ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 518-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել լրացումներ ու վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի 1169 «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի 11001 «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1396-Ա որոշմամբ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) լուծարման արդյունքում աշխատակիցների աշխատավարձի, հարկային պարտավորությունների և տույժերի արդյունքում ձևավորված (հաշվարկված) 38,939.7 հազ. դրամ ծախսերի մարման նպատակով ՊՈԱԿ-ին հատկացնել ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի ներգրավվածությամբ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 9-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական:
