ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 սեպտեմբերի 2024 թ. |
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1267-Ա որոշմամբ հավանություն է տվել «2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ Կառավարիչ) միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացման ու վթարայնության նվազեցման նպատակով:
2. Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ (այսուհետ՝ Ներդրումային վարկ) «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքների (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար:
3. Համաձայնագրի թվով 8 ներքոնշյալ հավելվածները հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մաս, մասնավորապես՝
1) Հավելված թիվ 1՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի ստանդարտ պայմաններ (այսուհետ՝ Ստանդարտ պայմաններ),
2) Հավելված թիվ 2՝ Ներդրումային վարկի պայմանները,
3) Հավելված թիվ 3՝ Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը,
4) Հավելված թիվ 4՝ Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և ծախսային կատեգորիաները,
5) Հավելված թիվ 5՝ Ծրագրի նկարագրությունը և իրականացման կարգը,
6) Հավելված թիվ 6՝ Ծրագրի մոնիթորինգը և գնահատումը,
7) Հավելված թիվ 7՝ Գնումների ընթացակարգերը,
8) Հավելված թիվ 8՝ Միջոցների հատկացման ընթացակարգերը։
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես, ապահովել՝
4.1. Ծրագրի իրականացումը՝ Համաձայնագրով և Ստանդարտ պայմանների 4․01 բաժնի պահանջներով, ինչպես նաև Համաձայնագրի թիվ 5 հավելվածում սահմանված կարգով և պայմաններով (հոդված 4, կետ 4․1, «ա» ենթակետ),
4.2. Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի թիվ 2 հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի կիրառելի պահանջների կատարումը, Կառավարչին ներկայացվող հաշվետվությունների, փաստաթղթերի և նյութերի կազմումն ու տրամադրումը, որոնք ենթակա են տրամադրման նշված քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան (հոդված 4, կետ 4.1, «բ» ենթակետ),
4.3. Տեխնիկական միջոցների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք պահանջվում են Ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելու համար՝ Ստանդարտ պայմանների 4.01 բաժնի «բ» կետին համապատասխան (հոդված 4, կետ 4․1, «դ» ենթակետ),
4.4. Կառավարչին Ծրագրի փաստաթղթերի և դրանց հասանելիության տրամադրումը, հաշվառման փաստաթղթերի վարումը և պահպանումը՝ Ստանդարտ պայմանների 4.02 բաժնին համապատասխան (հոդված 4, կետ 4․1, «ե» ենթակետ),
4.5. Ծրագրի մոնիթորինգը և գնահատումը, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված՝ Ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունների տրամադրումը՝ Ստանդարտ պայմանների 4.03 բաժնին և Համաձայնագրի թիվ 6 հավելվածին համապատասխան (հոդված 4, կետ 4․1, «զ» ենթակետ),
4.6. Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարումը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացումը և Կառավարչին տեղեկատվության տրամադրումը՝ Ստանդարտ պայմանների 4.04 բաժնի պահանջներին համապատասխան (հոդված 4, կետ 4․1, «է» ենթակետ),
4.7. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացումը Ներդրումային վարկի միջոցների հաշվին՝ Համաձայնագրի թիվ 7 հավելվածում նշված գնումների ընթացակարգերին համապատասխան (հոդված 4, կետ 4․1, «ը» ենթակետ),
4.8. Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված միջոցների ծախսումը Համաձայնագրի թիվ 8 հավելվածում նշված՝ միջոցների տրամադրման ընթացակարգերին համապատասխան (հոդված 4, կետ 4․1, «թ» ենթակետ),
4.9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան՝ Ծրագրի իրականացման ամենօրյա աշխատանքների համար պատասխանատու կազմակերպության կամ այլ կազմակերպության ներգրավումը՝ Համաձայնագրի թիվ 5 հավելվածի 3-րդ կետում նշված գործառույթները կատարելու համար (հոդված 4, կետ 4․1, «ժ» ենթակետ):
5․ Հայաստանի Հանրապետությունը, գրավոր հարցման հիման վրա, Կառավարչին տեղեկատվություն է տրամադրելու իր տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների վերաբերյալ, որի համար Կառավարիչը հիմնավորված հարցում կներկայացնի՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 5.01 բաժինը (հոդված 4, կետ 4․3)։
6․ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել, որ իր որևէ արտաքին պարտք առաջնահերթություն չունենա Ներդրումային վարկի գծով պարտքի նկատմամբ՝ Ստանդարտ պայմանների 6.01 բաժնի դրույթներին համապատասխան (հոդված 4, կետ 4․4)։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
27 սեպտեմբերի 2024 թվականի ՍԴՈ-1751 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: