ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան |
ԵԴ/0363/01/22 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի Ա. Պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
7 հունիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մանուկ Սերյոժայի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62216408 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
1.1. 2008 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել Մանուկ Սերյոժայի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
1.2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
1.3. 2009 թվականի փետրվարի 2-ին որոշում է կայացվել թիվ 62216408 քրեական գործից Մ.Խաչատրյանի վերաբերյալ նյութերն առանձին վարույթում անջատելու մասին, և առանձնացված քրեական գործին տրվել է 62200209 համարը:
1.4. 2009 թվականի փետրվարի 20-ին որոշում է կայացվել թիվ 62200209 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: 2009 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացվել Մ.Խաչատրյանի մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
1.5. 2019 թվականի հունվարի 29-ին Մ.Խաչատրյանը ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
2019 թվականի հունվարի 30-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով:
1.6. 2019 թվականի մայիսի 11-ին Մ.Խաչատրյանը Զվարթնոց օդանավակայանից հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
2019 թվականի հոկտեմբերի 16-ին Մ.Խաչատրյանը ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Մ.Խաչատրյանը Զվարթնոց օդանավակայանից կրկին հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
2020 թվականի հունիսի 16-ին որոշում է կայացվել Մ.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Նույն օրը որոշում է կայացվել Մ.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
1.7. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Դատախազի՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
1.8. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:
1.9. 2022 թվականի փետրվարի 24-ին թիվ 62200209 քրեական գործով որոշում է կայացվել մեղադրյալ Մ.Խաչատրյանի կողմից քրեական վարույթին մասնակցելուց խուսափելու պայմաններում վերջինիս բացակայությամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին, և նախաքննությունը շարունակվել է:
2. 2022 թվականի մարտի 16-ին Մ.Խաչատրյանի վերաբերյալ թիվ 62200209 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Միաժամանակ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ քրեական գործով մեղադրյալ Մանուկ Սերյոժայի Խաչատրյանի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու վերաբերյալ:
Հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին դատախազ Վ.Ասատրյանի միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժվել է։
3. Դատախազ Վ.Ասատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 24-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, մեջբերելով և վերլուծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձը պատշաճ ծանուցվելու պարագայում աներկբայորեն չի ցանկանում ներկայանալ և մասնակցել վարույթին, ուղղակիորեն ու հստակ հրաժարվում է դատական քննությանը մասնակցելու և իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ավելին՝ խնդրում է իր վերաբերյալ գործը քննել իր բացակայությամբ՝ համարելով, որ իր համար ավելի բարենպաստ է իր բացակայությամբ վարույթը, քան այլ պետությունից վերադառնալն ու վարույթն իրականացնող մարմնին ներկայանալը, իրավաչափ չէ պնդել, որ հեռակա վարույթ կիրառելը տվյալ անձի համար անբարենպաստ է։
6. Բողոքաբերը փաստել է, որ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքն առկա է, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները բացակայում են, ինչը սույն պարագայում բավարար է մեղադրյալ Մ․Խաչատրյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու, ինչպես նաև հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու համար:
6.1. Բողոքի հեղինակի կարծիքով արդարացված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ հեռակա վարույթի կիրառումն անձի վիճակը վատթարացնում է՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ.Խաչատրյանն է ցանկություն հայտնել, որպեսզի իր նկատմամբ իրականացվի հեռակա վարույթ՝ նշելով, որ իրեն պարզ են օրենքի կիրառման դեպքում առաջացող իրավական հետևանքները, ինչպես նաև վերջինս ունի պաշտպան, ով թե' նախաքննության ընթացքում, թե' դատարանում նշել է, որ մեղադրյալին պարզաբանվել են նշյալ վարույթի իրականացման հետևանքները և մեղադրյալը վարույթը հեռակա կարգով իրականացնելու ցանկություն է հայտնել:
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումները.
8. Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժելով դատախազ Վ.Ասատրյանի՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը, արձանագրել է հետևյալը. «(...) մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով իրականացվող դատական քննության դրույթների կիրառությունը՝ դատական քննության ընդհանուր կարգի համեմատությամբ, քրեական և քրեադատավարական առումով որոշակիորեն վատթարացնում է վերջինի իրավական վիճակը:
Բանն այն է, որ հեռակա կարգով դատական քննության կիրառման դեպքում ամբաստանյալը զրկվում է իր անձից անբաժանելի իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Իսկ այդպիսի իրավունքներ են համարվում ցուցմունք տալը, իր դեմ վկայած անձանց հակընդդեմ հարցման ենթարկելը, առաջադրված մեղադրանքի առնչությամբ դիրքորոշման արտահայտումը և այլն:
Անդրադառնալով այն հարցին, որ hեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է՝ Դատարանը նկատում է, որ այդ հանգամանքն ամբողջությամբ չի լրացնում մեղադրյալի բացակայությունը: Այլ կերպ ասած՝ թեև հեռակա վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը մեղադրյալի իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք է, սակայն պաշտպանը չի կարող անձամբ իրացնել այն իրավունքները, որոնք մեղադրյալի անձից անբաժանելի են:
Ասվածից բացի, հեռավար վարույթի կիրառության դեպքում դադարում են հոսել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները: Այսինքն՝ անձը զրկվում է որոշակի ժամկետով պայմանավորված՝ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դադարեցման՝ օրենսդրությամբ սահմանված հնարավորությունից:
Ինչ վերաբերում է հնարավոր այն դատողությանը, որ քրեական վարույթից խուսափելու պայմաններում մեղադրյալն ինքն է իր վարքագծով զրկում իրեն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից, ապա Դատարանն ընդգծում է, որ վաղեմության ժամկետների ընթացքի որոշակի պահից քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ունի անգամ վարույթն իրականացնող մարմնից խուսափող կամ քննությունից թաքնվող անձը: (…):
Հիշյալ հանգամանքներով պայմանավորված՝ Դատարանն արձանագրում է, որ դատական քննության ընդհանուր կարգի համեմատությամբ՝ հեռակա կարգով դատական քննության կիրառությունն էականորեն սահմանափակում է անձի իրավունքները, որպիսի պայմաններում գործում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կանոնն առ այն, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Այլ կերպ ասած՝ մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի կարգը նախատեսող դրույթները, որպես անձի վիճակը վատթարացնող նորմեր (ինչպես քրեաիրավական այնպես էլ քրեադատավարական իմաստով), չեն կարող հետադարձ ուժ ունենալ և տարածվել նախքան դրանց ընդունումն սկսված (դրանց գործողության պայմաններում շարունակվող) քրեական վարույթների նկատմամբ:
Դատարանն ընդգծում է, որ սույն դեպքում մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի համաձայնությամբ հեռակա վարույթի կիրառությունը և որպես հետևանք՝ դատական քննության ընդհանուր կարգ չկիրառելը չի կարող դիտարկվել անձի կողմից իրավունքից հրաժարվելու հնարավորության համատեքստում: Բանն այն է, որ վերը շարադրված վերլուծության համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը չունի նոր ընդունված և անձի իրավական վիճակը վատթարացնող նորմին հետադարձ ուժ տալու օրենսդրական հայեցողություն: Ավելին՝ գործում են նման իրավական ակտերի հետադարձության սահմանադրական և օրենսդրական ուղղակի արգելքներ: Ուստի Դատարանը չի կարող իրավական վիճակը վատթարացնող նորմի կիրառությունը (դրան հետադարձ ուժ տալը) դիտարկել որպես անձի իրավունք կամ ընտրություն և շրջանցել գոյություն ունեցող արգելքները: Այսինքն՝ սույն դեպքում իրավական խնդիրը պետք է դիտարկվի ոչ թե անձով պայմանավորված, այլ անհրաժեշտ է գնահատել ինստիտուցիոնալ տրամաբանության համատեքստում, այն է՝ օրենսդրական արգելքը պետք է կիրառվի անկախ անձի ցանկությունից։ Հակառակ մոտեցման դեպքում կխախտվի օրինականության սահմանադրական սկզբունքը և Դատարանը, ըստ էության, չի համարվի օրենքի հիման վրա ստեղծված (գործող):
Բացի այդ, Դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հեռակա վարույթի շրջանակներում կայացված դատական ակտի բողոքարկման տարբերակված ընթացակարգ է նախատեսում: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեռակա կարգով դատական քննության արդյունքով կայացված օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը ամբաստանյալի կողմից կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով, եթե նախկինում այն ամբաստանյալի կողմից նույն հիմքով բողոքարկված չի եղել:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքի բացակայության կամ հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում իրականացվել է հեռակա կարգով դատական քննություն:
Վերոգրյալից բխում է, որ հեռակա վարույթի շրջանակներում կայացված դատավճռի բողոքարկումը հնարավոր է միայն կոնկրետ դեպքում, այն է՝ եթե իրականացվել է հեռակա վարույթ՝ նման վարույթի իրականացումը բացառող օրենսդրական հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում:
Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները բացառում են ամբաստանյալի ներկայանալու դեպքում քրեական գործով դատական քննության վերստին իրականացման հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ անձը, ում նկատմամբ իրականացվել է հեռակա վարույթ, զրկվում է իր վերաբերյալ քննվող քրեական գործի դատական քննության շրջանակներում իրենից անբաժանելի իրավունքների իրացման հնարավորությունից, այլ իրավունք է ունենում վիճարկելու միայն հեռակա վարույթ կիրառելու իրավաչափությունը»1:
9. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները բացառում են ամբաստանյալի ներկայանալու դեպքում քրեական գործով դատական քննության վերստին իրականացման հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ անձը, ում նկատմամբ իրականացվել է հեռակա վարույթ, զրկվում է իր վերաբերյալ քննվող քրեական գործի դատական քննության շրջանակներում իրենից անբաժանելի իրավունքների իրացման հնարավորությունից, այլ իրավունք է ունենում վիճարկելու միայն հեռակա վարույթ կիրառելու իրավաչափությունը: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի ներկայությունն ապահովելու համար, առերևույթ, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել, մասնավորապես՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմինները, տեղեկություններ ունենալով մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին, չեն փորձել գործադրել միջազգային իրավական համագործակցության հնարավոր մեխանիզմները: Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի ներկայության ապահովման համար ձեռնարկված գործողությունները սահմանափակվել են ծանուցագրերի ուղարկմամբ (ՀՀ տարածքում), ՍԷԿՏ հարցումներ կատարելով և վերջինի նկատմամբ պարբերաբար հետախուզում հայտարարելու մասին որոշման կայացմամբ: Այսինքն՝ սույն դեպքում մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունները սահմանափակվել են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր միջոցառումների ձեռնարկմամբ, մինչդեռ օրենսդրի մոտեցումը՝ կապված անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկելու հետ, չի կարող սահմանափակվել հիմնականում ներպետական գործընթացներով: Այլ կերպ՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելու և վարույթին մասնակից դարձնելու համար ենթադրվում է, որ պետք է գործադրված լինեին նաև միջազգային իրավական համագործակցության ուղիները, ինչպես նաև դիվանագիտական կապի միջոցները: Այլապես՝ օրենսդրի կողմից հեռավար վարույթի կիրառելիության թույլատրելի լինելու համար չէր օգտագործվի «անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկելու» ձևակերպումը, առավել ևս այն դեպքում, երբ խոսք է գնում արտասահմանում գտնվող անձի ներկայությունն ապահովելու մասին:
Անդրադառնալով դատախազի կողմից բերված այն փաստարկին, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ վերջինին պարբերաբար ուղարկվել են ծանուցագրեր, կատարվել է ՍԵԿՏ հարցում, վերջինի նկատմամբ պարբերաբար հայտարարվել է հետախուզում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք բավարար չեն եղել գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, ուստի այլ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունն առկա է եղել, այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ տվյալ դեպքում չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները, մասնավորապես՝ չեն ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ և 54.1-ին գլուխներում ամրագրված՝ միջպետական հարաբերություններում քրեական գործերով իրավական օգնության միջոցների իրականացումն ու այդ միջոցների իրականացման ընթացակարգերը:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև համակարծիք է Առաջին ատյանի դատարանի այն մոտեցման հետ, որ մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի կարգը նախատեսող դրույթները, որպես անձի վիճակը վատթարացնող նորմեր, չեն կարող հետադարձ ուժ ունենալ և տարածվել նախքան դրանց ընդունումը սկսված քրեական վարույթների նկատմամբ, քանի որ դրանք մեծ հաշվով կարող են անձի համար բացասական հետևանքներ ունենալ, սակայն կոնկրետ սույն գործի շրջանակներում հաշվի առնելով մեղադրյալի իրազեկվածությունն այդ հնարավոր հետևանքների մասին և այդքանով վերջինի համաձայնությունն իր նկատմամբ հեռակա վարույթ կիրառելու վերաբերյալ, հարկ է նշել, որ տվյալ պարագայում ողջամիտ են նաև դատախազի կողմից բերված փաստարկները, սակայն վերոգրյալ պայմաններում միայն նշվածը բավարար չէ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար»2:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը դատախազ Վ.Ասատրյանի միջնորդությունը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 45.3-րդ գլխով նախատեսված՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը (հեռակա վարույթը) կարգավորող նորմերը չեն կարող տարածվել նախքան դրանց ընդունումն սկսված քրեական վարույթների նկատմամբ:
I. Հեռակա վարույթը.
12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (…)»:
13․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (…)»:
13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում թեև բացակայում է առանձին նշում անձի բացակայությամբ դատական վարույթն իրականացնելու հնարավորության մասին, սակայն միջազգային իրավական փաստաթղթերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը դա թույլատրելի են համարում։ Քննարկվող ինստիտուտի ներդրման իրավաչափությունը փաստվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Ամբաստանյալի բացակայությամբ վարույթը կարգավորող չափանիշների մասին» 1975 թվականի մայիսի 21-ի թիվ 75 (11) բանաձևում3 և Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» 1987 թվականի սեպտեմբերի 17-ի N R (87) 18 հանձնարարականում4:
13.2. Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների կորստի, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման5։ Հենց այս պատճառով էլ, Եվրոպական դատարանը գտնում է, որ in absentia դատավարությունները, որպես այդպիսին, չեն հակասում արդար դատաքննության իրավունքին։
13.3. Եվրոպական դատարանը սահմանել է որոշակի չափանիշներ, որոնց պահպանման դեպքում հնարավոր կլինի հավասարակշռել հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի բացակայությանը պետության կողմից տրված իրավաչափ արձագանքը և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրացման հնարավորությունը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը կարևորել է հեռակա վարույթի իրավաչափությանը վերաբերող հետևյալ ընդհանուր չափանիշները.
(ա) դատական նիստին մասնակցելու և նոր քննության հնարավորություն ստանալու իրավունքը,
(բ) դատաքննությանը ներկայանալու իրավունքից հրաժարվելը,
(գ) հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին տեղեկացվելու իրավունքը,
(դ) այն անձի՝ իր պաշտպանի կողմից ներկայացված լինելը, ում գործով իրականացվում է հեռակա վարույթ6։
13.4. Այսպիսով, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը թեև ուղղակիորեն չի խոսում դատական քննությունը մեղադրյալի բացակայությամբ իրականացնելու հնարավորության մասին, այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը վկայում է, որ in absentia դատավարությունները Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրենսդրություններում7 նախատեսելն իրավաչափ է, երբ պահպանվում են դրանց կիրառման ներպետական և միջազգային իրավական չափանիշները:
13.5. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունը ցույց է տալիս, որ in absentia դատավարությունը դիտարկվում է իրավունքից հրաժարման համատեքստում: Այսպես, դատական քննությունը կարող է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա հրաժարվել է քննությանը մասնակցելու իր իրավունքից: Այդպիսի հրաժարումը կարող է լինել բացահայտ կամ ենթադրվող՝ ելնելով անձի կոնկրետ վարքագծից, երբ նա, օրինակ, փորձում է խուսափել դատավարությունից8: Ընդ որում, այս առնչությամբ ևս Եվրոպական դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից ցանկացած հրաժարում պետք է բավարարի նախադեպային իրավունքով սահմանված «գիտակցված և կամավոր» լինելու թեստին9:
14. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-307-Ն օրենքովՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրքը լրացվել է «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը» վերտառությամբ 45.3-րդ գլխով, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի օգոստոսի 28-ին:
14.1. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 375.19-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց:
2. Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝
1) մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով.
2) չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար.
3) մեղադրյալն անչափահաս է.
4) մեղադրյալն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:
3. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 375.23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչև մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին մեղադրողի միջնորդության քննությունն սկսելը դատարանը պարզում է, թե արդյոք խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը պաշտպանին հանձնված չլինելու դեպքում դատական նիստը հետաձգվում է երեք օրով` պաշտպանին հանձնելով մեղադրական եզրակացության պատճենը:
2. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին մեղադրողի միջնորդության քննությունն սկսվում է մեղադրողի կողմից սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության մասին տվյալների ներկայացմամբ:
3. Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, բավարարում է մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը, եթե՝
1) առկա է հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը.
2) բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմանները.
3) հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահին մեղադրյալն ունեցել է քրեական գործով վարույթին ներգրավված պաշտպան, կամ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո պաշտպանը քրեական գործով վարույթին ներգրավվել է սույն օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը չհաստատվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու մասին:
5. Եթե ամբաստանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքն ի հայտ է եկել դատաքննության ընթացքում, և միաժամանակ բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմանները, ապա դատարանը, լսելով կողմերի կարծիքները, սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրողի միջնորդությամբ կարող է մինչև դատավճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը որոշում կայացնել ամբաստանյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Այս որոշումը կայացնելու դեպքում վարույթը չի վերսկսվում»։
Նույն օրենսգրքի 375.24-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հեռակա կարգով դատական քննությունն իրականացվում, և դատավճիռը կայացվում է սույն օրենսգրքի 41-45-րդ գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:
2. Հեռակա կարգով դատական քննության ընթացքում ամբաստանյալի կողմից սույն օրենսգրքով սահմանված իրավունքները կարող են իրականացվել միայն պաշտպանի միջոցով: Ամբաստանյալի անձից անբաժանելի իրավունքները չեն իրականացվում:
3. Եթե մեղադրյալը նախաքննության ընթացքում, իսկ ամբաստանյալը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել, ապա այն հրապարակվում է սույն օրենսգրքի 337-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Եթե դատական քննության ընթացքում վերանում է հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքը, կամ առաջանում է հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որևէ մեկը, ապա վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ամբաստանյալին տրամադրվում է ողջամիտ ժամկետ գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար»:
14.2. Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ հեռակա վարույթի կիրառման հիմքը՝ մեղադրյալի հրաժարումն է իր նկատմամբ իրականացվող քրեադատավարական ընթացակարգերին մասնակցելուց։ Սա վարույթին մեղադրյալի անմիջական մասնակցության հիմնական կանոնից բացառություն է, որը հնարավորություն է տալիս նախաձեռնված քննությունը շարունակել և ավարտել ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի բացակայությամբ։ Նման կարգավորման նպատակը արդարադատության, ինչպես նաև վարույթի մյուս մասնակիցների շահերի համաչափ պաշտպանությունն է: Այն կոչված է բացառելու, որպեսզի վարույթի ընթացքը և հանգուցալուծումը կախված լինեն բացառապես մեկ անձի սուբյեկտիվ վարքագծից։
14.3. Հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված պահանջները, ինչպես նաև այս ինստիտուտի նպատակը՝ օրենսդիրը դրա գործարկման համար սահմանել է բավականին խիստ պայմաններ։ Նախ և առաջ, հեռակա վարույթի իրականացումը պահանջում է, որպեսզի մեղադրյալն իր կամային վարքագծով ուղղակիորեն ցույց տա, որ չի ցանկանում մասնակցել իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող քրեադատավարական ընթացակարգին։ Սակայն, այս հանգամանքը պետք է հաստատվի քրեական վարույթն իրականացնող մարմնի վրա դատավարական օրենսգրքով դրված որոշակի ստուգելի պարտականությունների պատշաճ կատարմամբ: Մասնավորապես, քննիչը պետք է քայլեր ձեռնարկած լինի մեղադրյալին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին պատշաճ ծանուցած լինելու ուղղությամբ (օրինակ՝ մեղադրյալին մեղադրանք ներկայացրած լինի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հասանելի միջոցներով (բջջային հավելվածներ, էլեկտրոնային փոստ և այլն) մեղադրյալին տեղեկացրած լինի հարուցված քրեական հետապնդման մասին, այլ ոչ թե ենթադրի, որ ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրություններից մեղադրյալն իմացած կլինի դրա մասին10 կամ վերջինիս պաշտպանը չէր կարող այդ մասին նրան հայտնած չլինել)11:
14.4. Դրա հետ մեկտեղ, նշված պահանջի կատարումը դեռ բավարար չէ այս հատուկ վարույթն սկսելու համար, քանի որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին մեղադրյալի իրազեկվածությունն ինքնին վարույթն իրականացնող մարմնին չի ազատում նրան որոնելու և հայտնաբերելու պարտականությունից12։ Այստեղից հետևում է, որ մեղադրյալի ֆիզիկական ներկայությունն ապահովելու համար պետք է ձեռնարկվեն վարութային և այլ իրավաչափ գործուն միջոցներ (օրինակ՝ ստանալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշում, կատարել մեղադրյալի գտնվելու վայրը պարզելուն ուղղված ապացուցողական գործողություններ, ճշտել մեղադրյալի հասցեի վերաբերյալ հակասական տեղեկությունները13, հետաքննության մարմնին տալ համապատասխան հանձնարարություններ և այլն) և դրանք պետք է ցանկալի արդյունք տված չլինեն։ Մեղադրյալի վրա չպետք է դրվի նաև քրեական վարույթին մասնակցելուց չխուսափելու կամ քրեական հետապնդման մասին չիմանալու ապացուցման բեռը։
14.5. Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից վարույթն իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար։ Հեռակա վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության պահանջի պահպանումը մեղադրյալին հնարավորություն է տալիս իր վարութային իրավունքներն իրականացնել միջնորդավորված, անուղղակի կերպով, օրինակ՝ մեղադրյալի միջնորդությունները կամ բողոքները կարող են ներկայացվել միայն պաշտպանի անունից և նրա ստորագրությամբ։ Նույն կերպ՝ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաստաթղթերը մեղադրյալի փոխարեն վարույթն իրականացնող մարմնին կարող է հանձնել նրա պաշտպանը, ինչը, այդուհանդերձ, չի սահմանափակում վարույթի ընթացքում պաշտպանի նաև ինքնուրույն գործելու հնարավորությունը։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ այս պայմաններում մեղադրյալի որոշ իրավունքների իրականացումը (օրինակ՝ ցուցմունք տալը, անձամբ հակընդդեմ հարցում կատարելը կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական գործողություններին մասնակցելը, այդ թվում՝ տեսակապի միջոցով) անհնար է դառնում, քանի որ վերջինս հենց ինքն իր ոչ իրավաչափ վարքագծով իրեն զրկել է վարույթին մասնակցելու հնարավորությունից։
II. Քրեադատավարական օրենքի գործողությունը ժամանակի մեջ.
15. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:
2. Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա: (…)»:
15.1. Քրեադատավարական վերոգրյալ օրենսդրական կարգավորման վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն Աշոտ Հարությունյանի գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամանակի մեջ քրեադատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ, և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական նորմի գործողությանը, ապա այն տարածվում է այն դեպքերի վրա, երբ իրավահարաբերությունն առաջանալուց հետո օրենքը փոխվում է՝ ի վնաս դատավարության մասնակցի14։
15.2. Վճռաբեկ դատարանը վերոգրյալ սահմանադրական և օրենսդրական իրավանորմերի վերլուծության արդյունքում Գարիկ Ղազարյանի գործով արձանագրել է, որ ժամանակի մեջ քրեադատավարական իրավունքի նորմերի գործողության առանձնահատկությունն այն է, որ գործի քննության կոնկրետ փուլում կիրառման ենթակա են տվյալ պահին գործող քրեադատավարական օրենքի դրույթները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեադատավարական օրենք է գործել հանցանքը կատարելու պահին։
Ժամանակի մեջ քրեադատավարական օրենքի գործողության միակ բացառությունը վերաբերում է դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեադատավարական օրենքի հետադարձ ուժի արգելքին։ Նշված արգելքի իմաստով սկսված վարույթի ընթացքում կիրառման ենթակա չէ դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը։ Այլ կերպ՝ սկսված վարույթը շարունակվում է քրեադատավարական հին օրենքին համապատասխան, եթե նոր օրենքով վերացվում, սահմանափակվում են դատավարության մասնակցի իրավունքները կամ այլ կերպ վատթարացվում է նրա վիճակը: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատավարության մասնակցի իրավունքները և կարգավիճակը կապված են քրեական դատավարության կոնկրետ փուլում որոշակի իրավահարաբերությունների առկայության հետ: Ուստի, քրեադատավարական օրենքի փոփոխության հետևանքով անձի իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման մասին դատողություններ անելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել, թե նախքան քրեադատավարական օրենքում փոփոխություն կատարելը անձն արդյոք օժտված է եղել որոշակի իրավունքով, որը սահմանափակվել է։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելվում է կիրառել դատավարական այն օրենքը, որը վերացնում կամ սահմանափակում է այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին դատավարության մասնակցի ունեցած իրավունքը, ինչպես նաև այլ կերպ վատթարացնում է նրա՝ այդ պահին ունեցած կարգավիճակը15։
16. Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի իմաստով «սկսված վարույթ» եզրույթը պետք է մեկնաբանել ոչ թե լայն՝ քրեական վարույթ սկսված լինելու (քրեական գործ հարուցված լինելու), այլ ավելի նեղ՝ կոնկրետ այն իրավահարաբերությունն սկսված լինելու իմաստով, որը կարգավորում է քրեադատավարական կիրառվող նորմը: Այլ կերպ՝ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ ենթակա է կիրառման այն իրավանորմը, որը գործում է կոնկրետ դատավարական գործողությունը կատարելու կամ դատավարական ակտն ընդունելու պահին՝ անկախ նրանից, թե օրենքն ընդունվել է քրեական գործի հարուցումից առաջ, թե հետո՝ այն բացառությամբ, որ չի կարող կիրառվել միայն այն նորմը, որի կիրառումը կարող է հանգեցնել սկսված իրավահարաբերության պայմաններում անձի արդեն իսկ ունեցած իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման։ Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության որևէ փուլում օրենսդրությամբ նոր քրեադատավարական ինստիտուտ նախատեսելով, ինքնին, անձի վիճակը չի կարող վատթարանալ, եթե այդ ինստիտուտով նախատեսված իրավահարաբերությունն անձի և պետության միջև դեռևս սկսված չի եղել:
16.1. Դեռ ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնին հեռակա վարույթը դրա կիրառման՝ օրենքով սահմանված հիմքերով ու պայմաններով հանդերձ, չի ենթադրում անձի վիճակի վատթարացում: Այն իրենից ներկայացնում է հատուկ վարույթ՝ իրեն բնորոշ դատավարական ձևով, որը կիրառվում է բացառապես իր վերաբերյալ վարույթին մասնակցելուց անձի հրաժարվելու պարագայում: Հետևաբար, հեռակա վարույթի կիրառումը ոչ թե վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ կամարտահայտությամբ անձին պարտադրվող ընթացակարգ է, այլ անձի դրսևորած ոչ իրավաչափ վարքագծի, այն է՝ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հետևանք, որն անձի համար վրա է հասնում իր իսկ կամարտահայտության արդյունքում:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- 2022 թվականի մարտի 16-ին Մանուկ Խաչատրյանի վերաբերյալ թիվ 62200209 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որի հետ միաժամանակ միջնորդություն է հարուցվել դատարան՝ թիվ 62200209 քրեական գործով մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու վերաբերյալ16.
- «Հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ» Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժվել է դատախազի միջնորդությունը՝ այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով իրականացվող դատական քննության դրույթների կիրառությունը՝ դատական քննության ընդհանուր կարգի համեմատությամբ, քրեական և քրեադատավարական առումով որոշակիորեն վատթարացնում է վերջինի իրավական վիճակը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը միջնորդության մերժման հիմքում դրել է նաև այն, որ հեռակա վարույթի շրջանակներում կայացված դատավճռի բողոքարկումը հնարավոր է միայն կոնկրետ դեպքում, այն է՝ եթե իրականացվել է հեռակա վարույթ՝ նման վարույթի իրականացումը բացառող օրենսդրական հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում17.
- Վերաքննիչ դատարանը 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ, ըստ էության համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ, միաժամանակ հավելել է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի ներկայությունն ապահովելու համար, առերևույթ, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել, մասնավորապես` մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, տեղեկություններ ունենալով մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին, չի փորձել գործադրել միջազգային իրավական համագործակցության հնարավոր մեխանիզմները: Քրեական գործում առկա տվյալների համաձայն` նախաքննության ընթացքում մեղադրյալ Մանուկ Խաչատրյանի ներկայության ապահովման համար ձեռնարկված գործողությունները սահմանափակվել են ծանուցագրերի ուղարկմամբ (ՀՀ տարածքում), ՍԷԿՏ հարցումներ կատարելով և վերջինի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումների պարբերաբար կայացմամբ18:
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, մերժելով հեռակա վարույթ կիրառելու միջնորդությունը, հաշվի չեն առել սույն գործի հետևյալ փաստական հանգամանքները.
- մեղադրյալ Մ.Խաչատրյանը խուսափել է քրեական վարույթին մասնակցելուց՝ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ երկու անգամ հայտարարվել է հետախուզում, գործի վարույթը հինգ անգամ կասեցվել է՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելու հիմքով19,
- մեղադրյալ Մ.Խաչատրյանը պատշաճ ծանուցված է եղել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, և վարույթին մասնակցելու անհնարինությունը պայմանավորված չէ նրա կամքից անկախ հանգամանքներով,
- մեղադրյալ Մ.Խաչատրյանն ունի պաշտպան, ով միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ թիվ 62200209 քրեական գործի վարույթը մեղադրյալի բացակայության պայմաններում շարունակելու մասին,
- մեղադրյալ Մ.Խաչատրյանն իր դիմումով նշել է, որ իրեն պարզ են օրենքի կիրառման դեպքում առաջացող հետևանքները՝ հավելելով, որ հեռակա վարույթի չկիրառման արդյունքում խախտվելու են իր արդյունավետ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները20,
- վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկել՝ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, սակայն վերջինիս մասնակցությունը ապահովել հնարավոր չի եղել։ Մասնավորապես՝ 2008 թվականի հոկտեմբերի 28-ից գտնվելով հետախուզման մեջ, մեղադրյալ Մ.Խաչատրյանը 2019 թվականի հունվարի 29-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույն թվականի փետրվարի 1-ին պաշտպանական կողմի միջնորդությամբ փոխարինվել է գրավով, որից հետո մեղադրյալ Մ.Խաչատրյանը, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, երկու անգամ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, վերջին անգամ՝ անվերադարձ։ 2020 թվականի հունիսի 16-ին նրա նկատմամբ դարձյալ հայտարարվել է հետախուզում։ Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից պարբերաբար ծանուցագրեր են ուղարկվել նրա բնակության վայր, կատարվել է ՍԵԿՏ հարցում, սակայն Մ.Խաչատրյանի մասնակցությունն ապահովել հնարավոր չի եղել,
- Առաջին ատյանի դատարանում մեղադրյալ Մ.Խաչատրյանի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում պաշտպան Ա.Պողոսյանը, ընդունելով, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է բոլոր միջոցները Մ.Խաչատրյանի ներկայությունն ապահովելու համար, իրավաչափ է համարել իր պաշտպանյալի նկատմամբ հեռակա վարույթի իրականացումը21:
17.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ.
- մեղադրյալ Մ.Խաչատրյանը չափահաս է,
- մինչդատական քրեական վարույթի ընթացքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ Մ.Խաչատրյանն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:
18. Սույն որոշման 16-17.1-րդ կետերում ներկայացված փաստական հանգամանքները գնահատելով 13-14.5-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն անտեսել են այն հանգամանքները, որ.
- վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին պատշաճ ծանուցել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին՝ պարզաբանելով հեռակա վարույթի կիրառման իրավական հետևանքները,
- մեղադրյալի՝ հեռակա վարույթի և դրա հետևանքների մասին տեղեկացված լինելու պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար,
- մեղադրյալ Մ.Խաչատրյանի վարքագծից ակնհայտ է, որ նա գիտակցված և կամավոր հրաժարվել է քննությանը մասնակցելու իր իրավունքից:
- վարույթն իրականացնող մարմինը հավաստիացել է, որ առկա են հեռակա վարույթ իրականացնելու հիմքն ու պայմանները և միաժամանակ առկա չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հեռակա վարույթի կիրառումը բացառող հանգամանքները:
Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը պահպանել է մեղադրյալի բացակայությամբ վարույթն իրականացնելու օրենքով սահմանված հիմքերն ու իրավաչափության պայմանները: Սույն որոշման 15-16․1-րդ կետերում ներկայացված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նաև ընդգծել, որ մեղադրյալ Մ.Խաչատրյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու իրավահարաբերությունը ծագել է օրենքի գործողության պայմաններում՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի՝ «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը» վերտառությամբ 45.3-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո22:
19. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ տվյալ դեպքում չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները, մասնավորապես՝ չեն ապահովվել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ և 54.1-ին գլուխներում ամրագրված՝ միջպետական հարաբերություններում քրեական գործերով իրավական օգնության միջոցների իրականացումն ու այդ միջոցների իրականացման ընթացակարգերը, ապա այս կապակցությամբ հարկ է փաստել, որ այն պատճառաբանված չէ, քանի որ մեղադրյալը տեղյակ է եղել հեռակա վարույթ իրականացնելու մասին, իսկ վարույթն իրականացնող մարմինն իր հերթին ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, իսկ Վերաքննիչ դատարանը չի մատնանշել Մ.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու և վերջինիս չհայտնաբերվելու պայմաններում միջազգային-իրավական համագործակցության կոնկրետ այն գործիքակազմը, որը կարող էր գործադրվել և չի գործադրվել:
20. Սույն որոշման 16.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում անձի իրավական վիճակի վատթարացման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները, քանի որ հեռակա վարույթը սույն գործով կիրառվել է օրենքով նախատեսված իրավաչափության պայմանների պահպանմամբ՝ մեղադրյալ Մ.Խաչատրյանի՝ վարույթին մասնակցելու իրավունքից հրաժարվելու մասին հստակ կամարտահայտության հիման վրա: Ինչ վերաբերում է հեռակա վարույթի կիրառման արդյունքում անձի վիճակի վատթարացման եզրահանգման հիմքում ստորադաս դատարանների կողմից դրված այն փաստարկին, որ հեռակա վարույթի կիրառության դեպքում դադարում են հոսել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները և անձը զրկվում է որոշակի ժամկետով պայմանավորված՝ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դադարեցման՝ օրենսդրությամբ սահմանված հնարավորությունից, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենքով նախատեսված երաշխիքների պահպանմամբ անձի կամարտահայտության հիման վրա կամ ոչ իրավաչափ վարքագծով պայմանավորված հեռակա վարույթի կիրառման արդյունքում անձի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հետևանքի կանխումը չի կարող դիտարկվել որպես անձի իրավունքի սահմանափակում կամ որոշակի իրավունքից զրկելու եղանակով վերջինիս վիճակի վատթարացում:
21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 45.3-րդ գլխով նախատեսված՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը (հեռակա վարույթը) կարգավորող նորմերը, չեն կարող տարածվել նախքան դրանց ընդունումն սկսված քրեական վարույթների նկատմամբ, հիմնավոր չէ:
22. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով հեռակա վարույթ կիրառելու մասին դատախազի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազ Վ.Ասատրյանի վերաքննիչ բողոքը, թույլ են տվել դատական սխալ՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 24-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշումը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար23։ Առաջին ատյանի դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի դատախազ Վ.Ասատրյանի՝ հեռակա վարույթ կիրառելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Մանուկ Սերյոժայի Խաչատրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 24-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 64-80:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 65-71:
3 Տե՛ս Resolution (75) 11 on the criteria governing proceedings held in the absence of the accused (Adopted by the Committee of Ministers on 21 May 1975 at the 245th meeting of the Ministers' Deputies,
Տե'ս բանաձևը հետևյալ հղմամբ` https://rm.coe.int/09000016804f7581:
4 Տե՛ս Recommendation no. r (87) 18 of the committee of ministers to member states concerning the simplification of criminal justice (Adopted by the Committee of Ministers on 17 September 1987 at the 410th meeting of the Ministers' Deputies),
Տե'ս հանձնարարականը հետևյալ հղմամբ` https://rm.coe.int/native/09000016804e19f8:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Colozza v. Italy գործով 1985 թվականի փետրվարի 12 վճիռը, գանգատ թիվ 9024/80, կետ 29։
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sejdovic v. Italy գործով 2006 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 56581/00, կետեր 80-94։
7 Տե՛ս Questionnaire concerning judgments in absentia and the possibility of retrial, 28/04/2014, Strasbourg, https://rm.coe.int/168008a6ab:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Lena Atanasova v. Bulgaria գործով 2017 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 52009/07, կետ 52, Chong Coronado v. Andorra գործով 2020 թվականի հուլիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 37368/15, կետեր 42-45:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sejdovic v. Italy վերը հիշատակված գործով վճիռը, կետեր 86-87:
10 Տե՛ս, mutatuis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Somogyi v. Italy գործով 2004 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 67972/01, կետ 75։
11 Տե՛ս, mutatuis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Muca v. Albania գործով 2018 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 57456/11, կետեր 34-36։
12 Տե՛ս, mutatuis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Lena Atanasova c. Bulgarie գործով 2017 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 52009/07, կետեր 45-53։
13 Տե՛ս, mutatuis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Berestov v. Russia գործով 2021 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 17342/13, կետեր 33-52։
14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Հարությունյանի գործով 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-111/07 որոշումը։
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/11 որոշումը:
16 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
18 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
19 Տե՛ս սույն որոշման 1.1-1.6-րդ կետերը։
20 ե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 66:
21 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 54-57, 70-71:
22 Տե՛ս սույն որոշման 1.9-2-րդ և 14-րդ կետերը։
23 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: