ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1276-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, քաղաք Գավառ, Հերոս քաղաք Նովոռոսսիյսկի փողոց 4/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 105.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված, պետական սեփականություն հանդիսացող (0.0341 հեկտար մակերեսով հողամասից 0.0249 հեկտար մակերեսով հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է, որի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 1058/6573-ի) հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27052024-05-0071, այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին՝ գույքը վերանորոգելու, կահավորելու և որպես գրասենյակային տարածք օգտագործելու նպատակով։
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Գավառ համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
ա. սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Գավառ համայնքի միջոցների հաշվին,
բ. նվիրաբերության պայմանի խախտման հիմքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից նվիրաբերված գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն,
գ. Գավառ համայնքը պարտավորվում է գույքի վերանորոգման և կահավորման նպատակով գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել 12 000 000 ՀՀ դրամի ներդրում։
3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |