ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2019 թվականի N 89-Ն
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2019 թ. փետրվարի 15
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքեր են համարվում՝
1) 26 տարին լրացած քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.
2) քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարկետում տրված լինելու (որի վերջնաժամկետը համընկնում է քաղաքացու 26 տարին լրանալու հետ) և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն և որպես նշված տարկետման հիմք ընդունված պայմաններ չհանդիսացող նոր նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.
2.1) զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում՝ ներկայում կամ որևէ ժամանակահատվածում, ընդգրկված լինելու կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններում հանդես գալու հանգամանքները.
2.2) Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո օլիմպիական խաղերում 1-3-րդ տեղերը գրավելը կամ շախմատի միջազգային գրոսմայստեր դառնալու հանգամանքը.
3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:
(2-րդ կետը լրաց. 29.04.21 N 661-Ն, փոփ. 28.07.21 N 1214-Ն, խմբ. 14.10.21 N 1684-Ն, խմբ., լրաց. 16.05.24 N 706-Ն, լրաց. 16.01.25 N 30-Ն)
3. Սույն կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում (այսուհետ՝ համապատասխան բնագավառներ) պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:
4. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված՝
1) պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա, կամ՝
2) գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառների հեղինակավոր մասնագետների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների անհատական կամ կոլեկտիվ միջնորդությունների (այսուհետ՝ միջնորդություն) հիման վրա:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը կամ միջնորդությունը պետք է ներառեն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված բացառիկ դեպքերի հիմնավորումները, իսկ եթե առկա են այդ հիմնավորումները հաստատող փաստաթղթեր, ապա դիմումին կամ միջնորդությանը կցվում են նաև այդ փաստաթղթերը, ընդ որում, միջնորդությանը պարտադիր կցվում է քաղաքացու գրավոր համաձայնությունը՝ իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Դիմումը կամ միջնորդությունը կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ստացված դիմումը կամ միջնորդությունը սահմանված կարգով գրանցվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում, որի մասին 3-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց): Սույն կարգի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված դիմումը կամ միջնորդությունը ենթակա չէ հետագա ընթացքավորման և մերժվում է՝ դրա մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու պատճառը:
6. Ստացված դիմումի կամ միջնորդության շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից կարող է առաջարկվել դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ ներկայացնելու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու՝ սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմաններին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում ստացված դիմումը կամ միջնորդությունը քննարկվում է դիմումը կամ միջնորդությունն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը կամ միջնորդությունը կարող է մերժվել՝ եթե քաղաքացին չի բավարարում սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմանները, այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)՝ նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու հիմքերը:
7. Ստացված դիմումի կամ միջնորդության քննարկման շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկումը (քվեարկությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ սահմանված կարգով: Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմին, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմին և դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին:
(հավելվածը լրաց. 29.04.21 N 661-Ն, փոփ. 28.07.21 N 1214-Ն, խմբ. 14.10.21 N 1684-Ն, խմբ., լրաց. 16.05.24 N 706-Ն, լրաց. 16.01.25 N 30-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան