600.0377.27.11.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 նոյեմբերի 2024 թվականի |
N 377-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 413-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1-ին կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋ N 0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի՝ 2024 թվականի օգոստոսի 9-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ առաջարկելով Ծառայությունների սակագները պահպանել 2024 թվականի համար սահմանված մակարդակին,
բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ընկերության, ջրային կոմիտեի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2024 թվականի ապրիլի 15-19-ը, հուլիսի 8-19-ը և սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածներում իրականացրել է սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ,
գ) ջրային կոմիտեի, Ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին ստորագրված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 52 համաձայնագրի 1-ին կետով Ընկերության հետագա բնականոն գործունեության ապահովման նպատակով կողմերն ընդունում և համաձայնվում են 2025 թվականի համար մանրածախ գումարային սակագինը 2024 թվականին սպառողների կողմից վճարվող մանրածախ գումարային սակագնին համապատասխանեցնելու նպատակով 2025 թվականի բազիսային սակագինը վերանայել և սահմանել 138,45 դրամ/խմ-ի (առանց ավելացված արժեքի հարկի) չափով, որի հիման վրա փոփոխություններ են կատարվել Լիցենզիայի պայմանների «Սակագներ և սակագների ճշգրտումներ» N 3 հավելվածում,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման 2-րդ կետով Հանձնաժողովին առաջարկվել է Ծառայությունների մատուցման սակագները սահմանելիս, նույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս մատուցվող Ծառայությունների համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ,
և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետը, 791-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշումը և Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Ընկերության կողմից`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին)՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127,5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22,5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 27,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 141,9667 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 170,36 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 25,05 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 30,06 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 33,26617 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 39,9194 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 16,63308 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 19,9597 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 10,81242 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 12,9749 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 519-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 413-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
ք. Երևան 27 նոյեմբերի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական: