Պայմանագրի 2023 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված N 1 համաձայնագրի 1.1 կետի համաձայն` Պայմանագրով նախատեսված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բակերի, միջբակային ճանապարհների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է 30 օրացուցային օրով:
Հաշվի առնելով այն, որ Ընկերությունը խախտել է Պայմանագրի 1.3-րդ կետով նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ընկերության կողմից կատարված աշխատանքների մի մասը չի համապատասխանել նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին՝ Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով «Գնումների մասին» օրենսդրությամբ, Պայմանագրի 3.1.4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով, միակողմանի մասնակի լուծել է կնքված Պայմանագիրը:
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի փետրվարի 12-ին, և Պայմանագիրը փետրվարի 13-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Եղնիկիպես» ՍՊ ընկերությունը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |