ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1967 թվականի մարտի 21, N 97
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հարակից կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական ՍՍՀ-ում անտառային և որսային տնտեսության վարումը բարելավելու, մթերումները կարգավորելու և պաշտպանական անտառատնկումը զարգացնելու մասին» N П-343 որոշման 12-րդ կետը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահի տեղակալ` |
Ս. ՄՈՎՍԵՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թ. մարտի 21-ի N 97 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի անտառային տնտեսության պետական կոմիտեի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն միութենական-հանրապետական մարմին է և ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին ու ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին:
2. Իր գործունեության ընթացքում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով. ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հրամաններով ու հրահանգներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հիմնական խնդիրներն են.
Պետական անտառներում անտառային տնտեսությունը վարելու բնագավառում
ա) պետական անտառներում անտառային տնտեսության կազմակերպման ղեկավարումը, պետական անտառների անտառաշինության կազմակերպումը, անտառաշինական նյութերի քննարկումն ու ընդունումը. անտառային ֆոնդի հաշվառումը. անտառահատման ֆոնդի հանձնումը անտառամթերողներին և բնակչությանը. անտառահատման ֆոնդի հաշվարկը, պլանավորումը և ամրապնդումը.
բ) անտառահատման ֆոնդից սահմանված կարգով օգտվելը, վերահսկողությունը` արմատի վրա ծառեր բաց թողնելու կարգը պահպանելու և մինիստրությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից երկարաժամկետ օգտագործման համար իրենց ամրացված անտառներում անտառային տնտեսությունը վարելու նկատմամբ.
գ) անտառի պահպանումը ինքնագլուխ անտառահատումից ու այլ անտառախախտումներից, ինչպես նաև հրդեհներից և նրա պաշտպանումը գյուղատնտեսական վնասատուներից ու հիվանդություններից.
դ) անտառախնամ հատումների, սանիտարական հատումների և գլխավոր օգտագործման հատումների կազմակերպումը, անտառներում կողմնակի օգտագործումների կազմակերպումը և վերահսկողությունը` դրանք անտառային տնտեսության շահերի պահպանումով վարելու նկատմամբ. կոճղա-վճարային մուտքերի ու անտառային այլ եկամուտների պլանավորումը և դրանց գանձման կազմակերպումը.
ե) ժողովրդական տնտեսության կարիքների համար պետական անտառային ֆոնդից հողամասերի հատկացումը, ինչպես նաև մյուս հողօգտագործողներից պետական անտառային ֆոնդին տրվող հողերի ընդունումը.
զ) անտառի վիճակի բարելավման և նրա արտադրողականության բարձրացման միջոցառումների իրագործումը.
անտառի վերականգնումը պետական անտառային ֆոնդի հողերում (անտառահատված, հրդեհված, պարապուտ և նոսր տարածություններում), ջրաբաժանքների, լեռնային գետակների ու գետերի ջրամբարների, ինչպես նաև ձորակների ու էրոզիայի ենթարկված հողերի անտառապատումը` անտառատնկումների և անտառի բնական վերականգնմանն աջակցելու միջոցով.
նվազ արդյունավետ նոսր անտառների, մացառուտով զբաղված տարածությունների վերակառուցումը` այդ տարածություններում արժեքավոր, արագ աճող և բարձրարտադրողական ծառատեսակներով տնկարկներ ստեղծելու նպատակով.
պաշտպանական անտառաշերտերի ստեղծումը և մելիորատիվ այլ միջոցառումների կատարումը էրոզիայի ենթարկված և գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի վրա, որոնք տրվել են պետական անտառային ֆոնդին.
այգիների հիմնումը, ընկուզապտուղ ծառերի տնկումը և վայրի աճող պտղատու ծառերի ազնվացման միջոցով անտառային այգիների կազմակերպումը.
կանաչ գոտիների ստեղծումը քաղաքների, արդյունաբերական կենտրոնների և բնակելի կետերի շրջակայքում. զբոսայգիների ու անտառապուրակների հիմնումն աշխատավորների հանգստի գոտիներում (սանատորիաներ, հանգստի տներ, տուրիստական բազաներ և այլն).
տնկանյութի աճեցման համար անտառատնկարանների, դպրոցների և պլանտացիաների հիմնումը, ինչպես նաև անտառասերմային գործի կազմակերպումը.
անտառակուլտուրային տարածություններում արագ աճող պտղատու, տնտեսապես ու տեխնիկապես արժեքավոր ծառատեսակների (ընկուզապտուղ, բարդի և այլն) տնկարկների ստեղծումը.
անտառատարածությունների չորացումը և մելիորատիվ միջոցառումների անցկացումը.
է) փայտամթերումների, նախնական վերամշակման և ըստ համապատասխան առաջադրանքների` ատաղձային սորտամետների փայտանյութի ու վառելափայտի մատակարարման կազմակերպումը. փայտանյութից լայն սպառման ապրանքների արտադրությունը, անտառահումքային ռեսուրսների, փայտամթերումների ու անտառախնամ հատումների մնացուկների օգտագործման այլ տեսակները.
ը) գլխավոր օգտագործման անտառահատումներից, անտառախնամ հատումներից և սանիտարական հատումներից ստացված անտառարտադրանքի, լայն սպառման արտադրամասերի արտադրանքի, տնկանյութի, սերմերի և անտառային տնտեսության ձեռնարկությունների ստացած այլ արտադրանքի իրացման ղեկավարումը.
թ) իրավասության ենթակա ձեռնարկությունների անտառակուլտուրային, անտառատնտեսային, փայտամատակարարման և շինարարական աշխատանքների աշխատատար պրոցեսների մեքենայացման միջոցառումների իրագործումը և փոխադրամիջոցներով նրանց ապահովումը` ամեն տեսակ բեռնային ավտոփոխադրումների կատարման համար.
ժ) գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների, ինչպես նաև առաջադիմական տեխնոլոգիայի արմատավորումն արտադրության պրոցեսներում:
Պետարգելոցներում և արգելավայրերում տնտեսությունը վարելու բնագավառում
ա) պետական արգելանոցների և արգելավայրերի բուսական ու կենդանական աշխարհի պաշտպանությունն ու հարստացումը ապահովող միջոցառումների իրագործումը և նրանց բնական կոմպլեքսի վերականգնումը, ինչպես նաև պետարգելոցների ռեժիմի պահպանումը.
բ) անտառային, գյուղական և որսային տնտեսության համար գործնական նշանակություն ունեցող գիտահետազոտական աշխատանքի կազմակերպումը, պետական արգելանոցներում տարվող գիտական և կուլտուր-լուսավորական աշխատանքի հարցերի վերաբերյալ կապերի իրագործումը մինիստրությունների, գերատեսչությունների և գիտահետազոտական հիմնարկությունների հետ.
գ) արժեքավոր անտառային զանգվածների պահպանումն ու նրանց վիճակի բարելավումն ապահովող անտառատնտեսական և այլ միջոցառումների մշակումն ու իրագործումը:
Կոլտնտեսային և սովխոզային անտառներում անտառային տնտեսությունը վարելու բնագավառում
ա) վերահսկողության իրագործումը` կոլտնտեսային, սովխոզային և մյուս գերատեսչություններին (կազմակերպություններին) ամրացված անտառներում անտառային տնտեսությունը վարելու նկատմամբ.
բ) կոլտնտեսություններին և սովխոզներին տեխնիկական օգնություն ցույց տալը` պաշտպանական անտառատնկման աշխատանքներ կատարելու, կոլտնտեսային և սովխոզային անտառների գծով պլանավորվող անտառատնտեսական, անտառաշինական և այլ միջոցառումներ անցկացնելու գործում. պաշտպանական անտառատնկման աշխատանքների կատարումը կոլտնտեսությունների, սովխոզների և մյուս հողօգտագործողների հողերում, որոնք տրվել են պետական անտառային ֆոնդին, ինչպես նաև տեխնիկական ղեկավարումը և կոլտնտեսություններին ու սովխոզներին ցանքանյութով և տնկանյութով ապահովելու գործում օգնություն ցույց տալը, երբ նրանք կատարում են անտառակուլտուրային աշխատանքներ և պաշտպանական անտառատնկման միջոցառումներ:
Որսային տնտեսությունը վարելու բնագավառում
ա) Հայկական ՍՍՀ տերիտորիայում պետական, կոոպերատիվ և հասարակական բոլոր կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության իրագործումը` որսային տնտեսությունը վարելու, որսորդությամբ զբաղվելու և որսորդական սպորտի բնագավառում.
բ) պետական որսային ֆոնդի հաշվառման ու վերարտադրության կազմակերպումը, որսորդական հանդակների հետազոտումն ու կազմակերպումը, պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին դրանց ամրացման ճշտության ու նպատակահարմարության որոշումը. կցովի տնտեսությունների կազմակերպման, օգտակար գազանների և թռչունների գլխաքանակի պահպանման, ավելացման ու բարելավման միջոցառումների մշակումը և իրագործումը. պետական որսային ֆոնդի պահպանության կազմակերպումը եգերային ծառայության պետական և հասարակական տեսուչների, անտառային պահպանության և աշխատավորների դեպուտատների գյուղական սովետների միջոցով.
գ) կենդանիների և թռչունների առանձին տեսակների որսի ժամկետների փոփոխումը 15 օրվա սահմաններում, ըստ հանրապետության շրջանների` համաճարակային հիվանդությունների հետևանքով կենդանիների ու թռչունների մասսայական անկման, կենդանիների առանձին տեսակները սպառվելու կամ նրանց պաշարներն ավելանալու, տարերային աղետների և այլ դեպքերում, անկախ որսի համար սահմանված ժամկետներից, առանձին շրջանների և ամբողջ հանրապետության տերիտորիայում այս կամ այն գազանի ու թռչնի որսի արգելումից կամ թույլատրումից. որսի ենթակա գազանների և թռչունների որսաչափի որոշումը, որսային տնտեսության արտադրանքի մատակարարման նախագծերի և պլանների քննարկումը և նրանց վերաբերյալ եզրակացությունների ներկայացումը Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ. արտոնագրային տեսակների գազանների և թռչունների քանակի որոշումը, դրանց խփելու, ինչպես նաև գիտական, կուլտուրական և տնտեսական նպատակների համար գազաններ և թռչուններ խփելու և որսալու թույլատրումը. վերահսկողությունը` որսի և որսային տնտեսության արտադրանքի մթերումների կանոնների ու ժամկետների պահպանման նկատմամբ.
դ) անասնաբուծությանը և որսային տնտեսությանը վնաս պատճառող գիշատիչների ոչնչացումը Որսորդների ու ձկնորսների կամավոր ընկերության, պետորստեսուչների և անտառային պահպանության միջոցով.
ե) որսորդական շնաբուծության զարգացման աշխատանքի ղեկավարումը, որսորդական շների ցեղային մատյանների վարումը և որսորդական շների ցուցահանդեսների, զբոսանքների, մրցումների և դաշտային փորձարկումների կազմակերպումը Որսորդների ու ձկնորսների կամավոր ընկերության միջոցով.
զ) վերահսկողությունը` Որսորդների ու ձկնորսների կամավոր ընկերության կողմից որսային տնտեսությունը ճիշտ վարելու նկատմամբ:
Պլանավորման, ֆինանսական գործունեության, գիտության և շինարարության բնագավառում
ա) անտառային ու որսային տնտեսության, գիտահետազոտական աշխատանքի, աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի, արտադրանքի ինքնարժեքի ու իրացման և նրա փոխադրումների, անտառային տնտեսության կադրերի պատրաստման, կապիտալ ներդրումների և հիմնական նորոգման հեռանկարային, տարեկան, եռամսյակային ու ամսական պլանների, ինչպես նաև իրավասության ենթակա հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի բալանսների, ամփոփ ֆինանսական պլանների և ֆինանսական պլանների կազմումը.
բ) իրավասության ենթական հիմնարկությունների պլանների, հաստիքների և ֆինանսավորման լիմիտների սահմանված կարգով հաստատումը, իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների սահմանված կարգով ֆինանսավորումը և նրանց արտադրական ու ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) գործառնական հաշվառման ու ամփոփ հաշվետվությունների կազմման ղեկավարումը.
դ) Անտառային տնտեսության պետական կոմիտեի իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմակերպումն ու ղեկավարումը և նրանց բալանսների հաստատումը, պարբերական և տարեկան հաշվապահական հաշվետվությունների կազմումն ըստ Անտառային տնտեսության պետական կոմիտեի գործունեության բոլոր հատվածների, իրավասության ենթակա հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների փաստաթղթային վերստուգումների անցկացումը.
ե) պետական սոցիալիստական սեփականության պահպանման միջոցառումների իրագործումն իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում. անտառներում հակահրդեհային անվտանգության կանոնների և որսորդական զենքի ու զինամթերքի առևտրի կանոնների խախտման մեջ մեղավոր անձանց և կազմակերպություններին սահմանված կարգով պատասխանատվության կանչելը. անտառախախտողների և որսի կանոնները խախտողների վերաբերյալ նյութերի ուղարկումը քննչական մարմիններին` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, անտառային տնտեսությանը և պետական որսային ֆոնդին պատճառած վնասի համար խախտողների նկատմամբ քաղաքացիական հայցի ներկայացումը.
զ) գիտա-տեխնիկական ինֆորմացիայի կազմակերպումը, անտառային և որսային տնտեսության համար կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման, մշտական բանվորական կադրերի ստեղծման աշխատանքի ղեկավարումը, վերահսկողությունը իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում կատարվող գիտահետազոտական աշխատանքի նկատմամբ, անտառային տնտեսության, արգելանտառների, որսային տնտեսության և որսորդական սպորտի հարցերի վերաբերյալ գրականության հրատարակումը.
է) անտառանյութի փոխադրման ճանապարհների, անտառատնտեսային, բնակարանային, կուլտուր-կենցաղային և արտադրական օբյեկտների, վարչական շենքերի, կորդոնների, հակահրդեհային կառուցվածքների, ջրհան կայանների, ոռոգիչ ցանցի և շինարարության այլ օբյեկտների նախագծման կազմակերպումը և նրանց կառուցման ղեկավարումը.
ը) իրավասության ենթակա հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նյութա-տեխնիկական մատակարարման ապահովումը.
թ) աշխատանքի կազմակերպման գիտական մեթոդների արմատավորումը իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում. աշխատանքի արտադրողականության բարձրացումը և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ նորմատիվ նյութերի մշակումը, վերահսկողությունը` իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի նորմատիվ նյութերի, բանվորների, ինժեներա-տեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատանքի վարձատրության գործող պայմանների և աշխատանքային օրենսդրության ճիշտ կիրառման նկատմամբ, իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման վիճակի վերլուծումը և նրա կատարելագործման մասին առաջարկությունների ներկայացումը ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտե, աշխատանքի պաշտպանության բարելավումը իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում:
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն գլխավորում է նրա նախագահը, որը նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով: Նախագահի տեղակալները նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահը`
ա) ղեկավարում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամբողջ գործունեությունը.
բ) ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հրամանների ու հրահանգների հիման վրա, և ի կատարումն դրանց, և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ, կարգադրություններ ու հրահանգներ և ստուգում է դրանց կատարումը.
գ) նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողներ և պաշտոնից ազատում նրանց.
դ) սահմանված կարգով ստեղծում, կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկություններ ու կազմակերպություններ և լուծարքի է ենթարկում դրանք.
ե) հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի վարչությունների և բաժինների կանոնադրությունները, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկությունների կազմակերպությունների կանոնադրությունները.
զ) վերացնում է իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների հրամանները, որոնք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներին ու կարգադրություններին, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի ու Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հրամաններին ու հրահանգներին:
6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեում ստեղծվում է կոլեգիա հետևյալ կազմով. Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (նախագահ), նախագահի տեղակալներ, Անտառային տնտեսության պետական կոմիտեի և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողներ:
Կոլեգիայի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
Կոլեգիան իր նիստերում քննության է առնում անտառային տնտեսության ու որսային տնտեսության հարցեր, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Անտառային տնտեսության պետական կոմիտեի պլանների և նրա առաջ դրված խնդիրների կատարումն ապահովող այլ հարցեր. լսում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողների հաշվետվություններ, ինչպես նաև քննարկում է կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հրամաններով:
Կոլեգիայի նախագահի և անդամների միջև տարաձայնության դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին: Կոլեգիայի անդամները իրենց հերթին իրավունք ունեն դիմելու Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:
7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն առաջավոր փորձի տարածման նպատակով սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ, որտեղ լսվում ու քննության են առնվում զեկուցումներ պարտիայի և կառավարության կարևորագույն որոշումների մասին, ինչպես նաև քննարկվում են արտադրական-տնտեսական գործունեության հարցեր. արհմիութենական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն, օժանդակում է կոմունիստական աշխատանքի շարժման զարգացմանը, ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները, իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների, առանձին արտադրամասերի և բրիգադաների շնորհում է կոմունիստական աշխատանքի կոլեկտիվների կոչում, հաստատում է աշխատանքի պաշտպանության անվտանգության տեխնիկայի և արդյունաբերական սանիտարիայի կանոնները:
8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին կից կազմվում են` գիտա-տեխնիկական խորհուրդ, անտառաշինության հանձնաժողով, կինոլոգիական խորհուրդ և որսորդական շնաբուծության գծով դատավոր-փորձագետների կոչումներ շնորհող որակավորման հանձնաժողով:
Նշված խորհուրդների ու հանձնաժողովների կանոնադրությունները, ինչպես նաև նրանց կազմը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից:
9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու հաստիքները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
10. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերումով և իր անունով կնիք: