ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 21-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» պարբերությունով՝
«ժ. մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները, դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը, պայմանագրի ապահովման չափը, եթե տվյալ ընթացակարգի շրջանակում պատասխանատու ստորաբաժանման պատճառաբանված որոշմամբ նախատեսվում է կիրառել որակավորման չափանիշներ: Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում էլեկտրոնային աճուրդով գնում կատարելու ընթացակարգի դեպքում,».
2) 22-րդ կետը «Գնման առարկայի բնութագրերը» բառերից հետո լրացնել «և մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները» բառերով.
3) 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ և 43-րդ կետերով՝
«42. Պատվիրատուի կողմից ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքվող պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակում այն անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների ձեռքբերում, որոնք ուղիղ նախատեսված են եղել պատվիրատուին պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերով
43. «Մշակույթի զարգացման» հիմնադրամից, որպես վերջինիս կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկա՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների կարիքների համար մարքեթինգային և վարչատնտեսական գործընթացներին վերաբերող ծառայությունների ձեռքբերում:».
4) 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ. որակավորման չափանիշներին իր համապատասխանությունը հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, իսկ որակավորման չափանիշներ նախատեսված չլինելու դեպքում իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը՝
- չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին,
- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով,
- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,
- պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ,».
5) 32-րդ կետի 9-րդ ենթակետը «տասը տոկոսը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «ժ» պարբերության կիրառման դեպքում՝ առնվազն տասը տոկոսը» բառերով.
6) 32-րդ կետի 19-րդ ենթակետը «և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ներառյալ այն դեպքերը, երբ սահմանված ժամկետում չի շտկում կամ ամբողջական չի շտկում հայտի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները» բառերով.
7) 32-րդ կետի 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ:
Ընդ որում, եթե ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պայմանագրերը կնքվում են օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա առկա ֆինանսական հատկացումների շրջանակում տվյալ տարվա համար կնքված համաձայնագրի (համաձայնագրերի) մասով ներկայացված որակավորման ապահովումը ենթակա է վերադարձման այդ համաձայնագիրը (համաձայնագրերը) կատարողի կողմից ողջ ծավալով պատշաճ կատարվելու և դրա արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու դեպքում, եթե պայմանագրի (համաձայնագրի) կատարումը փուլային չէ: Հետագայում կատարողի կողմից պայմանագիրը չկատարելու հետևանքով միակողմանի լուծվելու դեպքում վերջինիցս գանձվում է պայմանագրի չկատարված մասի համար ներկայացված որակավորման ապահովումն ամբողջությամբ.».
8) 32-րդ կետի 28-րդ ենթակետը «ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը:» բառերից հետո լրացնել «Սույն ենթակետի կիրառման դեպքում ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում.» բառերով.
9) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ ենթակետով՝
«29) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշումը լիազորված մարմինը հրապարակում է տեղեկագրում՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն ենթակետում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը (ծանուցումը) հրապարակելու օրվան հաջորդող տասներորդ օրը: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն գրավոր տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգերորդ օրը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Եթե՝
ա. սույն ենթակետով նախատեսված՝ լիազորված մարմնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալու օրվա դրությամբ մասնակիցը կամ պայմանագիրը կնքած անձը վճարել է հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը, ապա պատվիրատուն տվյալ մասնակցին ցուցակում ներառելու պատճառաբանված որոշումը չի ներկայացնում լիազորված մարմին,
բ. մասնակցի կամ պայմանագիրը կնքած անձի կողմից հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարի վճարումն իրականացվել է լիազորված մարմնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան լիազորված մարմնի կողմից մասնակցին ցուցակում ներառելու համար սահմանված քառասնօրյա ժամկետը լրանալը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` ոչ ուշ, քան տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելը, ապա պատվիրատուն դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին, որի հիման վրա մասնակիցը չի ներառվում ցուցակում:».
10) 33-րդ կետի 12-րդ ենթակետում «Ընդ որում, պայմանագրի կողմը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովումների փոխարինման դեպքում նաև նոր ապահովումները պատվիրատուին ներկայացնում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։» նախադասությունը փոխարինել «Ընդ որում, պայմանագրի կողմը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովումների փոխարինման դեպքում նաև նոր ապահովումները պատվիրատուին ներկայացնում է հրավերով սահմանված ժամկետում, որը չի կարող պակաս լինել համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից հաշված տասն աշխատանքային օրից։» նախադասությամբ.
11) 86-րդ կետի 2-րդ ենթակետի «առաջին փուլի հայտեր ներկայացրած» բառերը փոխարինել «նախաորակավորված» բառով.
12) 109-րդ կետում «Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ֆիզիկական անձը մինչև սույն կետով նախատեսված եզրակացությունը հաստատվելու օրը պատասխանատու ստորաբաժանմանը գրավոր ներկայացնում է դիրքորոշում՝ մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության՝ պայմանագրի պահանջներին համապատասխանության մասին։» նախադասությունը փոխարինել «Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ֆիզիկական անձը մինչև սույն կետով նախատեսված եզրակացությունը հաստատվելու օրը մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության՝ պայմանագրի պահանջներին համապատասխանության մասին պատասխանատու ստորաբաժանմանը գրավոր ներկայացնում է դիրքորոշում՝ այն պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում միաժամանակ ուղարկելով լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։» նախադասությամբ:
2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
