ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0228Ն.24.12.24
24 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 228-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔՅՈՒԱՐ ԿՈԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կամ փոխանցումների պարզ և հարմարավետ իրականացումը, ինչպես նաև ապահովել հաճախորդների հարմարավետությունը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սահմանել, որ ՔՅՈՒԱՐ կոդի միջոցով վճարումներ կամ փոխանցումներ իրականացնող առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կամ փոխանցումների իրականացման ժամանակ պետք է ապահովեն փոխգործելիությունը՝ այդ թվում՝ ՔՅՈՒԱՐ կոդի մեկ միասնական պատկեր ձևավորելու միջոցով:
2. Սույն Որոշման մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) ՔՅՈՒԱՐ կոդ` վճարումների կամ փոխանցումների վերջնական ստացողի կողմից ցուցադրվող երկչափ, մեքենայաընթեռնելի շտրիխ կոդ, որը պարունակում է կոդավորված տեղեկատվություն՝ վերջնական ստացողի վերաբերյալ և ընթեռնելի է համապատասխան վճարային հավելվածի կամ ծրագրային ապահովում ունեցող էլեկտրոնային այլ սարքավորման միջոցով (ՔՅՈՒԱՐ սկաներ, բջջային հեռախոս կամ տեսախցիկ պարունակող այլ նմանատիպ սարքավորում).
2) Փոխգործելիություն՝ գործընթաց, որով ապահովվում է ցանկացած առևտրային բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից ՔՅՈՒԱՐ կոդի կիրառմամբ վճարումների կամ փոխանցումների փոխադարձ ընդունումն ու կատարումը:
3. Սույն որոշման իմաստով ՔՅՈՒԱՐ կոդի միջոցով վճարումներ կամ փոխանցումներ իրականացնող են համարվում այն առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք ապահովում են վճարող կամ փոխանցող համարվող իրենց հաճախորդների կողմից ՔՅՈՒԱՐ կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների նախաձեռնումը կամ ապահովում են վճարումների կամ փոխանցումների վերջնական ստացող համարվող իրենց հաճախորդների կողմից ՔՅՈՒԱՐ կոդի միջոցով նախաձեռնված վճարումների կամ փոխանցումների ընդունումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սույն որոշման 1-ին կետի պահանջը կարող են ապահովել հայաստանյան վճարային համակարգ ստեղծելու կամ գործող որևէ հայաստանյան վճարային համակարգին (համակարգերին) միանալու միջոցով, պայմանով, որ այդ պահանջը ապահովված է ստեղծված կամ գործող hայաստանյան վճարային համակարգի (համակարգերի) կանոններով:
5. Սույն որոշման մեջ օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նշանակությունները, եթե այլ բան չի բխում սույն որոշման բովանդակությունից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ինն ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: