ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 495-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը և ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2․ Հաստատել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 495-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1․ Սույն հավելվածով հաստատված աջակցության ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով նոր ուղղություններից ժամանող ուղևորների թիվը՝ նպաստելով ներգնա ուղևորությունների, Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալների ավելացմանը։
2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2․ Սույն աջակցության ծրագրով տրամադրվում է ֆինանսական օժանդակություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ։
3․ Սույն աջակցության ծրագրի շրջանակներում նոր ուղղություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն բնակավայրերը (այդ քաղաքը սպասարկող բոլոր միջազգային օդանավակայաններով), որտեղ սույն աջակցության ծրագրի շրջանակներում շահառու հանդիսացող ավիաընկերությունների կողմից առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակը միաժամանակ IATA ամառային ժամանակահատվածում (մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ մինչև հոկտեմբերի վերջին շաբաթ օրը) չի գերազանցել 14-ը և IATA ձմեռային ժամանակահատվածում (հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մինչև մարտի վերջին շաբաթ օրը)՝ 10-ը։ Ընդ որում, Գյումրու «Շիրակ» կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայաններից նոր ուղղությունների համապատասխանությունը սույն կետի պահանջներին դիտարկվում են առանձին։
4․ Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությունից փոխադրվող և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր օդային ուղևորի համար հետևյալ սահմանաչափերով՝
1) Գյումրու «Շիրակ» օդանավակայան փոխադրված սույն կետում նշված յուրաքանչյուր օդային ուղևորի համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ.
2) Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրված սույն կետում նշված յուրաքանչյուր օդային ուղևորի համար՝ 20 000 (քսան հազար) դրամ։
5․ Սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար սահմանվում են հետևյալ վերջնաժամկետները՝
1) սույն որոշման պահանջներին համապատասխանող շահառու ավիաընկերությունները պետք է սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկած մինչև 2026 թվականի հունիսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնեն սույն որոշման պահանջներին համապատասխանող այն նոր ուղղությունների մասով տեղեկատվությունը (չվերթերի ուղղությունները, չվերթերը մեկնարկելու ժամկետները, չվերթերի հաճախականությունները), որոնցով շահառու ավիաընկերությունները կանոնավոր չվերթերը մեկնարկելու են սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկած մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում.
2) շահառու ավիաընկերությունները պետք է սույն որոշման պահանջներին համապատասխան նոր ուղղություններով կանոնավոր չվերթերը մեկնարկեն սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկած մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում.
3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածից դուրս ժամանակահատվածում նոր ուղղություններով կանոնավոր չվերթերի մեկնարկի դեպքում սույն որոշմամբ սահմանված ֆինանսական օժանդակության տրամադրում չի իրականացվում։
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6․ Սույն հավելվածով նախատեսված ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է սույն որոշման N 2 հավելվածով շահառու հանդիսացող ավիաընկերություններին հետևյալ կարգով՝
1) չվերթերի մեկնարկից հաշվարկված առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ շահառու ավիաընկերությունը էլեկտրոնային եղանակով դիմում է լիազոր մարմնին՝ գրության մեջ ներկայացնելով չվերթերի ուղղությունները, չվերթեր մեկնարկելու ժամկետները և այդ ուղղություններով կանխատեսվող ուղևորահոսքի ծավալները․
2) լիազոր մարմինը դիմումը ստանալու օրվանից հաշվարկած 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է ավիաընկերությանը դիմումով ներկայացվող ուղղությունների՝ սույն հավելվածի 3-րդ կետով հաստատված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին․
3) շահառու հանդիսացող ավիաընկերությունը սույն որոշմամբ հաստատված պահանջներով չվերթերը մեկնարկելուց և իրականացնելուց ամեն օրացուցային եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում յուրաքանչյուր նոր ուղղության համար առանձին հաշվետվություն՝ հետևյալ ձևաչափով՝
Ուղղության անվանումը |
Իրականացված չվերթերի քանակը |
Նոր ուղղություններից Հայաստանի |
Միաժամանակ, սույն ենթակետում նշված ձևաչափով ներկայացվող տեղեկատվությանը կից, պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները, ցանկում ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն փոխադրված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղևորների մասին ստորև ներկայացված աղյուսակի ձևաչափով հետևյալ տեղեկատվությունը՝
Անունը և |
Ծննդյան |
Սեռը |
Քաղաքա- ցիությունը |
Չվերթի համարը և օրը, որով օդային ուղևորը ժամանել է |
Ընդ որում, սույն ենթակետով ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի «․xls» կամ «․xlsx» ձևաչափի.
4) լիազոր մարմինը 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը ստանալու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն).
5) ծառայությունը 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունը ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին ցանկում ներկայացված այն ուղևորների տվյալները, որոնք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն.
6) լիազոր մարմինը 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կարգով տեղեկատվությունը ծառայությունից ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ավիաընկերությանը այն ուղևորների ցանկը, որոնց համար սույն որոշման բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կտրամադրվի ֆինանսական օժանդակություն.
7) Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններ սույն աջակցության ծրագրի շահառու ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններից փոխադրված և Հայաստանի Հանրապետություն մուտք չգործած օդային ուղևորների համար ավիաընկերություններին ֆինանսական օժանդակություն չի տրամադրվում.
8) ֆինանսական օժանդակությունը լիազոր մարմինը տրամադրում է շահառու ավիաընկերությանը յուրաքանչյուր 2 (երկու) իրար հաջորդող եռամսյակներից հետո՝ ավիաընկերության կողմից դիմում ներկայացնելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում հետևյալ բանաձևով՝
F = N x P,
որտեղ՝
F-ը՝ շահառու ավիաընկերությանը վճարման ենթակա ֆինանսական օժանդակության ընդհանուր գումարն է ամեն նոր ուղղության համար՝ դրամով,
N-ը՝ 2 (երկու) իրար հաջորդող եռամսյակների ընթացքում շահառու ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն նոր ուղղություններից փոխադրված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած և լիազոր մարմնի կողմից հաստատված 2 տարեկանից բարձր տարիք ունեցող օդային ուղևորների ընդհանուր քանակն է,
P-ն՝ յուրաքանչյուր օդային ուղևորի համար շահառու ավիաընկերությանը տրամադրվող ֆինանսական օժանդակության սահմանաչափն է՝ կախված նրանից, թե Հայաստանի Հանրապետության որ օդանավակայանով են օդային ուղևորները մուտք գործում Հայաստանի Հանրապետություն և, որը ներկայացված է յուրաքանչյուր օդանավակայանի համար սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում։
7․ Սույն հավելվածի 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկվող ֆինանսական օժանդակության միջոցները լիազոր մարմինը փոխանցում է շահառու ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բանկերում բացված հաշվեհամարին, որը պետք է շահառու ավիաընկերության կողմից 5-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված դիմումի հետ միասին ամբողջական բանկային ռեկվիզիտներով ներկայացվի լիազոր մարմնին։
8․ Յուրաքանչյուր նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությամբ առաջին չվերթի մեկնարկի օրվանից 24 (քսանչորս) ամսվա համար։
9․ Եթե 8-րդ կետում նշված ժամկետի ընթացքում այլ շահառու ավիաընկերություն նույնպես դիմում է տվյալ նոր ուղղությամբ աջակցության ծրագրից օգտվելու և ֆինանսական օժանդակություն ստանալու համար, ապա, սույն որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում, այն տրամադրվում է մինչև տվյալ նոր ուղղությամբ առաջին ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետի ավարտը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 495-Լ որոշման |
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն որոշմամբ ծրագրի շահառու ավիաընկերություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորված օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են նոր ուղղություններով ուղևորների կանոնավոր առևտրային փոխադրումներ հետևյալ հաճախականությամբ՝ չվերթի մեկնարկի օրվանից IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածում իրականացնում են առնվազն շաբաթական ոչ պակաս 1 չվերթ կամ համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ: Նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետևանքով չիրականացված չվերթերը։
2․ Սույն որոշման իմաստով բազավորված են համարվում այն օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձինք, որոնք`
1) ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղ.
2) օգտագործման իրավունքով (սեփականություն կամ լիզինգ) ունեն առնվազն
2 (երկու) օդանավ, որոնք մշտապես (բացառությամբ չվերթեր իրականացնելու կամ տեխնիկական սպասարկում անցնելու ժամանակահատվածում) գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններից մեկում կամ մի քանիսում, և այդ օդանավերի անձնակազմները (օդաչու, սրահի անձնակազմ) աշխատում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղում.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված օդանավերով են իրականացնում չվերթեր նոր ուղղություններով (սույն պահանջը չի կիրառվում Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթեր իրականացնելու դեպքում)։
3․ Շահառու ավիաընկերությունները սույն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է առնվազն 1 (մեկ) նոր ուղղությամբ չվերթեր իրականացնեն Գյումրու «Շիրակ» օդանավակայան՝ սույն հավելվածի 1-ին կետով սահմանված չվերթերի հաճախականություններին ներկայացվող պահանջներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
