«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2001 թվականի N 978
քաղ. Երևան
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության միջև 1995 թվականի նոյեմբերի 4-ի «Մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 24-ի «Տեխնիկական համագործակցության մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 23-ի «Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրերը, կարևորելով կրթական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, դպրոցական, միջին մասնագիտական, բուհական ու վերապատրաստման եվրոպական կրթական ամբողջական համակարգի ներդրման և եվրոպական զարգացած երկրներում գործող կրթական համակարգի առաջադեմ փորձի, ժամանակակից ինովացիոն ծրագրերի ու եվրոպական չափանիշների կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բավարիայի «ՕՎՑ-Բայերն», Իտալիայի Հանրապետության ու Հարավային Տիրոլ երկրամասի «Բոլզանոյի եվրոպական ակադեմիա», Ավստրիայի Հանրապետության «Մասնագիտական աջակցման ինստիտուտ», Ֆրանսիայի Հանրապետության «Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու Հայաստանի ֆրանսիական համալսարանի և եվրոպական ու միջազգային կրթական այլ կազմակերպությունների հետ մասնակցել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի ստեղծմանը։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի մասնակից։
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, որպես գույքային ներդրում, շենքեր տրամադրելու վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը' աջակցել եվրոպական կրթական համակարգի ներդրման գործընթացին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |