ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 1007-Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՌԿԱ ՉԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տեղեկատվական համակարգում ներառված իրավաբանական անձանց, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհունիսի 27-ի N 1007-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՌԿԱ ՉԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տեղեկատվական համակարգում ներառված իրավաբանական անձանց, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք), Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանն ուղղելուն առնչվող հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով սոցիալական բնույթի ծախս է համարվում կենսաթոշակը, նպաստը, պարգևավճարը, պատվովճարը, հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց դրամական պարգևատրումը, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցումը, դրամական աջակցությունը, դրամական օժանդակությունը, դրամական օգնությունը և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ծախսերի հատուցումը (այսուհետ՝ սոցիալական ծախս):
3. Սույն կարգի 1-ին կետում նշված իրավաբանական անձի (այսուհետ՝ իրավաբանական անձ)՝ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու համար այդ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, ում տվյալներն արտացոլված են տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար), գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ներկայացնելով՝
1) դիմում, որում ներառվում են՝
ա. դիմողի՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե նա հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
բ. առևտրային բանկի անվանումը և այդ բանկում բացված՝ իրավաբանական անձի բանկային հաշվի համարը, որից նախատեսվում է կատարել սոցիալական ծախսը.
2) տեղեկանք՝ սոցիալական ծախսերի բնույթի վերաբերյալ, որում ներառվում են սոցիալական ծախսերի՝
ա. նպատակը, համառոտ նկարագրությունը (բնույթը),
բ. ֆինանսավորմամբ լուծվող սոցիալական խնդիրը,
գ. կից ներկայացվող էլեկտրոնային կրիչով տրամադրվող անձանց (այսուհետ՝ շահառու), ում նշանակվել է սոցիալական ծախսը, թիվը, վճարման ենթակա ընդհանուր գումարը.
3) էլեկտրոնային կրիչով (2 օրինակից, որոնցից մեկը պահվում է լիազոր մարմնում) շահառուների տվյալները, որոնք ներառում են յուրաքանչյուր շահառուի՝
ա. անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե նա հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
բ. առկայության դեպքում՝ շահառուի ներկայացուցչի (ում պետք է վճարել շահառուին նշանակված սոցիալական ծախսի գումարը) անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե նա հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց (այսուհետ՝ շահառուի ներկայացուցիչ),
գ. սոցիալական ծախսի տեսակը, վճարման ենթակա գումարի չափը,
դ. առկայության դեպքում՝ այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել սոցիալական ծախսի գումարը:
3.1. Սույն կարգի 3-րդ կետով ներկայացված տեղեկատվության և տվյալների հավաստիության պատասխանատվությունը կրում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը։
(3.1-ին կետը լրաց. 27.12.24 N 2078-Ն)
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ էլեկտրոնային կրիչը) ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) միջոցով շահառուների (առկայության դեպքում՝ նաև նրա ներկայացուցչի) տվյալները համեմատում (համադրում) է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման տվյալների հետ և կազմում է նույնականացված շահառուների ցուցակ, որում ներառվում է՝
1) շահառուի (առկայության դեպքում՝ նաև նրա ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե նա հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).
2) սոցիալական ծախսի տեսակը, վճարման ենթակա գումարի չափը.
3) առկայության դեպքում՝ այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել սոցիալական ծախսի գումարը:
5. Նույնականացված շահառուների ցուցակ չեն ներառվում այն շահառուի (առկայության դեպքում՝ նաև նրա ներկայացուցչի) տվյալները, որոնք սույն կարգի 4-րդ կետում նշված համեմատման (համադրման) օրվա դրությամբ՝ չեն նույնականացվում բնակչության պետական ռեգիստրի տվյալներով կամ ըստ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների՝ մահացած են:
6. Լիազոր մարմինը՝
1) ստացված դիմումը, փաստաթղթերը (այդ թվում՝ էլեկտրոնային կրիչը) և նույնականացված շահառուների ցուցակն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայություն՝ նույնականացված շահառուների ցուցակի վերաբերյալ եզրակացություն (դրական կամ բացասական) ստանալու, անհրաժեշտության դեպքում՝ նույնականացված շահառուների ցուցակում փոփոխություններ կատարելու համար.
2) ստացված դիմումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ գործակալություն)՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները ճշտելու համար.
3) նույնականացված շահառուների ցուցակը ձևավորվելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության միջոցով այդ ցուցակը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով) ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ այդ ցուցակում առկա բանկային հաշվի համարները ճշտելու, իսկ շահառուի անվամբ բանկային հաշվի համարի բացակայության կամ տրամադրված բանկային հաշվի համարի անճշտության դեպքում՝ շահառուի (առկայության դեպքում՝ նրա ներկայացուցչի) անվամբ թողարկված վճարային քարտերի բանկային հաշվի համարները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն բացված հատուկ հաշիվների) ստանալու համար։
(6-րդ կետը փոփ., լրաց. 27.12.24 N 2078-Ն)
7. Գործակալությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է տեղեկատվություն՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները տեղեկատվական համակարգում արտացոլված լինելու կամ չլինելու վերաբերյալ։
8. Ազգային անվտանգության ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է իր եզրակացությունը։ Ընդ որում, եթե եզրակացությունը դրական է, ապա առկայության դեպքում տրամադրում է նաև առաջարկները նույնականացված շահառուների ցուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
9. Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը և գործակալության՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները տեղեկատվական համակարգում արտացոլված լինելու մասին տեղեկատվությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում նույնականացված շահառուների ցուցակը (դրա վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի համաձայն Ազգային անվտանգության ծառայությունից ստացված առաջարկները) ուղարկում է ծառայություն։
(9-րդ կետը խմբ. 27.12.24 N 2078-Ն)
9.1. Եթե Ազգային անվտանգության ծառայությունը տալիս է դրական եզրակացություն և նույնականացված շահառուների ցուցակում կատարում է փոփոխություն (ներառում է նոր շահառուների տվյալներ կամ հանում է շահառուների տվյալներ), ապա լիազոր մարմինը նոր շահառուների տվյալները սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով լրացուցիչ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ այդ տվյալները ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։
(9.1-ին կետը լրաց. 27.12.24 N 2078-Ն)
10. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տվյալները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ծառայությանը տրամադրում է տեղեկատվություն՝ նույնականացված շահառուների ցուցակում նշված բանկային հաշիվների համարների ճշտության կամ ոչ ճշտության վերաբերյալ, իսկ շահառուի անվամբ բանկային հաշվի համարի բացակայության կամ տրամադրված բանկային հաշվի համարի անճշտության դեպքում տրամադրում է շահառուի (առկայության դեպքում՝ նրա ներկայացուցչի) անվամբ թողարկված վճարային քարտերի բանկային հաշվի համարները:
(10-րդ կետը փոփ. 27.12.24 N 2078-Ն)
11. Լիազոր մարմինը մերժում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը և այդ մասին տեղեկացնում է նրան, եթե՝
1) դիմումում ներառված չեն սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բոլոր տվյալները՝ դիմումը ստանալուց (Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվելուց) հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում.
2) դիմումին կից ներկայացված չեն սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված բոլոր փաստաթղթերը՝ դիմումը ստանալուց (Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվելուց) հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում.
3) սույն կարգի 7-րդ կետի համաձայն՝ գործակալությունից ստացվել է տեղեկատվություն՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները տեղեկատվական համակարգում արտացոլված չլինելու վերաբերյալ՝ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում.
4) սույն կարգի 8-րդ կետի համաձայն՝ ստացվել է Ազգային անվտանգության ծառայության բացասական եզրակացությունը՝ այն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում.
5) դիմումը ներկայացվել է սույն կարգի 16-րդ կետում նշված ժամկետից հետո:
12. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը չմերժելու (բավարարելու) դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով նույնականացված շահառուների ցուցակում Ազգային անվտանգության ծառայության կատարած փոփոխությունները, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով կազմում է նույնականացված շահառուների վճարման ցուցակ և տրամադրում է լիազոր մարմնին և բանկին, որտեղ բացված է այդ իրավաբանական անձի բանկային հաշիվը (այսուհետ՝ բանկ): Եթե իրավաբանական անձն ունի տարբեր բանկային հաշիվներ, այդ թվում՝ տարբեր բանկերում, ապա տարբեր բանկային հաշիվների գումարները փոխանցվում են իրավաբանական անձի տնօրենի դիմումում նշված այն բանկային հաշվին, որտեղից նա նախատեսում է կատարել սոցիալական ծախսերը։
(12-րդ կետը լրաց. 27.12.24 N 2078-Ն)
13. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը չմերժելու (բավարարելու) դեպքում այդ մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում (պատասխանում) է վերջինիս՝ տրամադրելով նույնականացված շահառուների վճարման ցուցակը:
14. Լիազոր մարմնի տրամադրած՝ դիմումը չմերժելու (բավարարելու) մասին սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվությունը (պատասխանը) և նույնականացված շահառուների վճարման ցուցակն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը ներկայացնում է բանկ: Սույն կարգի շրջանակներում բանկը վճարումները կատարում է (գումարները փոխանցում է) բացառապես նույնականացված շահառուների վճարման ցուցակով: Նույնականացված շահառուների վճարման ցուցակը ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում վճարման արդյունքների մասին բանկը տեղեկացնում է լիազոր մարմնին և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին։ Տեխնիկական կամ այլ պատճառով վճարումը նշված 20 աշխատանքային օրվանից հետո կատարելու (գումարները փոխանցելու) դեպքում սույն կետում նշված տեղեկատվությունը բանկը տրամադրում է հերթական վճարումը կատարելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
(14-րդ կետը փոփ. 27.12.24 N 2078-Ն)
14.1. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ սույն կարգի 14-րդ կետում նշված վճարումը կատարել՝ գումարը փոխանցել նույնականացված շահառուների վճարման ցուցակում նշված շահառուի բանկային հաշվին (բանկային հաշիվներից որևէ մեկին), ապա գումարը բանկը վճարում է շահառուի ընտրությամբ՝ կանխիկ եղանակով (բանկի սահմանած ընթացակարգերով) կամ անկանխիկ (շահառուի անվամբ բանկում բացում է նոր բանկային հաշիվ և վճարում է այդ հաշվին փոխանցելու միջոցով)։ Այս դեպքում, եթե շահառուն 6-ամսյա ժամկետում բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, գումարը վերադարձվում է իրավաբանական անձի բանկային հաշվին՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին։
(14.1-ին կետը լրաց. 27.12.24 N 2078-Ն)
15. Չնույնականացված շահառուին (առկայության դեպքում՝ նաև նրա ներկայացուցչին) նույնականացնելուց կամ իր բանկային հաշվի մասին շահառուից լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո կամ շահառուի մահվան դեպքում նրան հասանելիք գումարն այլ անձի վճարելու համար սոցիալական ծախսեր կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը սույն կարգով սահմանված կարգով կարող է նորից դիմել լիազոր մարմնին: Այս դեպքում դիմումին ընթացք է տրվում սույն կարգով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով գործակալությունից առաջին դիմումի հիման վրա ստացված տեղեկատվությունը։
(15-րդ կետը փոփ. 27.12.24 N 2078-Ն)
16. Սույն կարգի համաձայն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կարող է դիմել լիազոր մարմնին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ։
(16-րդ կետը փոփ. 27.12.24 N 2078-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.12.24 N 2078-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: