ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1994 թ. N 152
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայկական ատոմային էլեկտրակայանը (այսուհետև` ձեռնարկություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 18-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշման համաձայն հանդիսանում է հատուկ նշանակության պետական ձեռնարկության Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության համակարգում:
2. Ձեռնարկության կարգավիճակը պայմանավորված է`
ա) թողարկող արտադրանքի` էլեկտրաէներգիայի արտադրման ցիկլում միջուկային վառելիքի օգտագործմամբ.
բ) իրականացվող տեխնոլոգիական պրոցեսներում միջուկային և ռադիացիոն գործոնների առկայությամբ, աշխատանքների կազմակերպման, անձնակազմի գործունեությանն ու բարձր որակավորմանը ներկայացվող հատուկ պահանջների, բնապահպան խնդիրների, ձեռնարկության ֆիզիկական պաշտպանության հատուկ կարգավիճակի և այս ամենից բխող ձեռնարկության ամբողջական գործունեության կենտրոնացված կառավարման առանձնահատկություններով:
3. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
4. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք` հայերեն, ռուսերեն և անգլերեն, դրոշմակնիք, ապրանքային նշան:
5. Հայպետատոմհսկողության և ձեռնարկության փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
6. Ձեռնարկությունը ենթակա է ուղղակի կառավարման Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հատուկ լիազորված մարմնի` «Հայատոմէներգո» վարչության կողմից (այսուհետև` վարչություն):
7. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության Հայկական ատոմային էլեկտրակայան, իսկ կրճատ ֆիրմային անվանումը` ՀԱԷԿ:
Ձեռնարկության գտնվելու վայրն է` 377766, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի շրջան, քաղաք Մեծամոր:
II. Ձեռնարկության գործունեության նպատակը և խնդիրները
8. Ձեռնարկության գործունեության նպատակը և խնդիրներն են`
ա) էլեկտրական էներգիայի անվտանգ և տնտեսապես արդյունավետ արտադրության ապահովումը.
բ) գործունեության բոլոր փուլերում ձեռնարկության անվտանգ և հուսալի շահագործման ապահովումը գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան.
գ) թարմ և օգտագործված միջուկային վառելիքի պահպանումը, ձեռնարկության տարածքում պահման ենթակա ռադիոակտիվ թափոնների վերամշակումը.
դ) ընդհանուր միջուկաէներգետիկ ցիկլի մեջ մտնող բոլոր օբյեկտների և տեղակայված սարքավորումների վերանորոգման և կարգաբերման աշխատանքների կատարումը.
ե) ձեռնարկության էներգաբլոկների վերագործարկման հետ կապված արտադրական, սոցիալ-կենցաղային նշանակության օբյեկտների, շինմոնտաժային, վերանորոգման և կարգաբերման, հիմնական ֆոնդերի վերակառուցման, տեխնիկական վերազինման և արդիականացման միջոցառումների իրականացումը.
գ) անձնակազմի պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումների իրականացումը ձեռնարկությունը շահագործող կազմակերպության փաստաթղթերին համապատասխան.
է) ձեռնարկության մասնակցությունը միջուկային էներգետիկ ցիկլի մեջ մտնող սարքավորումների վրա կատարվող փորձերին, հետազոտություններին և գիտատեխնիկական մշակումներին:
III. Ձեռնարկության իրավունքները և պարտականությունները
9. Իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար ձեռնարկությունն իրավունք ունի`
ա) արտադրել էլեկտրաէներգիա և իրացնել այն, ստանալ շահույթ և օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրական վարկեր, այդ թվում տարադրամով.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր, պատասխանատվություն կրել դրանց ժամանակին և որակով կատարման համար, հանդես գալ դատարանում, պետական արբիտրաժում և միջնորդ դատարանում որպես հայցվոր և պատասխանող.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել, վարձակալության տալ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցել գույքային իրավունքներ, լինել գրավառու և գրավատու: Իր սեփական միջոցները ներդնել այլ ձեռնարկություններում և կազմակերպություններում, տրամադրել դրամական փոխառություններ, դրանց ապահովման համար ստանալ և պահել գույք.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել, վերակազմավորել և լուծարել դուստր ձեռնարկություններ, մասնաճյուղեր, բաժանմունքներ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն, արտադրանքի արտահանում և ներմուծում, մատուցել ծառայություններ և կատարել աշխատանքներ օտարերկրյա ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից.
է) ներկայացնել առաջարկություններ պետական պատվերի և պետական առաջադրանքի վերաբերյալ, պլանավորել իր գործունեությունը և զարգացման հեռանկարները` ելնելով ձեռնարկության շահագործման անվտանգության պայմաններից, որոշել այլ կազմակերպությունների համար կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, իրացնել դրանք ձեռնարկության կողմից սահմանված կարգով և սակագներով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ չի սահմանված.
ը) որոշել ձեռնարկության ներքին կազմակերպական կառուցվածքը. ստորաբաժանումների, արտադրական այլ օղակների ցանկը.
թ) ներգրավել բարձր որակավորման աշխատողներ` նրանց հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր, որոշել նրանց աշխատավարձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժ) սահմանված կարգով որոշել ձեռնարկության սպառման ֆոնդերը` աշխատավարձի, արտադրական և սոցիալական զարգացման միջոցները, ապահովագրության (պահուստային) և այլ ֆոնդերը` իր տրամադրության տակ մնացող միջոցների սահմաններում.
ի) որոշել աշխատանքի վարձատրության ձևերը և համակարգը, դրույքաչափերը, խրախուսման ձևերը, հաստիքները և թվաքանակը` ըստ անվտանգության գործող նորմաների և փաստաթղթերի:
Ձեռնարկությունն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
10. Ձեռնարկությունը պարտավոր է`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել հողի և բնական այլ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման հետևանքով պատճառված վնասի, շրջակա միջավայրի աղտոտման, ինչպես նաև աշխատակիցների առողջությանը հասցված վնասի համար.
բ) ժամանակին և արդյունավետ իրականացնել շահագործող կազմակերպության կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա իր գործունեության բացասական ազդեցության նվազեցմանն ու դրա փոխհատուցմանն ուղղված բնապահպան միջոցառումները.
գ) ապահովել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների և կապիտալ ներդրումների նպատակային օգտագործումը.
դ) կատարել աշխատավորական կոլեկտիվի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունները և պատասխանատվություն կրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) կատարել ձեռնարկության աշխատողների սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովել աշխատանքի և հանգստի պայմանները` աշխատանքային պայմանագրերին համապատասխան.
զ) կատարել ԱԷԿ-ի շահագործման անվտանգության նորմերը և կանոնները: Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան կատարել էներգահամակարգի օպերատիվ կառավարման ծառայության պահանջները` էլեկտրաէներգիայի թողարկման մասով.
է) ձեռնարկությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իր գույքով: Ձեռնարկությունը պատասխանատու չէ պետության և նրա մարմինների պարտավորությունների համար, իսկ պետությունը և նրա մարմինները` ձեռնարկության պարտավորությունների համար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
IV. Ձեռնարկության գույքը
11. Ձեռնարկության գույքն են նրա հիմնական և շրջանառու միջոցները, որի կազմի մեջ մտնում են նրան լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանող գույքը, սեփականատիրոջ կողմից տրված տնտեսական գործունեությունից ստացված միջոցները, եկամուտները, հիմնական և շրջանառու ֆոնդերը և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով ձեռքբերված գույքը:
12. Ձեռնարկության գույքի ստացման, այդ թվում ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`
հատկացված կապիտալ ներդրումները.
հիմնական գործունեությունից ստացված շահույթը` ձեռնարկության տրամադրության տակ մնացող մասով.
աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից, ինչպես նաև տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.
սեփականատիրոջ կողմից տրված գույքը, ընդհանուր գործունեության համար տրված ֆինանսական միջոցները, դոտացիաները.
ամորտիզացիոն հատկացումները.
բանկային վարկերը և այլն:
V. Ձեռնարկության ֆինանսատնտեսական գործունեությունը
13. Ձեռնարկության շահագործման բոլոր փուլերում պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից և կիրառվում է նրա վերահսկողության ներքո:
14. Ձեռնարկությունը սահմանված կարգով կատարում է գործունեության արդյունքների հաշվապահական հաշվառում և հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում վարչությանն ու օրենսդրությամբ սահմանված այլ պետական մարմինների:
Ձեռնարկության վիճակագրական և հաշվապահական տվյալները հրապարակման ենթակա չեն:
Ձեռնարկության գործունեության վերահսկողությունն իրականացվում է գործող օրենսդրությանը համապատասխան:
VI. Ձեռնարկության կառավարումը
15. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են տնօրենը և խորհուրդը: Ձեռնարկության գործունեությունը վերահսկվում է վերահսկիչ հանձնաժողովի կողմից:
16. Խորհրդի անդամների 2/3-ը նշանակվում է տնօրենի կողմից, իսկ 1/3-ը ընտրվում է աշխատանքային կոլեկտիվի կողմից:
Խորհուրդն իրավասու է լուծելու այն բոլոր հարցերը, որոնք հանձնարարված են սեփականատիրոջ կողմից:
17. Ձեռնարկության տնօրենը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ներկայացմամբ, վարչության առաջադրմամբ: Նախարարությունը տնօրենի հետ կնքում է կոնտրակտ, որը սահմանում է նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու պայմանները, կոնտրակտի դադարեցման և լուծարման հիմքերը և այլ դրույթներ:
Կոնտրակտի գործունեության ժամկետը լրանալուց հետո կողմերի համաձայնությամբ այն կարող է երկարացվել:
18. Ձեռնարկության տնօրենն իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ձեռնարկության անվտանգ և տնտեսական գործունեության, շահագործման ապահովման, կայանի տարածքի ռեժիմի կազմակերպման և ֆիզիկական պաշտպանության համար:
19. Ձեռնարկության տնօրենն իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է ձեռնարկության գույքը, կնքում է տնտեսական և աշխատանքային պայմանագրեր, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքներ, արձակում է հրամաններ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
20. Ձեռնարկության տնօրենը մինչև կոնտրակտի ժամկետի լրանալը կարող է ազատվել պաշտոնից կոնտրակտում նշված հիմքերով, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
21. Ձեռնարկության տնօրենը չի կարող միաժամանակ հանդիսանալ այլ ձեռնարկության տնօրեն:
22. Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովը հետևում է խորհրդի որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև այլ գործունեության իրականացումը:
Վերահսկիչ հանձնաժողովը կարող է ձեռնարկության գործունեության վերաբերյալ ցանկացած տվյալներ պահանջել ձեռնարկության ղեկավար և այլ աշխատողներից:
Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վարչությանը և ձեռնարկության ղեկավար մարմնին` ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների վերաբերյալ:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել ձեռնարկության տնօրենը և ղեկավար մարմնի անդամները:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ազատում կամ վերընտրություն կարող է իրականացնել միայն ձեռնարկության ղեկավար մարմինը:
23. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն են կազմում ձեռնարկության աշխատողները, որոնք մասնակցում են ձեռնարկության գործունեությանը` օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն իրավասու է լուծելու ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
նախապատրաստել կոլեկտիվ պայմանագրի նախագիծը.
իր ներկայացուցիչների կամ համապատասխան արհմիությունների միջոցով բանակցություններ վարել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ` կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ և հաստատել կոլեկտիվ պայմանագիրը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը քննարկում և լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր հարցերը: Պահանջների բավարարման համար գործադուլի դիմելն արգելվում է:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է:
VII. Ձեռնարկության վերակազմավորումը և գործունեության դադարումը
24. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ նրա գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
