ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 41-Ա |
«ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով 2025 թվականի ապրիլի 02-ին դիմումի հիման վրա հարուցված թիվ 5 վարչական վարույթի նյութերը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) պարզեց.
2025 թվականի ապրիլի 02-ին Հանձնաժողով մուտքագրված «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) դիմումում նշված է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ ցանցային օպերատոր) կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրեր վերահաղորդելու փաստի վերաբերյալ։
Հանձնաժողովը, հիմք ընդունելով Ընկերության դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 2025 թվականի ապրիլի 02-ին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է թիվ 5 վարչական վարույթը։
«ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը դիմումով հայտնել է, որ Հանձնաժողովի 08․05․2024 թվականի թիվ 46-Ա, 28․06․2024 թվականի թիվ 68-Ա, 17.01.2025 թվականի թիվ 2-Ա և 14․03․2025 թվականի թիվ 19-Ա որոշումներով «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել է վարչական տույժ՝ մի շարք տեսալսողական ծրագրեր առանց համապատասխան վերահաղորդման իրավունքի վերահեռարձակելու համար, սակայն ըստ դիմումատուի, ցանցային օպերատորը շարունակում է ի թիվս այլ տեսալսողական ծրագրերի ապօրինի վերահաղորդել նաև այն տեսալսողական ծրագրերը, որոնց վերահաղորդման իրավունքը տրամադրելու իրավասությունը պատկանում է Ընկերությանը։ Վերջինս հայտնել է նաև, որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության բաժանորդները շարունակում են դիտել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության իրավասության ներքո գտնվող տեսալսողական ծրագրերը, ինչպես նաև մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնց վերաբերյալ ընդհանրապես որևէ դիստրիբյուտոր ծանուցում չի ներկայացրել, խախտելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։
Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչությունը, հիմք ընդունելով Հանձնաժողովի նախագահի 2025 թվականի ապրիլի 03-ի թիվ 15-Ա հրամանը և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և 42-րդ հոդվածով, 2025 թվականի ապրիլի 04-ին ցանցային օպերատորի մոտ իրականացրել է մշտադիտարկում՝ տեղում դիտարկման միջոցով:
Մշտադիտարկման արդյունքում կազմված օպերատորների գործունեության մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) Օրենքի 42-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ ծառայում է որպես վարչական վարույթի ապացույց:
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 03-ի թիվ Ե/04/04․1/290-25 գրությամբ ծանուցել է ցանցային օպերատորին և հայտնել, որ այս հարցի շուրջ կարող է ներկայացնել պարզաբանումներ և բացատրություններ:
Հանձնաժողովը, հարուցված վարչական վարույթի վերաբերյալ տեղեկացրել է նաև Ընկերությանը։
Օրենքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունը ցանցային օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը:
Օրենքի 42-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ եթե օպերատորի ղեկավարը կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձը տեղում դիտարկման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակն առաքվում է փոստով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ցանցային օպերատորի ներկայացուցիչը տեղում դիտարկման պահին ներկա չի գտնվել՝ կազմված Արձանագրության երկրորդ օրինակը Հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 07-ի թիվ Ե/03/03․1/321-25 գրությամբ առաքվել է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությանը։
Ցանցային օպերատորը 2025 թվականի ապրիլի 04-ին կազմված օպերատորների գործունեության մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ Արձանագրության վերաբերյալ առարկություն չի հայտնել, չի ներկայացրել պարզաբանումներ և բացատրություններ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ, ինչպես նաև առ այս պահը Հանձնաժողով չի մուտքագրվել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ամբողջական ցանկը։
Այսպես, Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից 2025 թվականի ապրիլի 04-ին, ժամը 13։45-ից 14։35-ն ընկած ժամանակահատվածում իրականացված տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվել են հետևյալ՝ «Animal planet», «Discovery Channel», «Food Network», «ID», «TLC», «Travel Channel HD», «Eurosport 1», «Eurosport 2», «Filmuadrama», «Bolt», «Star cinema», «Star Family», «НТВ сериал», «HGTV HD», «CNN HD», «Мосфильм. Золотая коллекция», «Cartoon Network», «Cartoonito», «Россия 24», «Plan B», «Suspense», «Cartoon Classics», «Россия K», «Сарафан», «НСТВ», «Т24», «Живая планета», «История», «Наука», «Мульт», «Мама», «Моя планета», «НТВ стиль», «НТВ мир», «НТВ право», «Звезда» և «E TV» տեսալսողական ծրագրերը։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է.
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:»։
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում՝ նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով, իսկ նույն հոդվածի 8-րդ, 9-րդ և 11-րդ մասերը սահմանում են.
«8. Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն:
9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը:»։
Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը սահմանում են․
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։
5. Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ցանցային օպերատորը տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին:»։
Օրենքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին:
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 39 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Նույն օրենքի 65 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։
Հիմք ընդունելով տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև վերոգրյալ իրավական հիմնավորումները՝ Հանձնաժողովն արձանագրում է.
ցանցային օպերատորը տեսալսողական ծրագրերը վերահաղորդելիս պարտավոր էր պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության վկայակոչված պահանջները։
Քննարկվող համատեքստում հատկանշական է, որ ցանցային օպերատորը 2018 թվականի հուլիսի 20-ից հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ (սփռման տարածքը՝ Լոռու մարզ, լիցենզիայի սերիան, համարը՝ ԿՀ N 259, գործողության ժամկետը՝ 20.07.2018թ.-20.07.2028թ․)։
Հանձնաժողովը հարկ է համարում արձանագրել, որ ցանցային օպերատորն, ի թիվս այլնի, պատասխանատվություն է կրում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների կիրարկման ապահովման համար։ Ավելին, վերջինս պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ օրենսդրական պահանջները չպահպանելն առաջացնում է իրավական հետևանքներ։
Տվյալ դեպքում, ցանցային օպերատորը պարտավոր էր պահպանել Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի պահանջը և նույն հոդվածի 5-րդ մասի դրույթի համաձայն վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի փոփոխության դեպքում ևս տեղեկացնել կարգավորող պետական մարմնին:
Այսպես, հիմք ընդունելով Օրենքի դրույթները և ձեռք բերված փաստերը՝ արձանագրում ենք.
«ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունում 2025 թվականի ապրիլի 04-ին, ժամը 13։45-ից 14։35-ն ընկած ժամանակահատվածում իրականացված տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվել են հետևյալ՝ «Animal planet», «Discovery Channel», «Food Network», «ID», «TLC», «Travel Channel HD», «Eurosport 1», «Eurosport 2», «Filmuadrama», «Bolt», «Star cinema», «Star Family», «НТВ сериал», «HGTV HD», «CNN HD», «Мосфильм. Золотая коллекция», «Cartoon Network», «Cartoonito», «Россия 24», «Plan B», «Suspense», «Cartoon Classics», «Россия K», «Сарафан», «НСТВ», «Т24», «Живая планета», «История», «Наука», «Мульт», «Мама», «Моя планета», «НТВ стиль», «НТВ мир», «НТВ право», «Звезда» և «E TV» տեսալսողական ծրագրերը։
«ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ, Հանձնաժողովի 08․05․2024 թվականի թիվ 46-Ա, 28․06․2024 թվականի թիվ 68-Ա, 17.01.2025 թվականի թիվ 2-Ա և 14․03․2025 թվականի թիվ 19-Ա որոշումներով արդեն իսկ կիրառվել է վարչական տույժ՝ Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ և 57-րդ հոդվածի 31-րդ մասերով, սակայն ըստ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության 2025 թվականի ապրիլի 02-ին Հանձնաժողով մուտքագրված դիմումի և Հանձնաժողովի կողմից իրականացված ընկերության գործունեության տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորը շարունակում է ապօրինի վերահաղորդել տեսալսողական ծրագրեր, որոնց օրենքի խախտմամբ վերահաղորդելու համար արդեն իսկ ենթարկվել է պատասխանատվության Հանձնաժողովի համապատասխան որոշումներով։
Ցանցային օպերատորը վարչական վարույթի շրջանակում չի ներկայացրել որևէ բացատրություն և պարզաբանում, չի ներկայացրել նաև Հանձնաժողովի կողմից տեղում դիտարկման ընթացքում արձանագրված տեսալսողական ծրագրերի վերահաղորդելու վերաբերյալ իրավական հիմքեր՝ պայմանագրեր։
Վերը նշված իրավական հիմքերը բավարար են՝ Հանձնաժողովի կողմից Օրենքի դրույթներով սահմանված իրավախախտումն արձանագրելու և ցանցային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար:
Վերոգրյալի համատեքստում Հանձնաժողովը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի համար Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով պարտավորություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։
Հանձնաժողովը նաև փաստում է, որ Օրենքի պահանջին համապատասխան, ցանցային օպերատորի գործունեության դիտարկման արդյունքների հիման վրա 2025 թվականի ապրիլի 04-ին կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվել է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությանը։ Ցանցային օպերատորն Արձանագրության վերաբերյալ առարկություններ չի հայտնել։
Ձեռք բերված փաստերի արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունը՝ «Animal planet», «Discovery Channel», «Food Network», «ID», «TLC», «Travel Channel HD», «Eurosport 1», «Eurosport 2», «Filmuadrama», «Bolt», «Star cinema», «Star Family», «НТВ сериал», «HGTV HD», «CNN HD», «Мосфильм. Золотая коллекция», «Cartoon Network», «Cartoonito», «Россия 24», «Plan B», «Suspense», «Cartoon Classics», «Россия K», «Сарафан», «НСТВ», «Т24», «Живая планета», «История», «Наука», «Мульт», «Мама», «Моя планета», «НТВ стиль», «НТВ мир», «НТВ право», «Звезда» և «E TV» տեսալսողական ծրագրերը վերահաղորդել է առանց համապատասխան վերահաղորդման իրավունքը հավաստող փաստաթղթերի՝ պայմանագրերի։
Հանձնաժողովն արձանագրում է նաև հետևյալը․
Հանձնաժողովի 08․05․2024 թվականի թիվ 46-Ա որոշմամբ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժ։
Հանձնաժողովի 28․06․2024 թվականի թիվ 68-Ա որոշմամբ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը։ Այսինքն, Օրենքի 57-րդ հոդվածի 2-30-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված տույժի եռապատիկի չափով:
Հանձնաժողովի 17.01.2025 թվականի թիվ 2-Ա որոշմամբ ցանցային օպերատորի նկատմամբ ևս կիրառվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով։
Հանձնաժողովի 14․03․2025 թվականի թիվ 19-Ա որոշմամբ ցանցային օպերատորի նկատմամբ ևս կիրառվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով։
Հանձնաժողովը կրկին արձանագրում է, որ ցանցային օպերատորը 2018 թվականի հուլիսի 20-ից հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ և ունենալով Օրենքի առջև հստակ պարտավորություն, և ավելին բազմաթիվ անգամ ենթարկվելով պատասխանատվության նույն արարքի համար շարունակում է խախտել սահմանված Օրենքի դրույթները։
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը՝ Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ:
Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե` Հեռարձակողը սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք:
Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են։
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումով.
«Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:»։
Վերոգրյալից ելնելով, Հանձնաժողովն արձանագրում է, որ առկա է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք, քանի որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունը մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո կրկին նույն տարվա ընթացքում կատարել է Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերը, 42-րդ հոդվածի 1-ին, 8-րդ, 9-րդ և 11-րդ մասերը, 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 60-րդ հոդվածի 8-րդ մասը, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 65-րդ հոդվածի 1-ին մասերը, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
ՈՐՈՇԵՑ
1. «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողությունը կասեցնել 30 (երեսուն) օր ժամկետով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն վարչական վարույթի մասնակիցներին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2025 թ. ապրիլի 28 ք. Երևան |
